A1plus.am-ը գրում է.
Հոկտեմբերի 3-ին «Լունապարկ»-ում «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելի պոկվելու հետևանքով վնասվածքներ են ստացել «Ա1+» հեռուսատաընկերության տնօրենն ու նրա թոռնիկը:
«Վնասվածքներ ես էլ, թոռնիկս էլ ստացել ենք: Առաջին բուժօգնություն ստացվել է, բայց ոչ իրենց կողմից կազմակերպված։ Ես թոռնիկիս վերցրեցի և գնացինք մեր ընտանեկան բժշկի մոտ, որը և ցույց տվեց առաջին օգնությունը: Մինչև հիմա էլ ես վատ եմ քայլում և ցավեր ունեմ մարմնի տարբեր մասերում»,- նշում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Մեսրոպ Մովսեսյանին ոչ այնքան զայրացրել է դեպքից հետո «Լունապարկի» աշխատակիցների անտարբեր վերաբերմունքը, որքան դեպքի վերաբերյալ տնօրեն Սուրեն Գուլինբարյանի հայտարարությունը, թե «նման բան չի եղել»:
«Ինձ շատ զարմացրեց այն լկտիությունը, որ ես կարդացի տարբեր կայքերում: Դեպքից հետո իմ որոշումը եղել էր այն, որ հաջորդ օրը պետք է գնամ ու հորդորեմ «Լունապարկի» տնօրինությանը, որ դեմոնտաժ արվի այդ սարփասելի վիճակում գտնվող ատրակցիոնը, որը կարող է երեխաների կյանք խլել: Լկտիությունը ստիպեց, որ ես խոսեմ բոլորի առջև, խնդրում եմ՝ հեռու մնացեք «Լունապարկից», այդ լկտիությունն ապացուցեց, որ նրանք շարունակելու են աշխատել նման ձևով և հաստատ վնաս հասցնել երեխաներին»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը:
Արդյո՞ք դեպքի օրը «Լունապարկի» ատրիակցիոնները ենթարկվել են ստուգման և ինչո՞ւ են շահագործվում ոչ սարքին ատրակցիոններ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը: Այս հարցերի պատասխանն ստանալու համար այգի գնացած մեր նկարահանող խմբին դիմավորեցին գոռգոռոցներով, հրմշտոցով։
«Լունապարկի» տնօրեն Գուլինբարյանը պնդում էր, որ իրենք ունեն տեսագրություն, որտեղ իբր երևում է, թե ինչ է տեղի ունեցել, ու իբր որեւէ մեկը վնասվածք չի ստացել։
Քանի որ «Ա1+»-ը հրաժարվեց անջատել տեսախցիկը, տնօրենն այդպես էլ ցույց չտվեց տեսագրությունը։ Մեսրոպ Մովսեսյանը տնօրինության նման վերաբերմունքը բացատրում է մարդկանց կյանքը վտանգելու գնով հաճախորդներ չկորցնելու ագահ ցանկությամբ:
«Սա առաջին դեպքը չէ և հուսով եմ ու ես ամեն ինչ կանեմ, որ սա լինի վերջին դեպքը, որ «Լունապարկ»-ում որևէ մեկը վնասվածք չստանա, ու Աստված մի արասցե՝ կյանքից զրկվի: Վիճակը, որում գտնվում էր այդ ատրակցիոնը, ով էլ որ գնա օգտվի, միանգամից կհասկանա, որ դա մահի հետ խաղ է: Ես գտնում եմ, որ տնօրինությունը մտածելու բան ունի, հայտարարություն անելուց առաջ երևի պետք է մի քիչ ուղեղով մտածել՝ ինչ հայտարարություն են անում»:
Ի դեպ, պատահածի մասին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ԶԼՄ-ների հրապարակումներից է տեղեկացել։
«Լրագրողների հարցումից հետո մենք զանգահարել ենք «Լունապարկի» տնօրենին, քանի որ մեզ ահազանգ չի ստացվել: «Լունապարկի» տնօրենը փորձագետի հետ զրույցում հերքել է, որ նման դեպք է եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Նանա Գնդոյանը:
Հերքելով հանդերձ՝ օրվա վերջում «Լունապարկի» տնօրինությունը պարզաբանում տարածեց, թե տեղի է ունեցել կարուսելի դետալներից մեկի խափանում: Այսպիսով՝ հաստատեց «Ա1+»-ի տեղեկատվությունը, որը առավոտվանից ջանում էր հավաստի չհամարել: