ՀԱՐՑ
Ի՞նչ է անհրաժեշտ վարորդական վկայական ստանալու համար:
Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ և ցանկանում եմ վարորդական վկայական ստանալ, բայց չգիտեմ, թե ուր դիմեմ, ինչ ներկայացնեմ ու ինչպես ստանամ վկայականը, խնդրում եմ ասեք, թե ինչ կարգով են ստանում վարորդական վկայական, կանխավ շնորհակալ եմ:
ՊԱՏԱՍԽԱՆ
Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է, որ Դուք հանձնեք որակավորման երկու քննություն՝ տեսական և գործնական՝ նախապես վճարելով քննությանը մասնակցելու նախատեսված հետևյալ վճարները.
- Տեսական քննության համար՝ 3.000 դրամ (900005163218)
- Գործնական քննության համար՝ 10.000 (900013150033) + 3.000 (900005163218)
- Վարորդական իրավունքի վկայականի համար՝ 12.000 (900005016317):
Երևան քաղաքում քննություններն անց են կացվում Գաջեգործների 76 հասցեով:
A,B,C կարգերի և A1, B1, C1 ենթակարգերի համար պետք է նշված հասցեով ներկայացնեք անձնագիր և վճարումների անդորրագրերը, իսկ մյուս կարգերի համար՝ լրացուցիչ այլ փաստաթղթեր:
Տեսական և գործնական քննությունները կարող եք հանձնել բազմաթիվ անգամներ՝ յուրաքանչյուր անգամ վճարելով սահմանված վճարները: Տեսական քննության դրական արդյունքը պահպանվում է 1 տարի, որի ընթացքում կարելի է գործնական քննություն տալ: Գործնական քննությունը բացասական ստանալու դեպքում անհրաժեշտություն չկա տեսական քննությունը կրկին հանձնել:
Տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով` հանձնելով հոգեբանական և ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների ստուգման թեստ: Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից: Գիտելիքների ստուգման թեստի հարցերին թույլատրվում է պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում: Թեստերը լրացնելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է: Գիտելիքների ստուգման 1 թեստը կազմված է 10 հարցից: Տեսական քննության արդյունքը համարվում է դրական, եթե նշված 10 պատասխաններից առնվազն 9-ը ճիշտ են: Տեսական քննությունն անց է կացվում բոլոր աշխատանքային օրերին, իսկ շաբաթ օրը՝ մինչև 14.00-ն:
Գործնական քննությունն անց է կացվում մեխանիկական փոխանցումատուփով մեքենաներով: «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննության դեպքում` անձի ցանկությամբ նաև ավտոմատ փոխանցումատուփով, որի դեպքում վարորդական վկայականը տրվում է միայն ավտոմատ փոխանցումատուփով ավտոմոբիլ վարելու համար: Գործնական քննությունը անց է կացվում ավտոդրոմում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:
Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունն անցկացվում է քննական մարմնի համար սահմանված բոլոր աշխատանքային օրերին և ժամերին (Երևանում աշխատանքային օրերին՝ 9.00-ից 18.00, շաբաթ օրը՝ 9.00-ից 14.00):
Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 8-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:
Եթե դուք որակավորման քննությունները հանձնեք դրական, ապա ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան հատկացվելիք վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտը, ներկայացնում եք ստորև նշված փաստաթղթերը, և Ձեզ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացնում են վարորդական վկայական:
1. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,
2. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,
3. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության արժեքի վճարման անդորրագիր,
4. Վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
Սյուզաննա Մալխասյան (Արտոնագիր 746)
Ձեր հարցերն իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին գրելով:



