Qahana.am–ը գրում է.

Գուշակների մոտ գնալը մեղք է մի քանի պատճառներով. Նախ` Աստված մեղք է համարում գուշակություն անելը (տե՛ս` Բ Օրենք 18: 10-14): Այսպես` նրանք, ովքեր գուշակությամբ են զբաղվում, խախտում են Տիրոջ պատվիրանը, իսկ նրանք, ովքեր նրանց մոտ են գնում, մասնակից են դառնում մեղքին: Երկուսի համար էլ սահմանված է դատաստան, որովհետև Տերն ասում է, որ եթե կույրը կույրին առաջնորդի,  երկուսն էլ փոսը կընկնեն (տե՛ս՝ Ղուկ. 6: 39): Երկրորդ`գուշակին հավատալը մեղք է, որովհետև Աստված պատվիրում է վաղվա համար հոգս չանել.  (տե՛ս՝ Մատթ. 6: 34): Այս պատվիրանը Տերը տալիս է Իրեն և միայն Իրեն վստահելու կոչ անելով, որովհետև, իհա՛րկե,  այսօր և վաղը անփորձանք, կուշտ և ապահով լինելը կարևոր է, սակայն դա չպետք է լինի հավատքի կորստյան միջոցով: Նրանք, ովքեր հավատում են գիր բաց անողներին, մեղք են գործում, որովհետև հույսները դնում են, ոչ թե Աստծու, այլ` գրբացի կատարած գործողության վրա: Միևնույն ժամանակ նրանք խախտում են Տիրոջ պատվիրանը` թշնամանալով երևակայական թշնամու` թուղթ ու գիր անողի, հետ: Մինչդեռ Տերը պատվիրում է. «Սիրեցեք ձեր թշնամիներին» (Մատթ. 5: 43-48): Երրորդ` նրանք գայթակղություն են մարդկանց համար, որովհետև իրենց չար օրինակով վարակում են մյուսներին, իսկ գրբացին իր չար գործունեության քաջալերանք և նյութ են տալիս: Խղճալի են այդ մարդիկ, որովհետև իրենց վախերի և անհավատության պատճառով չեն վայելում այս կյանքը, իսկ հանդերձյալում էլ դատաստանի են արժանանում մեղքի պատճառով` ըստ Տիրոջ պատվիրանի. «Վայ նրան, ում ձեռքով գայթակղությունը կգա» ( տե՛ս` Ղուկ. 17: 1-3):

Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել