Ավարտին մոտեցան Հայաստանի առաջնության 32-րդ տուրի հանդիպումները, որոնք նաև վերջինն էին 2012 թվականի շրջանակներում, մնացած 10 տուրերը կկայանան 2013 թվականի գարնանը, և դրանով կավարտվի Հայաստանի 21-րդ առաջնությունը: Այս առաջնությունից հետո Հայաստանի առաջնությունն կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով: Այժմ` անդրադառնանք 32-րդ տուրի կայացած հանդիպումներին: Տուրն աչքի ընկավ միջին արդյունավետությամբ, և կայացած 4 խաղերում գրանցվեց 8 գոլ: Այսինքն` մեկ խաղում միջինը 2 գոլ:
Հայաստանի 21-րդ առաջնության 32 տուրը մեկնարկեց դեկտեմբերի 1-ին Արարատի «Այգ» մարզաբազայում կայացած «Իմպուլս» - «Արարատ» հանդիպումով: Հանդիպումն ընթացավ հետաքրքիր պայքարում, սակայն գրանցվեց ընդամենը մեկ գոլ, այն էլ հանդիպման սկզբում՝ հենց առաջին րոպեին, երբ աչքի ընկավ «Արարատի» հարձակվող Գևորգ Նռանյանը` գրավելով դիլիջանցիների դարպասը: Հանդիպման ընթացքում 2 թիմերի կողմից էլ եղան դարպասի գրավման բազմաթիվ առիթներ, բայց հանդիպման հաշիվն այդպես էլ չփոխվեց և «Արարատը» տոնեց անակնկալ հաղթանակ՝ հյուրընկալվելիս հաղթելով «Իմպուլսին» 0:1 հաշվով:
Դեկտեմբերի մեկին կայացավ ևս մեկ հանդիպում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ մրցավեճի դուրս եկան Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսը» և չեմպիոնության համար պայքարող «Միկան»: Այս հանդիպման ընթացքում ևս գրանցվեց ընդամենը մեկ գոլ, և նյարդային պայքարում կարողացավ հաղթող դուրս գալ «Միկան»: «Միկայի» հաղթական գնդակը խփեց Վարդգես Սաթումյանը հանդիպման 85-րդ րոպեին:
Տուրի նախավերջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 2-ին, երբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին»: Այս հանդիպումը ուներ 3-րդ հորիզոնականի արժեք, քանի որ «Իմպուլսը», զիջելով «Արարատին», գործնականում կորցրել էր 3-րդ հորիզոնականը ձմեռային ընդմիջմանն ընդառաջ: Այս խաղի միավորների արժեքը բարձր էին գնահատում 2 թիմերն էլ, դրա համար խաղն ընթացավ հանգիստ պայքարում, և 2 թիմերն էլ չէին ուզում ավելորդ ռիսկի դիմել: Սակայն հանդիպման 20-րդ րոպեին բացվեց հանդիպման հաշիվը, և հաշվի մեջ առաջ անցան Կապանից ժամանած հյուրերը Դիակարիդիա Դումբիայի գոլի շնորհիվ: Մնացած ժամանակահատվածում «Գանձասարը» անցավ խորը պաշտպանության, իսկ «Փյունիկն» էլ սկսեց տիրել գնդակին և ստացավ հսկայական տարածքային առավելություն: Կարծես թե ավելի գրագետ էր Սևադա Արզումանյանի ընտրած տակտիկան, և երբ ընթանում էր հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեն «Գանձասարի» ֆուտբոլիստները կարծես թե ժամանակից շուտ հավատացել էին իրենց հաղթանակին և դրա համար պատժվեցին, քանի որ «Փյունիկից» հանդիպման հաշվի հավասարակշռությունը կարողացավ վերականգնել Դավիդ Մանոյանը հանդիպման 94-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի 21-րդ առաջնության 32-րդ տուրն ավարտվեց, և թիմերը գնացին ձմեռային ընդմիջման դեկտեմբերի 3-ին Երևանի «Բանանց» մարզադաշտում կայացած «Բանանց» - «Շիրակ» հանդիպումով: Այս հանդիպման միավորների արժեքը ևս բարձր էր 2 թիմերի համար էլ, քանի որ «Միկան» հաղթել էր մրցակցին և «Շիրակի» հետ միավորների տարբերությունը կրճատել, հասցրել էր 2-ի, իսկ «Արարատն» էլ, հաղթելով մրցակցին, շրջանցել էր «Բանանցին» և վերջինս հայտնվել էր վերջին հորիզոնականում, ու միայն չպարտվելու դեպքում հետ կվերադարձներ 7-րդ հորիզոնականը: Տուրի ամենագոլառատ պայքարում տանտերերն առաջին 6 րոպեների ընթացքում 2 անգամ կարողացան գրավել գյումրեցիների դարպասը Հովհաննես Համբարձումյանի և Արարատ Առաքելյանի գոլերի շնորհիվ: Սակայն առաջ անցնելով նշենք, որ անգամ 2 գնդակի առավելությունը հաղթանակ չապահովեց «Բանանցի» համար, քանի որ «Շիրակը» նախ` 42-րդ րոպեին Իսմայել Ֆոֆանա Բեկոյի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև` 55-րդ րոպեին էլ, Լի Յամին Յորոն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարությունը: Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չարձանագրվեցին, և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով:
32-րդ տուրի կայացած հանդիպումներից հետո, անդրադառնալով մրցաշարային աղյուսակին, պետք է նշել, որ վերջին` 8-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ «Արարատը» 32 խաղից վաստակած 24 միավորով, 7-րդ հորիզոնականում էլ տեղ է գտել «Բանանցը», որը ևս 32 տուրից հետո վաստակել է ընդամենը 24 միավոր: 6-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ գործող չեմպիոն «Ուլիսը» 32 տուրից վաստակած 32 միավորով: 5-րդ հորիզոնականում գտնվում է «Փյունիկը» 32 խաղից վաստակած 46 միավորով, 4-րդ հորիզոնական է նահանջել Դիլիջանի «Իմպուլսը» 32 խաղից վաստակած 48 միավորով: Լավագույն եռյակը բացում է «Գանձասարը»՝ 32 խաղից վաստակած 48 միավորով: 2-րդ հորիզոնականում գտնվում է «Միկան»՝ 32 խաղից վաստակած 66 միավորով: Իսկ «Շիրակն» էլ ձմեռային ընդմիջումից առաջ շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում 32 խաղից վաստակած 69 միավորով: Հետևելով մրցաշարային աղյուսակին՝ պետք է փաստել, որ Հայաստանի առաջնությունում բոլոր հորիզոնականների համար պայքարը սրվեց:
Նյութի աղբյուր՝ http://goaliseum.blogspot.com/2012/12/armenia-32-week.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






