Արամ Աշոտի ՍարգսյանՀԱՐՑ

Ի՞նչ հետևանքներ և բարդություններ կարող է ունենալ ԱԲՈՐՏԸ:

Հարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Հղիության առաջին իսկ կասկածի դեպքում (դաշտանի ուշացում) դիմե՛ք գինեկոլոգին, մի՛ հետաձգեք, թանկ է յուրաքանչյուր օրը։ Երբեք մի մտածեք ինքնուրույնաբար ազատվել հղիությունից։ Մինչ որոշում կայացնելը մեկ անգամ ևս ծանրութեթև արեք։ Խորհրդակցե՛ք բժշկի հետ, թե հղիության ընդհատման որ եղանակն է առավել անվտանգ։ Ընդհատելով հղիությունը՝ դուք ռիսկի եք ենթարկում Ձեր առողջությունը, ապագա մայրությունը և Ձեր կանացի երջանկությունը։ Յուրաքանչյուր կրկնակի վիրահատություն բազմակի անգամ մեծացնում է այդ ռիսկը։ Աբորտից հետո բարդությունները լինում են երկու տեսակի` վաղ և ուշ։ Վաղ բարդություններն առաջանում են աբորտի ժամանակ կամ անմիջապես հետո։ Դրանք են`

- Արգանդի պատերի ամբողջականության խախտում (պերֆորացիա` թափածակում) և պատռվածք, որոնք բերում են խոշոր անոթների վնասման, միզապարկի և աղիների վնասվածքի, պերիտոնիտի, արյունահոսության

-Արգանդի պարանոցի վնասվածք, որն արտահայտվում է դրա հետագա անբավարարությամբ, ինչն էլ իր հերթին բերում է հղիության կրելախախտի 

- Արյան մակարդունակության խաթարում

- Պտղաձվի մնացորդների կասեցում արգանդի խոռոչում` հետագա արյունահոսությամբ, վարակահարությամբ, որի պատճառով կատարվում է արգանդի խոռոչի կրկնաբար քերում

- Սեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդությունների սրացում

Ուշ բարդություններն են՝

- Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ

- Հորմոնային խանգարումներ

- Էնդոմետրիոզ

- Չբերություն

- Հաջորդ հղիության ընթացքի բարդություն (ուշաժամկետ վիժում, արտարգանդային հղիություն)

- Հաջորդ հղիությունների և ծննդաբերությունների ընթացքի բարդություններ (մեծանում է մեռելածնության և նորածինների հիվանդությունների հաճախությունը)

- Ավելանում է ֆոնային և չարորակ հիվանդությունների (կրծքագեղձերի, արգանդի լորձաթաղանթի և պարանոցի) վտանգը

Որպեսզի աբորտից հետո առավելագույնս նվազեցնել բարդությունների առաջացման ռիսկը, անհրաժեշտ է հետևել մարմնի ջերմաստիճանին, սեռական ուղիներից արտադրության բնույթին և քանակությանը, աղիների և միզապարկի ժամանակին դատարկմանը, ընդհանուր ինքնազգացողությանը։ Ինչի մասին պետք է հիշել աբորտից հետո. բարձր է բարդությունների առաջացման հավանականությունը, որոնցից շատերը կարող են դրսևորվել մի քանի տարի անց։ Կանանց մեծամասնության մոտ բեղմնավորման ունակությունը վերականգնվում է աբորտից 11-14 օր անց, որը կարող է բերել նոր հղիության։ Ինչպես խուսափել կրկնակի աբորտի վտանգից:

Հոգ տարեք հակաբեղմնավորման մասին անմիջապես աբորտից հետո։ Խորհրդակցեք Ձեր գինեկոլոգի հետ, որպեսզի նա ընտրի Ձեզ համար առավել անվտանգ և արդյունավետ բեղմնականխման մեթոդը։

Ձեր հարցերը գինեկոլոգին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին գրելով:

«Գինեկոլոգին հարց ու պատասխան» բաժնի մյուս նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել