Իսրայելյան բանակի զինվորը Երևան գալով պարզել է, որ նաև Հայաստանի զինապարտ էPanarmenian.net-ը գրում է.

Իսրայելյան մամուլն անդրադարձել է երկրի քաղաքացի Էրիկ Մարտոյանի հետ Հայաստանում պատահած դեպքին: Մարտոյանը՝ երկրի բանակի գործող զինծառայող հանդիսանալով, ժամանել է Երևան, որտեղ պարզվել է, որ նա ՀՀ զինապարտ է, ու պետք է երկու տարի ծառայի հայկական բանակում: Զինվորի մոտ ծագած խնդիրն առկախված է մնացել. լքել Հայաստանը և Իսրայել վերադառնալ նա չի կարողանում:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Մարտոյանը պատմեց, որ 21 տարեկան է, Հայաստանից ընտանիքի հետ հեռացել է մոտ 15 տարի առաջ, այդ ընթացքում երկիր չի այցելել: Մարտոյանը 2 տարի և 3 ամիս ծառայում է իսրայելական բանակում, օդանավերի մեխանիկ է, ունի սերժանտի կոչում: Ստանալով մեկշաբաթյա արձակուրդ, նա որոշել է անցկացնել այն Հայաստանում: Օդանավակայանում, սակայն, պարզվել է, որ նա նաև ՀՀ զինապարտ է, պիտի ստանա հայկական անձնագիր և ներկայանա զինկոմիսարիատ՝ ծառայություն անցնելու համար: Մարտոյանը, սակայն ասում է, որ մինչև Հայաստան գալն՝ անցած 15 տարիների ընթացքում, որևէ համապատասխան ծանուցում նրան երբեք չեն ուղարկել: Նա նշում է նաև, որ 2001 թվականին, Հայաստանից հեռանալուց, իր ընտանիքը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում է գրել, սակայն պատկան մարմինները պնդում են, որ նման դիմում չեն ստացել:

«Ես Հայաստանը չեմ մեղադրում, Հայաստանը իմ հայրենիքն է, մեղադրում եմ Իսրայելը», - նշում է նա, հավելելով, որ բազմիցս փորձել է օգնություն ստանալ իսրայելական կողմից, սակայն նրան այս ողջ ընթացքում «ոչ մի անգամ նույնիսկ չեն զանգել»:

Մարտոյանը պատմեց նաև, որ դեռևս 9 ամիս պիտի ծառայի Իսրայելի բանակում: Նա տեղեկացրել է բանակային ղեկավարությանն իրավիճակի մասին, վերադառնալուց հետո զինվորի մոտ խնդիրներ չեն ծագի:

Իր հերթին, Times of Israel պարբերականը գրում է, որ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ տեղյակ է խնդրի մասին, իսկ Վրաստանում երկրի հյուպատոս Շմուել Մեյրոմը զբաղվում է հարցով: Հայտարարության համաձայն, ՀՀ փոխարտգործնախարարը ևս խոստացել է զբաղվել հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել