40 տարուց ավել է, ինչ ապրում եմ Երևանում: Չգիտեմ` դա ինձ իրավունք է՞ տալիս խոսել Երևանի մասին` որպես իմ քաղաքի: Բնիկ երևանցիները շատ խանդոտ են այս հարցում: Բայց թող այսօր ներողամիտ լինեն: Ես ինձ համարում եմ Երևանի մի մասնիկը և ուր էլ լինեմ` կարոտում եմ ու սրտատրոփ սպասում վերադարձիս: Այսօր առիթը կա, և ուզում եմ ասել, թե ինչու եմ այսքան կապված իմ սիրելի քաղաքին: 
Առաջինը դա երևանյան ազատությունն է: Ես ուղղակի ըմբոշխնում եմ այն: Հասկանում եմ, որ ազատության առումով մեր հասարակությունն այսօր լուրջ խնդիրներ ունի: Բայց ես հայաշխարհում և ոչ մի այլ տեղ այնպես ազատ չեմ զգում` ինչպես Երևանում: Ես այստեղ կարող եմ արտահայտել իմ ամենահամարձակ կամ ոչ այնքան համարձակ մտքերը, ասել` ինչ զգում եմ և համոզված եմ`ինձ միշտ էլ հասկացողներ և իմ տեսակետը հարգողներ կլինեն: 
Երկրորդ, աշխարհում ոչ մի տեղ ես այնպես չեմ զգացել հայ տաղանդավոր մարդու շունչը` ինչպես Երևանում: Ես ուղղակի երջանիկ եմ` որ ամեեն օր կարող եմ հանդիպել, բարևել և երբմեն էլ զրույցի բռնվել մարդկանց հետ, որոնց նմաններին աշխարհի և ոչ մի անկյունում չեք կարող գտնել: Ես շշմելու չափ զարմանում և հրճվում եմ, թե ինչքան տաղանդավոր մարդիկ կան Երևանում: Երբեմն էլ մի փոքր տխրում եմ` թե ինչու են նրանցից շատերը չգնահատված, և մենք ինչու ենք այդքան անտարբեր նրանց հանդեպ:
Եվ երրորդ, ես ուրիշ ոչ մի տեղ այսքան գեղեցիկ` շլացուցիչ գեղեցիկ, հասկացող ու աջակցող կանայք և աղջիկներ չեմ տեսել: Այս մասին ես ավելին ուղղակի չեմ ասի... 
Սա ճաշակի, գովասանքի կամ սնապարծության հարց չէ: Սա իմ կյանքն է: 
Ու եթե մի քիչ փոխեմ սիրված երգի խոսքերը, կարող եմ հավաստել`
Սիրում եմ քեզ իմ Երևան`
Ու լավ գիտեմ ինչի համար:
Շնորհավոր մեր սիրելի քաղաքի և քաղաքացիների տոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել