Ես գիտեմ՝ ինչ ա զգում որդիներ կորցրած մայրը։ Ես տեսել եմ՝ ոնց ա մաշկի տակից նրա սիրտը կծկվում։ Տեսել եմ աչքերի անկյուններում լճացած արցունքները։ Ես գիտեմ՝ ոնց ա ամեն գիշեր աղոթում նրանց համար ու ներում, ներում, ներում նրանց...
Իսկ ես չէ։ Չեմ կարող ներել մեռած, բայց մեր հետ նույնը օդը շնչող նրա տղաներին։ Ու ոչինչ, ոչ մի պատճառ, ոչ մի հանգամանք, ոչ մի հիմնավորում չի կարող արդարացնել այդ որդիների կենդանի լինելը, ապրելը։ Չկա մի բան, որը կօգնի նրանց հետագայում նայել իրենց զավակների աչքերի մեջ։
Բարեկամ, հարազատ... Կարծում եմ՝ գիտակից մարդիկ վաղուց են հասկացել, որ այս բառերը դադարել են արյան հետ որևէ կապ ունենալ։ Բարեկամը բարի կամեցողն ա, հարազատը՝ կողքիդ կանգնածը։ Իսկ արյունակիցը, անգամ ընտանիքի ծառի ամենամոտ, ամենակարճ ճյուղի վրա գտնվողը կարող ա խփել. թիկունքից, ու լափել քեզնից մնացած վերջին փշուրները։
Ագահությունն ամենամեծ մեղքերից մեկն ա, որով տառապում են մարդկանց շատերը։ Դժվարանում եմ ասել՝ ինչ է լինելու մահից հետո, բայց, ամեն դեպքում, համոզված եմ, որ ամեն մեկի մեջ պետք է վախ լինի իր գործած արարքների համար, ու թող յուրաքանչյուրը դա անվանի՝ ինչպես կուզի. վախ Աստծու առաջ, վախ խղճի, վախ ինքն իր առաջ...
Ես վաղուց եմ հասկացել, որ ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չի։ Որ ամբողջ աշխարհում կա միայն մեկը, ում վրա կարող ես միշտ հույս դնել։ Ով միշտ կլսի, կհասկանա, կօգնի։ Դա դու ես։ Ուրիշ ոչ ոք։ Անիմաստ է ասել, որ երբեմն ինքդ էլ կարող ես քեզնից երես թեքել... Ու դու միշտ մենակ ես։
Սիրտն անտակ չի։ Լցվում ա։ Դիմանում ես, դիմանում, մեկ էլ, հոպ... Ու զգում ես, որ մեջտեղից կիսվում ես արդեն, որ ապրումները գլուխ են բարձրացրել ու գոռում են։ Որ ուզում ես բարձր գոռալ, լացել, պատմել ինչ-որ մեկին ամեն ինչ, ցույց տալ, որ իրականում դու էդքան ուժեղ չես, որ դու հոգնել ես տղամարդ լինելուց, որ դիմանալու ինչ-որ սահմաններ կան, որ դրանցից հետո բոլորը հանձնվելու իրավունք ունեն, որ դու էլ ես էդ բոլորի թվում, ինչքան էլ քո սահմանները լայն լինեն... Որ ուղղակի ուզում ես՝ մեկը ձեռքդ բռնի ու հասկանա, որ էդ ժպիտը պաշտպանիչ վահան ա, ու ավելի մոտ չթողնելու հիմար պատրվակ... Դու կիմանաս, որ ամեն ինչ լավ չի լինի. գոնե հիմա, դեռ լավ չի լինի, դժվար կլինի, ցավոտ, անտանելի ցավոտ, բայց իրապես հարազատ մարդու ձեռքը բռնած ավելի հեշտ է ցավին դիմանալ...
Ի վերջո, պարտությունը բոլորիս համար ա։ Երեկ ես հաղթում էի, այսօր ստիպված եմ թաքնվել ինչ-որ անկյունում ու լաց լինել՝ չկարողանալով փոխել այն, ինչ ինձնից կախված չէ։ Վաղը գուցե հաղթանակն ինձ էլի ժպտա։