Ինձ համար անտարբերությունը հասարակության լուրջ հիվանդ լինելու առաջին ու լրջագույն սիմպտոմներից մեկն է: Մտածող մարդը տեղի ունեցող երևույթների նկատմամբ միշտ պետք է որոշակի վերաբերմունք ունենա՝ դրական կամ բացասական: Բայց անտարբեր լինել չի կարող: Անտարբեր լինում եմ միայն նրանք, ովքեր զուրկ են մտածելու ունակությունից: Ասենք, ինչպե՞ս կարելի է անտարբեր լինել, երբ հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս ու ծեծվում ու սպանվում են, երբ տանդ դիմացի այգին կտրում են ու տեղը հերթական անճաշակ կառույցն են հրամցնում....
Եթե մարդը մի քիչ մտածելու ունակություն ունի, ապա նա երբեք չի կարող այս ամենի նկատմամբ անտարբեր լինել: Նույնիսկ ԽՍՀՄ վերջին տարիներին՝ սովետական հզոր պրոպագանդայի պայմաններում, անտարբերության նման մթնոլորտ չկար, ինչպես հիմա: ԽՍՀՄ տարիներին մարդիկ նույնպես աղճատված տեղեկատվություն էին ստանում, բայց մտածելու ընդունակություն ունեին, լավը վատից, թացը չորից տարբերելու ցանկություն կար: Տեղեկատվությունը նորմալ չէր, բայց եթերը լցված չէր մարդկանց ուղեղները իրոք լվացող անճաշակ, տխմար, ոչինչ չասող հաղորդումներով, մեկը մյուսից անիմաստ ու տաղտուկ շոուներով: Մարդիկ գաղտնի, բայց քննարկում էին ամեն ինչ: Իսկ հիմա կա մի հսկայական զանգված, որը բացարձակապես թքած ունի տեղի ունեցող բոլոր երևույթների վրա - տեղը տաք լինի, փորը՝ կուշտ, ու ուրիշ ոչինչ պետք չէ:
Ու ինչպե՞ս ենք մենք հասել այս ամենին: Մարդկանց համոզել են, որ իսկական արժեքները հանուն որոնց պետք է ապրել, այն ամենն է, ինչը մեզ առավոտից իրիկուն հրամցնում են հեռոուստատեսությամբ ու գունավոր ամսագրերով: Նկատե՞լ եք, թե որքան են Հայաստանում շատացել տարբեր տեսակի ամսագրերը - VIP, EL STYLE, ELITE LIFE, ու Աստված գիտի էլ ինչ: Կերեք, առեք, հագեք, սպառեք ու մի բողոքեք, էլ ի՞նչ եք ուզում դրանից ավել: Տասը տարի նախագահի մակարդակով մեզ համոզել են, որ տնտեսական աճի գլխավոր ցուցանիշը Երևանի կենտրոնում բացվող սրճարանների ու խանութների քանակն է: Եթե շատ ունես դրանցից, ուրեմն լավ ես ապրում, ուրեմն եվրոպացի ես, ու ամեն ինչ լավ է:
Անտարբեր զանգվածն ամենահեշտ կառավարվող զանգվածն է: Ուրեմն ամեն կերպ պետք է հասնել այդ անտարբերությանը: Հասնել նրան, որ անտարբերները կազմեն բացարձակ մեծամասնություն, որ նրանք այնքան կապվեն իրենց համար կյանքի իմաստ դարձած «կաֆե», խանութ, հեռուստացույց, կոշիկ, շոու, որ որևէ բանի դեմ բողոքողին իրենց ձեռքով սատկացնեն ու չթողնեն, որ բանը հասնի փաշեքին: Ու փաշեքը կասեն, որ մեծամասնությունը դեմ է որևէ բան փոխելուն:
Իսկ ամենասարսափելին այն է, որ հասել են նրան, որ մեր ողջ կրթական համակարգն է հիմա կառուցված անտարբերության վրա: Համալսարանը, որը պիտի բոլոր փոփոխությունների շարժիչ ուժը լիներ, հայտնվել է մի խումբ ստրկամիտների ձեռքին, որոնց միակ նպատակը իրենց նմաններին դաստիարակելն է: Իսկ ուսանողության մեծ մասը դա ընդունում է այնպես, ինչպես կա, ու բոլորովին ցանկություն չունի դրա դեմ որևէ բան անելու:
Անտարբերության սերմանումը սկսել են տարրական դպրոցից: Մեկը չի հարցնում՝ քսան տարի է բարեփոխում ենք դպրոցը, ինչի՞ է մեր կրթության մակարդակը գնալով իջնում: Այո, հենց այս տարիքից է պետք երեխաներին մեծացնել անգրագետ: Որքան անգրագետ, այնքան քեզ շրջապատող աշխարհի նկատմամբ առանց հետաքրքրության, հետևապես՝ անտարբեր: Եկեք դպրոց, ու առաջին օրվանից ուսուցիչները ձեր երեխային կգնահետեն նրան դասի բերած ավտոմեքենայով, ծնողի հագուկապով, երեխայի հեռախոսով, հետո փող հավաքելու գործընթացին մասնակցելու պատրաստակամությամբ, այբբենարանի հանդեսին զալը փակելու ունակությամբ, առաջին դասարանից երեխայի ծնունդը ռեստորանում անելու հնարավորությամբ: Ու առը քեզ կրթություն: Հիմա այդ երեխայի գլուխը ինչքան ուզում ես գրականություն, պատմություն, աշխարհագրություն ու ֆիզիկա մտցրու նորագույն, բարեփոխված մեթոդոլոգիայով: Երեխան արդեն ձևավորել է արժեքային իր համակարգը՝ թանկ հեռախոս, ավտո, ռեստորան: Ու վաղը այս սերնդին արի ու բացատրի, որ մարդու համար ավելի բարձր արժեքներ կան՝ ազատություն, իրավունքներ:
Մեր երկրում անտարբերությունը քարոզվում է պետական մակարդակով: «Եղունգ ունես՝ գլուխդ քորի» ասացվածքը բարձրացրել, հասցրել են պետական քաղաքականության մակարդակի: Մարդկանց համոզել են, որ հասարակական/կոլեկտիվ օգտակարություն կատեգորիան գոյություն չունի, որ մարդու իրավունքներն ու ազատությունները արժեք չեն: Տասը տարի քարոզել են լավ տղու, հարուստի գաղափարը ու ամեն կերպ ոչնչացրել են արդարադատության հասկացությունը: Թքել են բոլոր սրբությունների վրա ու լափելը դարձրել են սրբություն: Միզել են մշակույթի վրա ու որպես մշակույթ հրամցնում են գռեհկությունն ու անճաշակությունը: Մեծացնում են սերունդ, որը պիտի բավարարված լինի դեմը քցած մի կտոր հացով ու գոհ ու շնորհակալ լինի փաշեքից, որ իրեն գոնե ապրելու իրավունք են տվել, բայց պիտի միշտ վախենա, որ այդ իրավունքն էլ կարող են խլել: Անգրագիտություն ու վախ, հաց ու տեսարաններ - «Panem et circenses» սկզբունքը դեռ ոչ մեկը չեղյալ չի հայտարարել, ու դրա դեմ պայքարելու փոխարեն մենք ավելի ու ավելի ենք խրվում դրա մեջ: Տվեք մեզ հաց ու մի կտրեք մեզ մեր համար սովորական դարձած առօրյայից, ու մենք կլռենք, ու մենք կլինենք ձեր «ստրուկը»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/375890739170004
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել