Տոնակատարությունների վերաբերյալ
Դժվար է պատկերացնել, որ համայնքն ունի խնդիր, որն արժե գումար, գումար է ծախսվում տոնակատարության համար, սակայն այդ ամենն անհրաժեշտ է որպես համայնքի անդամի ուրախության նախաձեռնություն:
Ինչ անել, և ինչպիսի հնարավոր զարգացումներ ենք կարող արձանագրել մեր երկրում այս հարցի ուսումնասիրությամբ և որպես զարգացումներ ու հեռանկարներ:
Գյումրու ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք ծրագիրը ՀՀ վերջին քառորդ դարում իրականացված ամենախոշորածավալ և հանրության ամենատարբեր խավեր ընդգրկող մեկամյա ծրագիրն էր, որը կարողացավ ստեղծել ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ ենթակառուցվածքների ստեղծման ու դրական զարգացումներ ապահովող միջավայր, որը ստեղծեց լավատեսության մոդել երկրում:
Այս ծրագրն ունեցավ մի կարևոր հանգրվան, երբ, ասենք, Քանդակագործության Սիմպոզիումը, իրականանալով որպես ծախս, չմնաց վճարման միայն կառավարության միջոցների հաշվին, այլ ունեցավ նաև համայնքային, մարզային ու անհատական ներգրավվածություն ու ներդրումներ և ստեղծեց ենթակառուցվածք:
Սա իրապես դարձավ հանրային միջոցառում, որն իր բոլոր դրական և բաց կողմերով հանդերձ կանխանշեց հանրային միջոցառումների անցկացման հնարավոր բոլոր ուղղությունները, ներգրավվածության հարթությունները և հետագա զարգացումների մղող բոլոր դրդիչներն ու միջավայրերը:
Գալով տոներին ու մշակութային միջոցառումներին՝ մեր համար պարզ դարձավ, որ ցանկացած միջոցառում, եթե ուղղված չէ ենթակառուցվածքների ստեղծմանը կամ միջոցների հայթայթմանը և առավել մեծ ծրագրային նպատակի իրականացմանը, իրենից ենթադրում է սոսկ ծախս, որը չի կարող հետ գալ և ուղղակի ստեղծում է սոցիալական պարտավորություն և անվերաջանալի ներդրում՝ առանց հետդարձի ու կառուցողականության:
Վերջին օրերին շրջանառվում է Էրեբունի-Երևան և հետևաբար համայնքային տոնակատարությունների գումարը սոցիալական և պաշտպանական խնդիրների նպատակով օգտագործման շարժում, որը խորը սխալմունք է և ամեն ինչ սոցիալականացնելու հանրային (արդարացված, բայց ոչ հիմնավորված) փորձ:
Ինչո՞վ է խոցելի այս տեսակետը. մի՞թե միջոցառումը, որը ձևավորում է քննադատական ճաշակ և ճաշակի փոխհարաբերություն ներքին և արտաքին աշխարհի համեմատ, պետք է դադարեցնել ու կանգ առնել, կամ մի՞թե վատ է քաղաքաշինական միջավայրի մեջ աշխույժություն մտցնելը և կենդանություն հաղորդելը։
Մի՞թե կարիք չկա անելու ծախսեր և ստեղծելու դրական տրամադրվածություն ու քաղաքացիական հարթակ։
Իհարկե, այդ ամենը ոչ թե պետք է, այլ խիստ կարևոր է և, ուղղակի լինելով անվերջանալի ու երբեմն մեծ գումարների ծախս, տանում է դեպի անվերջ միջոցների հայթայթման հարթություն, որը դատարկում է համայնքային բյուջեները, բայց ձևավորում է հոգևոր մշակութային միջավայր:
Մեր կարծիքով՝ կարիք կա տոնակատարությունների ու միջոցառումների բյուջեները սարքել բաց և հանրային ներդրմամբ:
Ցանկացած միջին ու փոքր բիզնեսից սկսած ու վերջացրած համայնքային խոշոր հարկատուներով և գործարար խմբերով, եթե ներգրավվեն տոնակատարություններ և միջոցառումներ անելու գործին, կարող են ծածկել համայանքային ներդրումների որոշակի հատվածը (նորմալ է համարվում համայնքային տոնակատարությունների ժամանակ երեսունից մինչև յոթանասուն տոկոս ներդրումային բյուջե ունենալը)։
Եվ առավել ևս համայնքային միջոցառումները կարող են դառնալ համայնքային միջոցների համալրման, նոր նպատակային ծախսերի կատարման հրաշալի միջոց և անգամ իրականացվել տարվա մեջ մի քանի անգամ կամ էլ փոքր թաղայինից մինչև երկու-երեք թաղերի կողմից իրականացված միջոցների հայթայթման հրաշալի հնարավորություն:
Կոնկրետ Երևանի կամ ցանկացած համայնքի դեպքում այս միջոցառումները կարող են ծառայել որպես համայնքային կամ թաղային ինչ-ինչ հանգուցային խնդիրների լուծման լավագույն միջոցների հայթայթման ձև կամ հանրային առաջարկների հավաքագրման ու դիտողությունների շտեմարանավորման լավ տարբերակ:
Այս ամենը ստեղծում է կրեատիվ ինդուստրիայի հիմքեր, ինչին, ցավոք սրտի, դեռ չի ենթարկվում ոչ մի ոլորտ կամ մշակութային ուղղություն, և ինչի պատճառով ցանկացած հանրային կամ բուն արվեստի գրականության երաժշտական ու մշակութային դասական միջոցառում դառնում է միայն ծախս և անվերջ հյուծում մեզ թե՛ գաղափարապես, թե՛ սոցիալապես
Եթե երկիր ժամանած զբոսաշրջիկի ծախսը հարյուր դոլար է մեկ օր հյուրընկալվելու համար, ապա գնած հուշանվերը կամ որևէ իր պետք է կազմի այս գումարի գոնե երեսուն տոկոսը, որը լիովին հնարավոր է, և ապացուցելու կարիք չկա:
Ամեն դեպքում մշակույթը նույնքան բիզնես է և կարող է կրեատիվ ինդուստրիայի շրջանառման դեպքում ինքը հոգալ իր ծախսերը և գնալ վճռական զարգացումների ու փոփոխությունների։ Սովորաբար այս ամենի մասին խոսելիս հիշարժան է դառնում բելոռուսական ութ հազար ք /մ տարածքով Միռսկի ամրոցը, որի մեկամյա բյուջեն կազմում է մեկ ու կես միլիոն դոլար, և սա սոսկ իր հաշվեհամարին և մեր դեպքում, օրինակ, խիստ օգտակար կլինի ՀՆԱ-ի աճը համայնքում, որը և առաջին քայլ է դառնում առավել շրջանաձև մտածողության դեպքում։
Դեռ վաղ է այս ամենի կուռ և կազմակերպված իրականացման համար, սակայն մխիթարողը հենց համայնքային տոների ու միջոցառումների բումն է, որով հնարավոր է դառնում այս ամենն առավել քան զարգացման հարթակ ուղղորդելու և մեր հանրային ու կենցաղավարական կյանքը բարելավելու համար: