Հերթական անգամ հետաձգվել է Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի դատավարությունը: Հիշեցնեմ, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Եղիշե Գևորգյանը 2010թ. հունվարի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում կնոջ` Ռուզաննա Մարդանյանի և 3 անչափահաս երեխաների հետ «Երազ» մակնիշի ավտոմեքենայով բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող զորամասի մարտական հենակետի տարածք: Չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին՝ Եղիշե Գևորգյանը շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:


Հիշեցնեմ նաև, որ սա առաջին աղմկահարույց դեպքերից էր, որ լայն քննարկվեց համացանցով, ու որ ամենատարօրինակն է՝ այս սրիկաների վերադառնալուց հետո մենք արդեն մի քանի ամիս է՝ հետները նազուտուզ ենք անում, քաղաքապետարանի պլանավորած ծառատունկեր են չեղարկվում, ինչ է թե սույն պարոնին հարմար չի մեքենա կայանել: Հիմա էլ դրած ինչ-որ ձգձգում են դատավարությունը:


Կարծում եմ, որ նույն Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան հանձնվելու որոշման վրա մեծ դեր է ունեցել այս ազգի դավաճանների պատմությունն ու օրինակը: Զուտ հոգեբանական առումով, տեսեք, ինչ նախադեպ է ստեղծվում. գնա, հանձնվի, ինչ էշություն ուզում ես՝ դուրս տուր, ինչ դավաճանական հայտարարություն ուզում ես՝ արա, հետո եթե վերադարձնեն էլ՝ բան չի լինելու, այն է, որ հայհոյելու են, բայց դե թող հայհոյեն, դրա մեջ վտանգավոր բան չկա:

Հայ հենց այս կարծրատիպը պետք է կոտրվի, ու Եղիշեին էլ, դրա կնոջն էլ պետք է իրենց վերագրվող հոդվածներով տան հնարավորինս ամենախիստ պատիժը, որպեսզի վաղը նոր վահանմարտիրոսյանների չգայթակղեն իրենց օրինակներով, ու հստակ լինի, որ ազգի դավաճանները ոչ միայն հայհոյանքների ու պարսավանքի են արժանանալու, այլ օրենքով սահմանված խիստ պատժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել