Հոկտեմբերի 5-ին աշխարհի 100-ից ավելի երկրներում նշում են Ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական օր։
Ցանկանում եմ շնորհավորանքներս հղել ողջ Հայաստանի և սփյուռքի ուսուցիչներին, ոլորտի նվիրյալներին, ցանկանալ նրանց նորանոր հաջողություններ մատաղ սերնդի դաստիրակության, կրթություն տալու, հայ ազգին արժանի հայ քաղաքացի ԿԵՐՏԵԼՈՒ ազգանվեր գործում: Այո՛, ուսուցչի վեհ կերպարը և մասնագիտությունը նման է ճարտարապետությանը, միայն այն տարբերությամբ, որ ուսուցիչը մատաղ սերնդի կամ որ նույնն է՝ մեր վաղվա սերնդի հոգու ու մտքի, քաղաքացիական կեցվածքի ու ազգային նկարագրի ճարտարապետն է, մեր գալիքի ճարտարապետը: Ուսուցչին է վստահված մեր ամենաթանկ, ամենամնայուն ու անգնահատելի «կապիտալը», մեր աճող սերնդի այսօրն ու վաղը, ազգի ու հայ մարդու կայացումը, մեր վաղվա հզոր ու միացյալ հայրենիք ունենալու մեր աշխարհասփյուռ ազգի դարավոր երազանքների իրականացման սուրբ գործը:
Այս ամենի հետ մեկտեղ հենց այս օրն աշխարհի առաջադեմ երկրների նույն ոլորտի նվիրյալների նման հայ ուսուցչին էլ չէի ուզենա տեսնել սոցիալական, տնտեսական, մինչևիսկ կենցաղային մանր-մունր հարցերի լուծման ճանապարհին մեծ դժվարությունների դեմ-հանդիման հայտնված, փոքրիկ, սիմվոլիկ աշխատավարձով, մի կերպ ծայրը ծայրին հասցնող, իսկ որ ամենավատթարն է՝ մերթ ընդ մերթ քաղաքական դրդապատճառներով անշնորհակալ դերակատարումներ ստանձնածի կարգավիճակում:
Դժվար է, ու շատերին չի հաջողվում այս ամենը համատեղելով, այնուամենայնիվ, բարձր, անաղարտ պահել ուսուցչի դարերի խորքերից եկած բարձր ու արժանապատիվ կոչումը:
Այստեղից է, որ երբեմն նույն ՈՒՍՈՒՑԻՉԸ դառնում է ուղղակի դասատու, ու ժամանակն է թեկուզ հենց նման օրերին բարձրաձայնել նաև համակարգի խնդիրների, դժվարությունների, ու, ինչու չէ, լուրջ թերությունների ու բացթողումների, իսկ ավելի ստույգ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ մասին։ Վերջապես ժամանակն է համակարգը հեռու պահել քաղաքական նկրտումներից, փոխարենը մտածել նաև ուսուցչի արժանապատիվ կյանքի իրավունքի մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/890889527668910
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել