Ես մի օր կգրեի քո մասին։ Կպատմեի բոլորին այն, ինչ տեսել են աչքերս, ինչ զգացել է մաշկս... Ու կհավատացնեի նրանց, որ նրանք ոչինչ չեն հասկանում այս կյանքում։ Որ նրանք անգամ պատկերացում չունեն, թե ինչ է սերը։ Ես կծիծաղեի նրանց վրա, համոզված լինելով, որ նրանք երբեք գետնից բարձր չեն եղել։ Որ նրանք երբեք չեն բարձրացել վերև ու չէին կարող տեսնել այն, ինչ տեսել եմ ես։ Անգամ նրանք, ովքեր ճանաչում են քեզ։ Անգամ, եթե տեսել են մոտիկից, խոսել քեզ հետ։ Չէ, նրանք ոչինչ չգիտեն...
Ես կգրեի, որ քո աչքերում ես ավելի սիրուն էի։ Այդպես չի լինում, բայց ես սիրում էի ինձ քո հայացքում։ Ես ուզում էի ապրել այնտեղ։ Կպատմեի նրանց, որ այնտեղ տաք է, հարմար ու հաճելի։ Որ ինձ քո աչքերից բացված աշխարհը դուր է գալիս։ Ու նրանք, մեկ է, ոչինչ չէին հասկանա։
Ես կգրեի, որ քո մատներն անմարդկային նուրբ են, ու այդպես երբևէ դեռ ոչ ոք չի փշաքաղվել հպումներից, ինչպես ես ու դու։ Նամանավանդ դու։ Որ նրանք չգիտեն, թե ինչ է իսկական համբույրը։ Ու ծիծաղելի է անգամ մտածել, որ որևէ մեկն այս աշխարհում համբուրվելուց զգացել է այն դողը, ինչ դու ու ես։ Նամանավանդ ես։
Ես կպատմեի բոլորին, որ քո երազանքներն այնքան գեղեցիկ են, որ չկատարվելու իրավունք չունեն։ Որ լինել այդ երազանքներից մեկը երջանկություն է, ու որ դա նրանք հաստատ չեն հասկանա։ Բոլորին վիճակված չի երազանք լինել։ Հպարտ էի...
Ես կգրեի քո խոսքերի մասին։ Օ, խոսքերի մասին երկար կգրեի։ Կլարեի հիշողությունս ու թղթին կհանձնեի քո բոլոր բառերը, որոնք եթե հավաքել միասին, կստացվեր աշխարհի ամենասիրուն պոեմը՝ նվիրված սիրուն։ Բայց նրանք դա չէին կարդա։
Ես կհավատացնեի մարդկանց, որ սերը գալիս է անսպասելի, և պետք է ուղղակի հավատալ։ Որ պետք է վստահել սրտին։ Որ կյանքում մի անգամ հանդիպում է մարդ, ով այս աշխարհից չէ։ Ով գալիս է մեր աշխարհը ներկելու համար։ Եվ ում հանդիպելուց հետո կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչ նրան հանդիպելը և նրան հանդիպելուց հետո։
Ես կպատմեի, որ այդ մարդն անսահման բարի է։ Եվ ինչ հաճելի է զգալ, որ նա կա։ Ու որ ընտրել է հենց քեզ։
Ես մի օր կգրեի քո մասին։ Բայց մարդիկ հեքիաթներ չեն սիրում։