12077042_1012821108739523_920736695_n

Հարգելի՛ պարոն Ջաղինյան,

Երեկ համացանցում լայն տարածվեց դերասանուհի ու հաղորդավարուհի Ինգրիդ/Աննա Կոկչյանի սկանդալային հարցազրույցը, որտեղ վերջինս, ի թիվս այլ բաների, պատմեց նաև, որ իր նախկին ամուսին Արման Մարգարյանը, ով աշխատում է որպես հեռուստահաղորդավար Ձեր ղեկավարած Հանրային հեռուստաընկերությունում, տարիներ առաջ թողել է իր կնոջն ու նորածին երեխային, մեկնել է արտերկիր ու մի քանի տարի ոչ մի կերպ չի մասնակցել երեխայի դաստիարակությանը, չի աջակցել ֆինանսապես ու նույնիսկ Skype-ով դժվարությամբ է համաձայնվել շփվել որդու հետ։

Հասկանալի է, որ նման ամոթալի ու դատապարտելի քայլը հանրային դեմքի կողմից չէր կարող բուռն արձագանք չառաջացնել հանրության մոտ, և նույն այդ հանրային մարդ լինելու գործոնը հասկանալի պատճառով նպաստեց նրան, որ այդ արձագանքը, բուռն լինելուց բացի, նաև բարձր լինի։ Այս ոլորտում աշխատող յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ հանրությունն իրեն հետևում է խոշորացույցով, և արձագանքները կարող են հաճախ լինել կտրուկ ու նույնիսկ վիրավորական, բայց հանրային դեմքը չի կարող մակարդակն իջեցնել և ընկնել գողական ռազբորկաների մեջ։

1443872122_east-2014-russian-military-exercises-in-kamchatka-1

Մինչդեռ Արման Մարգարյանը հենց դա էլ արեց։ Այդ քննադատական հրապարակումներից հետո Արմանի ֆեյսբուքյան էջում հայտնվում է մի գրառում, որտեղ վերջինս սպառնում է իրեն վիրավորողներին ու խոստանում, որ նրանց «Երևանյան պատասխանատվության կենթարկի, որն արյան համ ունի»… Հետո այդ գրառումն անհետացավ հաղորդավարի էջից, որովհետև, ինչպես հասկանում եմ, նրան հուշեցին, որ իր կարգավիճակի մարդուն դա հարիր չէ, էլ չասեմ, որ հակաօրինական է։

Հարգելի՛ պարոն Ջաղինյան, հիմա դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի այցեքարտը հանդիսացող միակ պետական պաշտոնական հեռուստաընկերության ղեկավարի. որքանո՞վ է հարիր եթեր տրամադրել մեկին, ով ժամանակին ոտնձգություն է կատարել ոչ միայն հայ ընտանեկան ինստիտուտի, այլև իրեն հարգող հայ տղամարդու կերպարի նկատմամբ։ Որքանո՞վ է նորմալ, որ Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մարդկանց ողջունում է մեկը, ով պատրաստ է «Երևանյան պատասխանատվության ենթարել, որն արյան համ ունի»։ Կարելի՞ է արդյոք դա մեկնաբանել այնպես, որ Ձեր ղեկավարության ներքո գործող հեռուստաընկերությունը նմանատիպ քարոզիչների միջոցով քարոզում է կասկածելի բարքեր ու բանդիտական կեցվածք։

Մյուս կողմից, բոլորս էլ մարդ ենք, ու վստահ եմ, որ Արմանն այս ամենը կբացատրի նրանով, որ պահի ազդեցության տակ հուզական վիճակում է հայտնվել ու իրեն նման քայլ է թույլ տվել։ Այս դեպքում ոչ թե որպես Արման Մարգարյան անհատ, այլ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնող Արման Մարգարյան հեռուստահաղորդավարը պետք է ներողություն խնդրի հրապարակայնորեն, որովհետև մարդիկ իրեն նայում են և իրենից օրինակ են վերցնում, և դեռ կա հնարավորություն սխալ քայլ անելու ու բացասական օրինակ ծառայելու փոխարեն վերածել այն ճիշտ քայլի ու մարդկանց դրական օրինակ տալ, թե ինչպես կարող է մարդը գիտակցել և ընդունել իր սխալը և ներողություն խնդրել դրա համար։

Հուսով եմ՝ անտարբեր չեք գտնվի այս նամակիս հանդեպ և կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր՝ Ձեր ղեկավարած հեռուստաընկերությունը ստեղծված անախորժությունից պատվով դուրս բերելու համար։

Հարգանքներով՝

Գ.Գաբրիելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել