Ես լվանում եմ իմ ձեռքերը այս սև խաղից ու նոր խաղ եմ հորինում` նոր կանոններով և խաղաքարտերով: Ուղղակի այս խաղի բուն էությունը կայանում է նրանում, որ ես մենակ եմ խաղում, չկան մրցակիցներ և թիմակիցներ: Բոլորն էլ սիրում են լինել մենակ, բայց ոչ միայնակ, բազմիցս անգամ եք լսել այս տողերը, բայց հիմա ավելորդ եմ համարում այդ հիմարությունը և համարձակվում եմ ասել, որ մենակ լինելը հենց մենությունն է: Երբ դու մենակ ես` մենակ ես անձով, գաղափարով և ողջ էությամբ: Երբ դու մենակ ես` քո մտքերն էլ են մենակ և մտածում են միայն քո մասին: Մենության մեջ սահմանափակվում է քո միտքը, խոսքը և նույնիսկ քո մտածելակերպը: Եվ դու սկսում ես նմանվել մի կենդանու, ինչը չի կարող մտածել, և ամեն կատարած գործողություն կատարում ես պահի ազդեցությամբ: Ինքդ ստեղծիր քո խաղը, և դու թելադրիր կանոնները, չէ՞ որ դու ես խաղավարը: Երբ ամեն ինչ քո ուզածի պես լինի, ուրիշները կցանկանան խաղալ քո խաղը, կսկսեն խանգարել, նեղել ու փչացնել, միևնույն ժամանակ ցանկություն կհայտնեն ներգրավվել քո խաղի մեջ իրենց կեղտոտ ձեռքերով: Բայց դու, դու դեմ ես, չէ՞ որ քո խաղի գլխավոր կանոնը և իմաստը մի խաղացողն է: Եթե խախտես քո խաղի կանոնները, դու ինքդ կհայտնվես ծուղակում, առանց որևէ օգնության ակնկալիքի: Ուրեմն առանձնացիր և սկսիր քո խաղը մենակ, բայց ոչ միայնակ, ներգրավիր ողջ աշխարհը, ողջ գիտությունն ու մարդկությունը: Սահմանազատիր քո միտքը, շռայլիր քո գաղափարը և ընդլայնիր քո հնարավորությունները... Չէ՞ որ դու մենակ ես, և ինքդ ես թելադրում խաղի ողջ ընթացքը...

Գ. ԱՎԱԳՅԱՆ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել