Իսկապես արդեն զզվեցրեցին Արմենչիկին քննադատողները: Նամանավանդ էն տարատեսակ սարդոստայնով պատված «վաստակավորներն» ու դրանց շուրջ դամ պահողները: Ես, չհանդիսանալով Արմենչիկի երգարվեստի երկրպագու, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այն ալիքը, որը բարձրացավ նրա՝ կոչում ստանալու շուրջ, ահավոր անտեղի էր, ու հաստատ Արմենչիկն էն մարդը չէր, որ արժանի էր դրան:
Ինչում է կայանքում քննադատների փաստարկային բազան: Արմենչիկը ռաբիս ա երգում, Արմենչիկը թուրք-արաբական ելևէջներով երգեր ունի, Արմենչիկը ճաշակ չունի և այլն, և այլն: Ախր, կներեք էլի, բայց ուզում եմ խոսքս ուղղել նամանավանդ էն նավթալինի հոտով «վաստակավորներին», որ ալիքից ալիք են քոչում, լրագրողից լրագրող ու գանգատվում՝ ինչ սարսափելի մշակութային արհավիրք է տեղի ունեցել, ու ինչ վիրավորված են իրենք: Ախր մեկը լինի, հարցնի, թե տենց վիրավորված եք, ինչո՞ւ ձեր կոչումներից չհրաժարվեցիք:
Իրականում այս ողջ պատմությունը մատից ծծած ու անիմաստ ուռճացված մի բան է, որի տակը բան չկա: Հերթով անցնենք էդ վայրահաչոցներից ամենաշատը կրկնվողների վրայով.
1. «Արմենչիկը ռաբիս ա երգում»
Արմենչիկը մենակ ռաբիս չի երգում: Խնդրեմ, նրա յութուբյան էջում կան ժողովրդական երգեր: Հիմա նայեք այդ երգերի դիտումներին ու համեմատեք դրանք նրա էստրադային-ռաբիս կատարումների հետ:
Լավ էր, չէ՞, երգում ժողովրդական երգեր: Իհարկե լավ էր երգում: Բայց Արմենչիկը երգիչ լինելուց զատ նաև բիզնեսմեն ա, ինքն էսթետիկական գեղեցկության համար չի միայն, որ երգում ա, ինքը փող ա աշխատում, ու եթե իր լսարանի ճաշակն այն է, ինչ կա, ոչ ոք իրավունք չունի դատապարտի նրան ռեպերտուարի համար: Ավելի «ճաշակով» սերունդ դաստիարակեք, թող ավելի լավ երաժշտություն լսեն, իսկ էս սերունդը սիրում է էս երաժշտությունը:
2. Արմենչիկը թուրք-արաբական ելևէջներով է երգում
Լսեք, բացի նախորդ կետում ասվածից, այն է՝ «ինչի պահանջարկ կա, այն էլ առաջարկվում է», չմոռանանք, որ էդ թուրք-արաբական երաժշտություն ասվածը միշտ ու ամեն պարագայում չի էլի, որ վատ ա: Տնաշեններ, Կոմիտասն էլ էր թուրքական երաժշտություն ստեղծում ու կատարում: Հիմա ի՞նչ, մի երկու ներկայիս «վաստակավոր» համարում են, որ իրենք Կոմիտասի՞ց էլ վաստակավոր են:
3. Արմենչիկը ճաշակ ու մակարդակ չունի
Մի քանի տարի առաջ «Բլեֆ» հաղորդումով Արմենչիկի գլխին էին օյին ուզում խաղալ, ու այդ ողջ ընթացքում էս տղեն իրան էնքան զուսպ, էնքան համեստ ու էնքան բարեկիրթ պահեց, որ մարդու քեֆ էր բերում նրան հետևելը: Մինչդեռ դեռ էն ժամանակ ինքն արդեն այնպիսի մեծ լսարան ու պոպուլյարություն ուներ, որ էստեղի ողջ էստրադան վերցրած, «վաստակավորներով» բազմապատկած, սկի էդքան չունեն, բայց որ իրենք են ինչ-որ իրավիճակում հայտնվում, նենց ձև են բռնում, ոնց որ իսպանական դքսուհիներ ու արաբական շեյխեր են: Ասածս ի՞նչ ա. էդ մակարդակ ասվածը մենակ ռեպերտուարով չի որոշվում, այլ առաջին հերթին մարդու նիստուկացով ու կեցվածքով, և առնվազն ինձ համար այնպես է, որ կարող եմ ասել, որ մեր էստրադայի 90 տոկոսը կերազեր Արմենչիկի մակարդակի մասին:
Արմենչիկի ճաշակից էլ դատողություններ անելիս պետք ա մի հատ հասկանալ, թե էդ դատողություններ անողն Արմենչիկին տենց մոտիկի՞ց ա ճանաչում, որ իմանա, թե ինչ ճաշակ ու ինչ նախասիրություններ ունի: Էհ, կարող ա էս տղեն Բարի Ուայթ ու Անդրեա Բոչելի ա սիրում լսել, երբ իր համար ա լսում ու գործի մեջ չի: Էդ ի՞նչ միանգամից բոլորդ դառաք նրա հոգեվերլուծաբանն ու նրա հոգու, ճաշակի, բնավորության բոլոր մութ կողմերը բացահայտեցիք:
Հա, ու վերջում ասեմ, էսքանից հետո եթե դուք մենակ Արմենչիկին եք դեռ հիշում, դա ապացուցում է միայն, որ ոչ էլ սրտացավ եք երաժշտության ու ձեր ասած «որակյալ» երաժշտության հարցերով: Եթե սրտացավ լինեիք, հիմա էլի լիքը անուններ կհիշեիք ու կքննադատեիք նույն խանդավառությամբ: Ասենք, մեկն ինձ կբացատրի՞, թե էդ որակապես ինչով են Արմենչիկից ավելի լավը Արման Հովհաննիսյանը, Անդրեն կամ էլ էս վերջերս իր ուժերը հիփ-հոփում փորձող Ալլա Լևոնյանը… Հանգիստ թողեք մարդուն ու անցեք առաջ, մեկ է՝ վաստակավոր կոչումով, թե առանց դրա, ինքն էն տղեն է, որ կարողանում է մարզադաշտեր լցնել, ու էդ մի մարզադաշտ մարդը պատրաստ է հոշոտել իրենց սիրելի կատարողին վիրավորողներին: Կարծում եմ, որ այ դա է, անկախ ամեն ինչից, վաստակավոր արտիստ դարձնում Արմենչիկին: