Այն, որ ռուսական պրոպագանդան գերազանցել է տապոռության բոլոր հնարավոր ռեկորդները, փաստ է: Բայց չեմ հասկանում որոշ մարդկանց զարմանքն ու փնթփնթոցն առ այն, թե ինչու են ռուսները պրոպագանդում Սիրիայի տարածքում ռուսական օդուժի գործողություններն ու ՌԴ արտաքին քաղաքական գիծը:
Բա ի՞նչ էիք սպասում, որ PTP-ը կամ OPT-ն Պուտինի գործողությունները որակեր որպես հանցագործությո՞ւն: Ամեն դեպքում, էդ ազգի բանակն այսօր Սիրիայում ներքաշվել է պատերազմի մեջ, ու փաստացի էդ երկիրն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունների կենտրոնում: Հիմա, վատն են, թե լավն են, հարցի լրիվ այլ կողմն է: Այդ ո՞ւմ համար է գաղտնիք, որ նման պահերին բոլոր երկրներում էլ իշխանության տակ գտնվող բոլոր հնարավոր զանգվածային հաղորդակցության միջոցները վերածվում են քարոզչամեքենայի:
Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը սպասում էր, որ ռուսական ալիքները, կայքերն ու թերթերը պետք է անաչառ լրատվություն մատուցեին, կամ իշխանական լրատվամիջոցներն աշխատեին Արևմուտքի օգտին կամ զբաղվեին Քեմերոնի փիարով: