Bem.am-ը գրում է.
Երգիչ, շոումեն Արամ MP3-ն ժամանակի սղության պատճառով չի հասցնում շատ ժամանակ տրամադրել գրքեր կարդալուն, սակայն քաղաքից դուրս եղած ժամանակն է օգտագործում՝ գրքերը կարդալու համար. «Facebook-ից և Instagram-ից բացի ավելի հետաքրքիր բաներ կան»,-ասում է նա:
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի երրորդ փուլի վերջին հանդիպումը տեղի ունեցավ շատերի սիրելի բարեկամի՝ երգիչ, շոումեն Արամ MP3-ի հետ՝ Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպի քննարկման շրջանակներում:Ներկա ընթերցասերները ոչ միայն հարցեր էին ուղղում Արամին գրքի վերաբերյալ, այլ նաև միմյանց հետ թեժ քննարկում սկսում կերպարների և իրադարձությունների շուրջ:
Արամը ներկաներին խորհուրդ տվեց հեռու մնալ գրքի գլխավոր հերոսի տեսակին նման մարդկանցից՝ միաժամանակ դրական կամ բացասական կերպար համարել չկարողանալով նրան:
Արամն ասում է, որ նրա վրա մեծ տպավորություն է թողել Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» գիրքը. «Դա այն գրքերից է, որ կարդում եմ 2-3 տարին մեկ անգամ և այն միշտ նորություն է ինձ համար: Առաջին անգամ կարդացել եմ 16 տարեկանում: Շատ բաներ չեմ հասկացել, բայց դա այն գիրքն էր, որը փոխեց իմ կյանքը»:
Արամ MP3-ի սիրելի ժանրերից է գիտաֆանտաստիկը: Ասում է՝ այնտեղ սիրում է այն, որ կարողանում են գիտությունն այդքան մոտեցնել ֆանտաստիկային:
Արամը այս հանդիպման արդյունքում մեկ անգամ ևս առիթ ունեցավ հիանալու այսօրվա մեր երիտասարդներով: Նա ասում է, որ բազմիցս եղել են դեպքեր, երբ հիացել է մեր երիտասարդությամբ. «ես ինքս 80-90-ականների սերնդից եմ, տեսել եմ շատ դաժան տարիներ: Այդ տարիներին շատ խելացի մարդիկ՝ կարելի է ասել, ուղեղներ հեռացան մեր երկրից… Դրանից հետո մինչ այս սերնդի գալը կարծում էի, որ նորմալ սերունդ չենք ունենա: Բայց բազմիցս առիթներ են եղել, որ ես համոզվեմ հակառակում և դա ինձ միայն ուրախացնում է…»: Արամը հիշեց որոշ ժամանակ առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքներն ու երիտասարդների ցուցաբերած վերաբերմունքը. «Իմ երջանկությանը չափ ու սահման չի եղել,-ասում է նա,-քանի որ դա երևի թե միակ դեպքն էր, որ հավաքից հաճույք եմ ստացել… Այն, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում այդ օրերին ինձ և ոչ միայն ինձ, այլ նաև նույն կառավարությունում շատ շատերի համար մեծ ուրախություն էր: Դրանից հետո շատերի մոտ շատ բաներ փոխվել են իրականում…»,- հավելեց նա:
«Այսինքն կա երիտասարդություն, որը ոչ թե խմում է գարեջուր երեկոյան, զբոսնում փողոցներով՝ հայհոյանք տալով և արևածաղիկ կեղևազատոլով, այլ կան երիտասարդներ, ովքեր կարդում են, երգում, լսում լավ երաժշտություն, չեն ծխում, թմրանյութ չեն օգտագործում… դա միայն գովելի է…»: Արամը փաստում է՝ կան նրանք…հավելելով՝ «ես իմ աչքով տեսել եմ. նրանք հազարավոր են..միայն ուրախ եմ դրա համար…»: