Իտալացի դերասան, բեմադրիչ եւ թատերագիր Դարիո Ֆոն (ծնվ. 1926թ.) իր գրական գործունեության զուգահեռ եղել է նաեւ դիմախոս, հանպատրաստից ստեղծագործող եւ երգիծաբան, ով իր աշխատանքն սկսել է որպես քաղաքական կաբարեի եւ երգիծական էսքիզների մենակատար: 1957 թ. նա իր կնոջ` Ֆրանքա Ռամեի հետ, ով կատարողական արվեստի եւ ժողովրդականություն վայելող ընտանիքի անդամ էր, մի թատերական ընկերություն հիմնեց, որի երգիծական խաղացանկը ներառում էր 19-րդ դարի կատակերգությունները եւ օգտագործում էր հրապարակային ու փողոցային խաղարկության տեխնիկան ու ռազմավարությունը: Թեեւ այդ խաղացանկում տեղ էր գտել քաղաքական երգիծաբանություն, այն էությամբ կազմված էր բուրժուա հանդիսատեսի համար: Այդ թատերախաղերը ծաղրական էին, անպատկառ եւ անարխիական, բայց հիմնականում գրավիչ էին:

Դրանց թվում էին «Երկու ատրճանակ ունեի` սեւ եւ սպիտակ աչքերով»-ը (1960) եւ «Յոթերորդ. քիչ գողացիր» (1964) խաղերը:

Դարիո Ֆո1960-ականներին Ֆոն արդեն որպես երգիծաբան եւ երգիծական դերասան հռչակ էր վայելում Իտալիայում: Նրա երգիծանքը գնալով սրվեց հանդեպ դրամատիրությունը, կայսերապաշտությունը եւ իտալական կառավարության մեջ տեղի ունեցող խայտառակություններն ու չարաշահումները: Համենայն դեպս, 1968-ի  խռովությունները մեծապես փոխեցին Ֆոյի գործերի ուղղությունը. լքելով գլխավոր թատերական միջավայրը` նա կնոջ հետ նոր թատերական ընկերություն ստեղծեց «Նոր բեմ» անունով եւ կոմունիստական կուսակցության հովանավորության ներքո գործարաններում, բանվորական ակումբներում եւ սրահներում ներկայացումներ տվեց, ինչպիսիք էին «Բանվորը 300 բառ գիտի, պետը`1000, դրա համար էլ նա պետ է», «Մեծ մնջախաղը» եւ ամբողջովին ինքնատիպ «Միստերո Բուֆո»-ն:

Հետագա տարիներին Ֆոն խզեց իր հարաբերությունը ուղղափառ ձախ կուսակցության հետ եւ 1970-ին Ռամերի հետ հիմնեց «Կոմուն» ընկերությունն ու իր տաղանդը դրեց Նոր ձախ շարժման տրամադրության տակ: Այս թատերախմբի գործերն ավելի հարձակվողական էին եւ հեղափոխական բնույթ ունեին: Ֆոն թատերականացնում էր քաղաքական կարեւոր հարցերը եւ բացահայտում դրամատիկական բուրժուա կառավարությունների նեխածությունը, կեղեքումը եւ ապիկարությունը: Այս կարգի գործերը ներկայացվեցին անցյալ դարի 70-ականներին եւ 80-ականներին, որոնք Եվրոպայի հանդիսատեսի ուշադրությունը իրենց վրա հրավիրեցին: Նրա գործերից կարելի է հիշել «Անիշխանականի պատահական մահը» (1972), «Չենք կարող, չենք վճարում» (1974), «Մանուկ Հիսուսի առաջին հրաշագործությունը», «Պապը եւ վհուկը» (1989), «Եղիսաբեթը. գրեթե բախտի բերմամբ` կին» (1984) եւ «Ազատ զույգը» (1983):

Թերեւս Ֆոն, նախ, մի հիանալի դերասան է, ով թատերական հնարավորություններն օգտագործում է երգիծաքաղաքական նյութեր արծարծելու համար, որի համար գուցե որոշ թատերական քննադատներ նրան պախարակեն, բայց ոչ ոք ժամանակակից թատրոնում չի կարողացել միաձուլել երգիծականը սանձարձակ քաղաքականության մեկնաբանումների հետ, ինչպես նա է արել «Անիշխանականի պատահական մահը»-ում եւ «Միստերո բուֆո»-ում:

«Թատերախաղեր Արեւմտեան Գրականութիւնից», Ստեփանակերտ, 2010, էջ 205-206

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել