Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում 30 երկրի 350 մարզիկների մասնակցությամբ անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները` վաստակելով ևս երկու մեդալ: Բրոնզե պարգևների արժանացան պատանիների մրցաշարում ելույթ ունեցած 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և երիտասարդների մրցապայքարի մասնակից՝ 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը:
Հիշեցնենք, որ մրցումային 2-րդ օրը բրոնզ էր նվաճել նաև պատանիների մրցաշարում 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, իսկ 1-ին օրը պատանիների առաջնությունում ելույթ ունեցած Էդմոն Մանուկյանը (48 կգ) և Դանիել Գաբրիելյանը (60կգ) տանուլ էին տվել միայն եզրափակիչ գոտեմարտերը և արժանացել էին աշխահի փոխչեմպիոնի տիտղոսին ու պարգևատրվել էին արծաթե մեդալով: Այնպես որ, Ռիգայում մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ու 2 մարզիչների ղեկավարությամբ հանդես եկած ՀՀ պատվիրակության 13 մարզիկներից 5-ին հաջողվեց դառնալ մրցանակակիր: Հայաստանի սամբիստները Լատիայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նվաճեցին 2արծաթե և 3 բրոնզե մեդալ: 
Երեկ մրցումների եզրափակիչ օրը սփյուռքահայ սամբիստները կրկին անմասն չմնացին խաղարկվող պարգևներից: Այսպես, պատանիների առաջությունում 56 կգ քաշային կարգում Ռուսաստանի ընտրանին ներկայացրած Վլադիրմիր Մնացականյանը հասավ եզրափակիչ ու, միան այստեղ զիջելով ադրբեջանցի Նարիման Ահմադովին, դարձավ աշխարհի փոխչեմպիոն ու արժանացավ արծաթե մեդալի: Երիտասարդների մրցումներում 57 կգ քաշային կարգում ՌԴ-ի պատվիրակ Արկադի Գևորգյանը բրոնզե մեդալ նվաճեց: Հիշեցնենք, որ մինչ այդ սփյուռքահայ սամբիստներից Ռուսաստանի հավաքականում ընդգրկված Կրասնոդարի երկրամասի պատվիրակներից երկուսը՝ Էդուարդ Մուրադյանը (48կգ) և Ռուդոլֆ Յավրումյանը (52կգ), այս ստուգատեսում հռչակվեցին աշխարհի չեմպիոն, իսկ երիտասարդների մրցաշարում ելույթ ունեցած մոսկվացի Գելա Ամարյանը գրավեց 3-րդ տեղն ու իր ակտիվում գրանցեց բրոնզե մեդալ: Այնպես որ, ՌԴ-ի հավաքականին հայազգի սամբիստներն ընդհանուր առմամբ պարգևեցին 2 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել