Հայաստանում ՏԻՄ կոչված համակարգը, ի հեճուկս այն տարիներ շարունակ գովերգողների, ոչ միայն չի կայացել ու չի կայանալու երբեք, այլ հանդիսանում է էս երկրի ամոթը: Այո, չեմ վարանում այդ բառն օգտագործել, քանի որ օրենքն ուղղակի եվրոպականից վերցրել ու առանց հաշվի առնելու մեր ազգային առանձնահատկությունները, մեր ազգային բնորոշ մտածելակերպն ու մենթալիտետ կոչվածը, copy-paste տարբերակով կիրառել ու կիրառում են Հայաստանում:
Ի՞նչ խոսք, Հայաստանը Հայաստան է, և եղած բարքերն ու սովորույթներն էլ հայկական են ու վատ էլ չեն: Ուղղակի ակնկալել, որ Հայաստանում որևէ համայնքում որևէ մեկը (չնայած եզակի դեպքերը կան) կամ ավելի ստույգ մեծամասնությունը համայնքապետի թեկնածուների միջև ընտրություն կատարելիս կնախընտրի ոչ թե բարեկամական ու ազգակցական, խմանիահարևանական և այլ կապեր, այլ ուղղակի կրթության ու համապատասխան պաշտոնում աշխատելու ոճն ու հնարավորությունները, անիրականալի են, զուտ ցանկության ոլորտից են: Այդ պատճառով ավելի շատ փոքր համայնքներում, գյուղերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, համայնքապետեր են դառնում նրանք, ովքեր ունեն ոչ թե կրթություն կամ աշխատելու ձիրք ու կարողություն, այլ ունեն մեծ ազգություն, մեծ բարեկամություն: Տեսականորեն գյուղերում որպես կանոն մեծ ազգությունները կարող են նաև իրենց ներսում եղած խելառին, գժին (կներեք արտահայտությանս համար) կարգել համայնքապետ, ավելի ճիշտ պատիժ համայնքի գլխին:
Պարզ է, որ նման համակարգում միայն մի տեղ է ձեռնտու այդ անկատարության նույնությամբ ներդրումը, այն, որ նույն մեծ ազգություն ունեցող գիժն ու խելառը համապատասխան չափով իր «ունեցածը» կարող է ծառայեցնել ընտրությունների ժամանակ համապատասխան իշխող կուսակցությանը, նաև վերարտադրվող կամ իշխանությունների համար նախընտրելի թեկնածուին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել