Այսօր ամենուր կարևորված է ձևը և ոչ ոք ուշադրություն չի դարձնում բովանդակությանը: Մեր հասարակական-քաղաքական դաշտում ինչ անվանման, ինչ ցուցանակի ասես չես հանդիպի: Կան կոմունիստներ ու սոցիալիստներ, ովքեր տեղյակ անգամ չեն Մարքսի և Լենինի մտահղացումներից, կան ազգայնականներ, որոնք փառաբանելով Գարեգին Նժդեհի անձը, իրենց ամենօրյա վարքագծով ու ապաշնորհ կառավարմամբ թքում են Նժդեհի ու Նժդեհյան գաղափարների վրա, կան ժողովրդավարներ ու լիբերալներ, որոնք թութակի պես կրկնելով մարդու իրավունքների ու ազատականության մասին կարծրատիպերը, ձգտում են իրենց իսկ անշնորհք կառավարման հետևանքով իրենց կորցրած իշխանության վերականգման ու անձնական արտոնությունների, կա այսպես կոչված օլիգարխների և բարձրագույն պաշտոնյաների մի մեծ խումբ էլ, ովքեր անվերջ բարբաջում են մարդկանց բարօրության ու բարգավաճման մասին, սակայն նրանց գործունեության միակ նպատակը իրենց փողերի ու դիրքերի պահպանումն է: Սրանց շարքն անվերջ է, շարունակելը՝ անիմաստ: Մեկ բան է կարևոր: Ցուցանակներին պետք չէ հավատալ:
Ցուցանակներն ամենուր են: Էլ Հանրապետական ու քրիստոնյա-դեմոկրատական, էլ ազգային կամ հին ու նոր ժողովրդավարական, էլ հնչակյան ու դաշնակյան, էլ օրինաց, էլ բարգավաճ, էլ… Էլ ո՞րն ասենք, էլ որը: Այս ձևականությունների ու ստի ցուցակուն է ամեն բան: Նախարարություններն ու գերատեսչությունները, ազգային ժողովներն ու հանրային խորհուրդները ամեն տեսակ հասարակական կազմակերպություններն ու խմբավորումները… Ամեն ամեն բան: Այս ստերի շարքին է նաև երկրի բարձրագույն օրենքը՝սահմանադրությունը:
Ամենևին կարևոր չէ, թե երկրի կառավարման համար ի՞նչ ձև է ընտրված: Խորհրդարանական է այն, թե կիսանախագահական, միապետական է, թե ժողովրդավարական՝ բնավ նշանակություն չունի: Հազարապատիկ ավելի կարևոր է, թե լայնախոհությամբ ու վեհությամբ, բարձրագույն բարոյականությաբ ու մարդկային առաքինություններով օժտված մարդիկ, հասարակության, առավել ևս երկրի կառավարման համակարգի ո՞ր մասն են կազմում: Եթե հասարակության 80-90% այդպիսի մարդկանցից է բաղկացած, մենք խնդիր չունենք: Այդպիսի՞ն է արդյոք մեր հասարակությունը: ԻՀԱՐԿԵ ՈՉ: Հետևաբար ինչպիսին էլ լինի սահմանադրությամբ հաստատված կառավարման համակարգը, ինչպիսին էլ լինեն ընտրությունները, մենք ստանալու ենք նույն արդյունքը: Մենք ունենալու ենք քավորասանիկախնամիական կապերով միաձուլված մարդկանցով կառավարվող մի պետություն: