Տաշքենդում սեպտեմբերի 26-ից մեկնարկել է արդեն 17–րդ անգամ կազմակերպվող կանանց թենիսի 250 հազար դոլար մրցանակային հիմնադրամով WTA Tashkent open անվանումով բարձրակարգ մրցաշարը, որի գլխավոր մրցանակները վիճարկում են Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի 100-ից ավելի առաջատար թենիսիստուհիներ:
Արդեն հետևում են մնացել Որակավորման փուլի հանդիպումների ավարտից հետո ի հայտ եկան 32 ուժեղագույնները, ովքեր մենախաղի հիմնական մրցաշարում շարունակում են պայքարը ստուգատեսի պարգևների համար:
Իրազեկել ենք, որ գերմրցաշարի մասնակիցների թվում էնաև WTA-ի համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում ներկայումս 73-րդ հորիզոնականը զբաղեցնող հայազգի 21-ամյա թենիսիստուհի, կանանց թենիսի ՌԴ ազգային հավաքականի անդամ, հուլիսին Բաքվի գավաթի միջազգային խաղարակության նմանատիպ գերմրցաշարի կրկնակի հաղթող ու հերոսուհի Մարգարիտա Գասպարյանը: Նախօրերին նա մենախաղի 1-ին շրջանում՝ 1/16-րդ փուլում, չխնայեց ու 7:6 (2), 6:1 հաշվով պարտության մատնեց ու հետագա մրցապայքարից դուրս թողեց այս գերմրցաշարում զուգախաղի իր խաղընկերուհուն՝ ՌԴ հեղինակավոր ու փորձառու ռուս թենիսիստուհի, 26-ամյա Ալեքսանդրա Պանովան, ով հիմա WTA-ի համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում 131-րդ տեղն է զբաղեցնում:
Իսկ ահա երեկ Գասպարյանն ու Պանովան, ովքեր WTA-ի համաշխարհային դասակարգման զուգախաղի ցուցակում ներկայումս զբաղեցնում են համապատասխանաբար 86-րդ և 42-րդ տեղերը, կրկին միասին ելան խաղահրապարակ, սակայն ոչ թե միմյանց դեմ, այլ այս անգամ արդեն իրար հետ: Նրանք զուգախաղի 1/8-րդ փուլում մրցեցին Նաո Հիբինո (Ճապոնիա, զուգախաղի 194-րդ վարկանիշ) /Անգելինա Կալինինա (Ուկրաինա,265) երկյակի հետ: Գասպարյան/Պանովա զույգը, որ Բաքվի վերոհիշյալ գերմրցաշարի հաղթող էր, այս անգամ ևս իր բարձրության վրա գտնվեց ու ընդամենը 1 ժամ 7 րոպեում 6:4,6:2 հաշվով առավելության հասավ մրցակիցների նկատմամբ: Գասպարյան/Պանովա զույգը մտավ զուգախաղի քառորդ եզրափակիչ, որտեղ արդեն կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Քերոլին Դանիելս (Գերմանիա, զուգախաղի 169-րդ վարկանիշ) /Լիդիա Մորոզովա (Բելառուս,133) երկյակի հետ մրցամարտում:
Հիշեցնենք, որ մենախաղում էլ 1-ին շրջանի արգելքը հաջողությամբ հաղթահարած Մարգարիտան 2-րդ շրջանում՝ 1/8-րդ փուլում, հանդիպելու է 21–ամյա գերմանուհի Աննա-Լենա Ֆրիդզամի հետ, ով WTA-ի համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում հիմա 109-րդ տեղն է զբաղեցնում:
Տեղեկացնենք նաև, որ այս գերմրցաշարի մենախաղի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 3-ին ու կարժանանա 43 հազար դոլար պարգևավճարի և վարկանիշային 280 միավորի, իսկ զուգախաղի հաղթողներին էլ բաժին կհասնի 12300 դոլար պարգևավճար ու վարկանիշային 280 միավոր:
WTA Tashkent open գերմրցաշարի ընթացքի մասին առավել մանրամասն ու հրատապ տեղեկություններ կարող եք իմանալ tennis.uz/news.php?n=171 կայքից:



