ՄՆԱՑԵՔ ՄԵԶ ՀԵՏ…

Դուք դեռ չե՞ք դիմել ամերիկյան գրին քարտ ստանալու համար: Շտապեք՝ հոկտեմբերն անցնում է, նոյեմբերին արդեն ուշ կլինի: Ստիպված պիտի սպասեք մինչեւ հաջորդ տարի, իսկ հաջորդ տարի մենք բոլորս, շատ հավանական է, կհայտնվենք արդեն բոլորովին այլ իրավիճակում՝ պառլամենտական հանրապետությունում: 
Իհարկե, դա էլ կարող է լրացուցիչ փաստարկ լինել Ամերիկա տեղափոխվելու համար, բայց եթե մտնեք ամերիկյան դեսպանատուն ու պատճառաբանեք՝ ուզում եմ գնալ Ամերիկա, որովհետեւ սիրում եմ ձեր նախագահական համակարգը, իսկ պառլամենտական համակարգը շատ վատ է ազդում իմ առողջության վրա, ձեզ կարող են շատ հիմնավորված պատասխանել՝ ՙԻսկ ինչ է՝ միայն Ամերիկա՞ն է նախագահական երկիր, ձեր հարազատ Եվրասիական միությունում բոլորն էլ նախագահական են՝ գնացեք Ղազախստանի կամ նույնիսկ Ղրղզստանի գրին քարտ հայցեք՚:
Բայց եթե այնուամենայնիվ արդեն դիմել եք ամերիկյան այն կանաչ փասթաթուղթը ստանալու համար, մի բան հարցնեմ: Իսկ ինչու եք վստահ, որ Ամերիկան չի ազդելու ձեր առողջական վիճակի վրա: Այնտեղ բոլորը գեր են: Լավ, բոլորը չէ, ըստ պաշտոնական տվյալների՝ գիրացած է ամերիկացիների 66 տոկոսը՝ երկու երրորդը: Չգիտեմ՝ միայն քաղաքացիություն ունեցողներն են այնտեղ չաղանում, թե գրին քարտ ստացողներն էլ են հայտնվում այդ վտանգի առջեւ, բայց, համաձայնեք, հավանականությունը շատ մեծ է, որ դուք էլ կչաղանաք: Իսկ հակառակ Հայաստանում շրջանառվող վարկածի՝ չաղ՝ ամենեւին միշտ չէ, որ նշանակում է նաեւ բախտավոր: էլի պաշտոնական տվյալներ բերեմ՝ վերջերս սոցիոլոգիական հայտնի ընկերություններից մեկը 50 տարեկան ամերիկացիներին հարցրել է՝ «Արդյոք դուք երջանի՞կ եք»: Դրական պատասխան է տվել հարցվածների ընդամենը 12 տոկոսը, այսինքն՝ գրեթե 10-ից մեկը: Ու այսքանից հետո էլ դուք ուզո՞ւմ եք գնալ մի երկիր, որտեղ 10-ից 9-ը դժբախտ են: 
Եւ ամենագլխավորը՝ դուք ինչու եք ձեր հույսը դրել միայն այդ կանաչ փաստաթղթի վրա, չէ որ այդ վիճակախաղը ի վերջո բախտի բան է, իսկ բոլորին հայտնի է, որ հայերը բախտի հետ, ինչպես ժողովուրդն է ասում, այնքան էլ չունեն: 
Ամերիկայում հայտնվելու բազմաթիվ այլ ձեւեր կան: Սկսեմ ամենահեշտից: Ընդամենը կես միլիոն՝ 500 հազար դոլար ներդնում եք ամերիկյան տնտեսության մեջ ու այդ գրին քարտը ձեզ տալիս են: Մի վախեցեք գործ դնել Ամերիկայում, այնտեղի պետական չինովնիկները, որոնցից կախված է ձեր բիզնեսի հաջողությունը, փայ չեն մտնում:
Եթե 500 հազար դոլար էլ չունեք, մեկ այլ հեշտ ձեւ առաջարկեմ՝ ամուսնացեք Ամերիկայի քաղաքացու հետ: Գտեք Երեանում այնպիսի մի ամերիկացի, որն անընդհատ գնում գալիս է, ծանոթացեք նրա հետ, ցույց տվեց մեր տեսարժան վայրերը, տարեք Գառնի-Գեղարդ, Պռոշյան, ՙՉեք անցկացնի՚ շարժման հանրահավաքին: Մեկ էլ տեսար՝ մի բան ստացվեց: Չկա՞ այդպիսի մարդ: Ինչպես թե չկա: Առնվազն մեկին բոլորս գիտենք՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը տարին մի տասն անգամ գնում գալիս է: Այո, ճիշտ եք՝ նա կին ունի, այն էլ ինչպիսի կին՝ Սերբիայում դեսպան է եղել, հիմա էլ Պետդեպում բարձր պաշտոնի է: Բայց մի վհատվեք՝ ինչպես ասում են՝ Ուորլիքն այսօր կա, վաղը չկա, այդ համանախագահներին այնքան հաճախ են փոխում, չես հասցնում աչքդ թարթել: Եւ ուրեմն չի բացառվում, որ հաջորդ համանախագահը լիովին ազատ լինի: Այ եթե ձեզ հաջողվի ամուսնանալ նրա հետ, հսկայական ազգանվեր գործ արած կլինեք: Որովհետեւ տեսեք՝ կար մի համանախագահ՝ Մեթյու Բրայզան, որի կինը թուրք էր ու հաստատ տանը բարեխոսում էր ադրբեանցիների օգտին: Հիմա եթե դուք ամուսնանաք հաջորդ համանախագահի հետ, դուք էլ տանը, ճաշ պատրաստելիս, լոբի եփելիս, լոբբիստական աշխատանք կարող եք իրականացնել Ղարաբաղի օգտին: Երկու նապաստակ միանգամից՝ համ ամերիկացի դիվանագետի հետ համատեղ կյանքը կվայելեք, համ էլ արցախցիները ձեզ երբեք չեն մոռանա:
Բայց եթե այս տրբերակն էլ եք մերժում՝ չեք ուզում օտարերկրացու հետ ամուսնանալ, այդ դեպքում ավելի կառուցողական առաջարկ՝ ամուսնացեք ամերիկահայի կամ ամերիկահայուհու հետ: Փառք Աստծո, մեր Սփյուռքի նախարարությունը դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել է: Ամեն տարի իրականացնում է ՙԱրի տուն՚ ծրագիրը: Նաեւ Ամերիկայից են բարձրդասարանցիներ գալիս: Եթե ջահել եք՝ ծանոթացեք, բոլորովին մի շտապեք, Սքայփով ամեն օր խոսեք հետը: Ու երբ այդ ամերիկահայը կամ հայուհին կավարտի դպրոցը, կընդունվի Հարվարդի կամ Բերքլիի համալսարան, ինքը առաջինը ձեզ կասի՝ «Արի տուն», այսինքն Ամերիկա: 
Մի ձեւ էլ կա: Ընտանիքների անդաների, մերձավոր բարեկամների վերամիավորում: Իհարկե, դրա համար առնվազն բարեկամ պիտի ունենաք Ամերիկայում: Ինչպես թե չունեք: Մենք բոլորս էլ Ամերիկայում շատ հայտնի փեսա ունենք՝ Քանյե Ուեսթը, որը մեկ մեկ գալիս է Երեւան՝ Կարապի լճում լողալու: Հաստատ չեմ կարող ասել՝ արդյոք փեսան մերձավոր բարեկամ է համարվում, բայց փորձեք: 
Սա էլ չեք ուզո՞ւմ: Մնաց վերջին տարբերակը՝ քաղաքական ապաստան հայցել Ամերիկայում: Ճիշտ է, դրա համար պետք է ապացուցեք, որ ձեզ այստեղ՝ Հայաստանում ճնշում ու հետապնդում են: Կա այդպիսի տարբերակ: Գրեք: ՙԻնձ հետապնդում են ամենուր՝ տանը հեռուստացույցի դեմ նստած, ռեստորաններում ու սրճարաններում, տաքսիներում ու երթուղայիններում՚: Եթե հարցնեն՝ բայց ինչով են հետապնդում, վրդովված պատասխանեք՝ ՙԻնչպես թե ինչով՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Արմենչիկի երգերով: Ամեն քայլափոխի են հետապնդում, խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ կոնվենցիան չեն պահպանում՚: 
Բայց կներեք՝ ուր եք գնում: Չէ որ Լոս Անջելեսում նույն վաստակավոր արտիստին եք լսելու: Ինչպես ասում են հաղորդավարները՝ ՙՄնացեք մեզ հետ՚: Հո դեմ չեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել