Wedding.am–ը գրում է.
Խորհրդային Միությունը գոյություն է ունեցել 70 տարի, և այդ տարիների ընթացքում փոխվել են և հարսնուփեսայի կերպարները, և հարսանեկան ավանդույթները, սակայն պետք է նկատել, որ ընդհանուր գծեր այնուամենայնիվ մնացել են:
Հարսի ու փեսայի կերպարը ԽՍՀՄ-ում
Խորհրդային հարսիկները միշտ առաջնորդվել են մինիմալիզմի սկզբունքով` համեստ հարսանեկան զգեստ, բարձր սանրվածք, բարձրակրունկ կոշիկներ: Պետք է նկատել, որ հարսի կերպարը առանց քողի անհնար է պատկերացնել: Իսկ ինչ վերաբերում է փեսային, ապա նրան կերպարի առանձնահատկությունը ձևավորել են արհեստական ծաղիկներից կրծքազարդերը և խիստ կոստյումը:
Հարսի ծաղկեփունջը
ԽՍՀՄ-ում այսպես ասած, ֆլորիստիկա չի եղել, այդ պատճառով հարսիկները չունեին այնպիսի ոճային ծաղկեփնջեր, ինչպես այսօր, իսկ հիմնական ծաղիկ ընտրում էին ոչ թե վարդեր, այլ թրաշուշաններ, մեխակներ` տարբեր գույների:
Հարսանեկան ֆոտոսեսիա
Բոլոր հարսանիքներին պարտադիր էր հարսուփեսայի, վկաների, ծնողների, հյուրերի` բոլորի համատեղ լուսանկարը, երբ նրանք տարբեր մակարդակներով շարք էին կանգնում և լուսանկարվում: Այդպիսի խմբակային լուսանկարները ամենատարածվածն էին:
Հարսանեկան խնջույք
ԽՍՀՄ մեծահարուստները հարսանիքը տոնում էին հատուկենտ ռեստորաններում, իսկ սովորական քաղաքացիները` ճաշարանում, իսկ նրանք, ում հնարավորությունը այնքան էլ ընդարձակ չէր, վրաններում:
Հիմնական խմիչքը օղին և շամպայնն էին, հարսանիքը չէր անցնում առանց կենդանի երաժշտության:
ԽՍՀՄ հարսանեկան մեքենաները
Էլ ինչ սովետական հարսանիք առանց Մոսկվիչի, Զապորեժեցի կամ Ժիգուլիի (իսկ ով ավելի հարուստ էր Վոլգայի): Հարսանեկան մեքենաները զարդարում էին տիկնիկները, երբեմն փուչիկները:
Պսակադրություն
Որպես այդպիսին, ԽՍՀՄ-ում պսակադրություն չի եղել, քանի որ պետությունը չէր ընդունում եկեղեցու գոյությունը: Նորապսակները իրենց հարաբերությունները օրինականցնում էին միայն ՔԿԱԳ-ում (զագս):
«Իրականում հայկական հարսանիքը ամենամեծ ձևափոխություններն ապրել է հենց խորհրդային շրջանում: Այս շրջանում է, որ մի շարք համաշխարհային հարսանեկան նորաձևություններ ներթափանցեցին Հայաստան, օրինակ՝ «սպիտակ հարսանիքը», նշանդրեքին ադամանդե մատանի նվիրելու սովորույթը, մեղրամսի գաղափարը:
Սրա կողքին կատարվեցին բուն տեղական հարսանիքների մի շարք ձևափոխություններ, որ արդիականացրեցին հայկական հարսանիքը երկու իմաստով. առաջինը՝ այն դարձնելով ավելի քաղաքացիական, դուրս մղելով եկեղեցու կարգավորիչ դերակատարությունն ու մի շարք ծեսեր, կրոնական ոլորտից տեղափոխելով քաղաքացիականի`սկսած ծեսի իրավաբանական գրանցումից ՔԿԱԳ-ում մինչև առագաստ մտնելու իրավունքը, մյուս կողմից` միայն խորհրդային շրջանում սկսվեց «ազգային» հարսանիքի ձևավորում. օրինակ, հարսի հիմնական հարսանեկան սեղանի շուրջ նստելը՝ ի տարբերություն ավանդականի, երբ նա կամ առանձին սենյակում էր կամ վարագույրի հետևում էր առանձնացված հարսանիքի մասնակիցներից:
Իսկ օրինակ՝ կարմիր խնձորի այն տարբերակը, որն նույնանման կերպով այսօր տարածված է, առաջացել է միայն խորհրդային շրջանում, Երևանում, մոտավորապես 1960-ականներին և միայն 1970-ականներին է ստացել քիչ թե շատ համընդհանուր ծեսի ձև և դարձել պարտադիր»,- ասում է Գայանե Շագոյանը: (Մեջբերումը` Panorama.am-ի)