Պետությունը վատ տնտեսվար է… Տարիներ շարունակ մեր երկիրը կառավարվում է այս անհեթեթ տրամաբանությամբ… Արդյունքն ակներև է, մեկնաբանություններն՝ ավելորդ: Մեր ունեցած-չունեցածն ամբողջովին փոշիացված է: Այս տրամաբանությամբ երկրի կառավարումն աբսուրդի է նմանվում: Եվ իրոք:
Եթե երկրի ողջ էներգահամակարգն օտարված է, իսկ աղքատիկ ընդերքը հանձնված է դրսի և ներսի «լավ կառավարիչներին», որոնց մի քանի տասնյակ կամ հարյուր աշխատողով ֆեոդալական համքարությունների գլխավոր խնդիրն ընդերքի շուտափույթ ավարելն ու անփորձանք ցվրվելն է, ապա ինչների՞ս է պետք էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Եթե տրանսպորտն ու կապն ամբողջությամբ մասնավորին կամ օտարին են հանձնված, ապա տրանսպորտի և կապի նախարարության գոյությունն անհեթեթություն չէ՞ արդյոք: Եթե երկրի տարածքում չի գործում որևէ լուրջ արդյունաբերական ձեռնարկություն, չի արտադրվում սեփական ազգաբնակչության կարիքների բավարարմանն ուղղված անգամ կենցաղային նշանակության որևէ ապրանք, ապա անհասկանալի չէ՞ արդյոք էկոնոմիկայի նախարարության գոյությունը: Եթե ունենք բնապահպանության նախարարություն, իսկ երկիրի բնական ռեսուրսները, բուսական և կենդանական աշխարհներն անխնա ոչնչացվուն են, ապա նախարարին իր աշխատողներով ժամ առաջ հարկավոր չէ՞ արդյոք ուղարկել գրողի ծոցը: Եթե գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, պետական գույքը, մշակույթը… Եթե, եթե, եթե…
Եթե որևէ մեկին երկրի տնտեսության ինչ-որ ոլորտ է վստահված, ապա սթափ տրամաբանությունը հուշում է, որ այդ մեկը պիտի լինի վերջին մարդը, ով կմտածի վստահվածը օտարելու, ուրիշին վաճառելու մասին, քանզի դա իր իսկ անբանության, անկարողության կամ հանցավոր թափթփվածության վառ ապացույցն է: Այդ մեկը, եթե պատվախնդիր մարդ է, պիտի հրաժարական տա, կամ ինքնասպան լինի, կամ, եթե պետություն կա, ապա նա պիտի հեռացվի պաշտոնից և որպես վնասարար նստի բանտում: Սակայն մեզանում հակառակ՝ աբսուրդի տրամաբանությունն է գործում: Մեր երկրի ամբողջ ունեցվածքը՝ գործարաններն ու ֆաբրիկաները, հանքերն ու անգամ գետերի և լճերի ափամերձ տարածքները, ամեն, ամեն բան, ինչը մտքներովդ անգամ չի անցնի, կոպեկներով տրվել են սրան-նրան, և ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Հակառակը՝ այդ տվողներն էլ, վերցնողներն էլ նախկին կամ ներկա համայնքների ղեկավարներ, քաղաքապետեր ու գյուղապետեր են, նստած են երկրի ազգային ժողովներում, երկրի բարձրագույն պետական պաշտոններ են զբաղեցրել կամ զբաղեցնում, երկրի քաղաքական էլիտան են, նրա դիմությունն ու ընդդիմությունը…
Մեր պետությունն, իրոք որ, չափազանց վատ տնտեսվար է և այս տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղերով փոխվող իր դիմադիր և ընդդիմադիր կառավարիչների միջոցով, վստահված բոլոր ոլորտներում ավեր, թալան ու ապականություն սփռելով, ավելցուկով ապացուցել է այս թեզի իրավացիությունը:
Միայն զարմանալ կարելի է, թե որտեղից է ծնվում մեր կառավարիչների ու նրանց ընդդիմադիրների այն համոզմունքը, որ նշված խնդիրներից հազարապատիկ ավելի բարդ ու ոչ միարժեք լուծումներ պահանջող, ասենք՝ արտաքին քաղաքականության, երկրի անվտանգության, մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության և ազգի համար կենսական նշանակություն ունեցող շատ ու շատ հարցերի լուծումներն իրենց պիտի վստահվի…
Այսօր նոր գաղափարների և այդ նոր գաղափարները կրող մարդկանց կարիքը կա: