Օրերս Եվրասիական զարգացման բանկը հրապարակել էր 2015թ.-ի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրների Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշները, ըստ որի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական անկում է գրանցվել Ուկրաինայում (16.3%), Ռուսաստանում (3.4%), Բելառուսում (3.3%): Ցածր տնտեսական աճ է գրանցել Ղազախստանը՝ (1.7%): Մոլդովան ունեցել է 3,6%, Հայաստանը՝ 3.8%, Ադրբեջանը՝ 5.7%, Տաջիկստանը՝ 6.4%, Ղրղզստանը՝ 7.3%, Ուզբեկստանը՝ 8.1%, Թուրքմենստանը՝ 8.7% ՀՆԱ-ի աճ:
ՌԴ տնտեսության այսպիսի վիճակը բացասաբար է ազդել ԱՊՀ բոլոր երկրների տնտեսությունների վրա, այդ թվում նաև բարձր տնտեսական աճ ապահովված Կենտրոնական Ասիայի երկրների վրա: Էներգակիրների միջազգային գների անկումը հատկապես բացասական է ազդել Ղազախստանի և Ռուսաստանի վրա: Ռուսաստանի կողմից գնվող թուրքմենական գազի ծավալների կրճատման արդյունքում նվազել են բնական գազի արտահանումից ստացվող եկամուտները, որի արդյունքում թուրքմենական մանաթը գտնվում է ուժեղ ճնշման տակ:
Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանում մանաթի փոխարժեքը ԿԲ-ի կողմից արտարժույթի մեծ ծավալի ինտերնվենցիաների հաշվին է պահպանվում: Ղազախական թենգեն նույնպես գտնվում էր ուժեղ ճնշման տակ: Մետաղների միջազգային գների անկումը թեև զգալիորեն կրճատել են մետաղ և մետաղական հումք արտահանող երկրների եկամուտները, սակայն Հայաստանից (պղնձի խտանյութ) և Ղրղզստանից (ոսկի) արտահանվող մետաղների ֆիզիկական ծավալների աճի արդյունքում այդ երկրների տնտեսական աճն ապահովող հիմնական ճյուղը եղել է հանքարդյունաբերությունը:
Ճիշտ է՝ ԱՊՀ երկրներում, ինչպես տեսնում ենք, չկա տնտեսական աճի միանման միտում, սակայն այս երկրներին բնորոշ են բազմաթիվ միանման տնտեսական հիմնախնդիրներ, քանի որ վերջիններիս զգալի մասի համար մեծ նշանակություն ունի Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալների կրճատումը, որը բացասաբար է ազդում այդ երկրների բնակչության կենսամակարդակի վրա: Բացի այդ, համարյա ԱՊՀ բոլոր երկրներում նկատվել է ներդրումների ծավալների կրճատում: Ակնառու է նաև ներմուծման ծավալների կրճատում: 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է ազգային արժույթների թուլացումը, որն ինչ-որ առումով նպաստել է արտահանման խթանմանը և բարելավել է մի շարք երկրների առևտրային հաշվեկշիռը: Այնուամենայնիվ, արտարժութային շուկաները երկրորդ եռամսյակի ընթացքում կայունացվել են:
Վերը նշված տնտեսական խնդիրների լուծման համար ԱՊՀ երկրների ԿԲ-երի կողմից եղել են ինտերվենցիաները, որի արդյունքում կրճատվել են այդ երկրների արտարժութային պահուստներ: Նկատվում է նաև կապիտալի շարունակական արտահոսք ԱՊՀ երկրներից, որի տեմպերը երկրորդ եռամսյակի տվյալներով մի փոքր նվազել են: Բոլոր երկրներում նկատվել է բյուջեի դեֆիցիտ: ԱՊՀ-երկրների տարեկան ինֆլացիայի միջին ինդեքսը կազմել է 16.9%, այն բավականին բարձր է հատկապես Ուկրաինայում, բարձր է նաև Ռուսաստանում: Վերաֆինանսավորման տոկոսադրույքները բարձր են, որը բացասաբար է ազդում տնտեսության ակտիվության վրա: