Խորվաթիայի Պորեչ քաղաքում սեպտեմբերի 21-ից ընթանում է 8-18 տարեկան պատանիների և աղջիկների՝ շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունը, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41 երկրի 838 մարզիկ՝ 354 շախմատիստուհի, 484 շախմատիստ է հանդես գալիս: Սովորականի նման ստուգատեսին ներկայացուցչական կազմով է մասնակցում Հայաստանը, որն այս անգամ 24 պատվիրակ ունի՝ 16 շախմատիստ ու 8 շախմատիստուհի:
Ինչպես արդեն հայտնել ենք, մեր պատվիրակները հիմնականում հաջող են մեկնարկել, և նրանցից մի քանիսն առաջատարների խմբում են ու հավակնում են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: 
Հատկապես գերազանց էին մեկնարկել ու առաջին 5-րդ տուրերում 5 անընդմեջ հաղթանակներ էին տոնել մինչև 8 և մինչև 12 տարեկանների խմբերում հանդես եկող երևանցի Ռոբերտ Փիլիպոսյանն ու գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, ովքեր լիովին առաջ էին շարժվում չեմպիոնական գրաֆիկով:
Առաջին անգամ նման պատասխանատու ստուգատեսի մասնակցող Ռոբերտը, ցավոք, երեկ մեկօրյա հանգստից հետո տեղի ունեցած 6–րդ տուրում առաջին պարտությունոը կրեց: Նա սպիտակներով զիջեց Բելառուսի պատվիրակ Միխայել Նավումենկային: Չնայած կրած այս անհաջողությանը՝ Փիլիպոսյանն իր տարիքային խմբում առայժմ ընթանում է 2-րդ տեղում, սակայն մրցաշարային աղյուսակը գլխավորող Նաումենկային հիմա զիջում էարդեն 1միավորով: 
Իսկ ահա վերելքով հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը շարունակեց իր հաղթարշավը:Նա այժմ ստուգատեսին մասնակցող Հայաստանի պատվիրակներից միակն է, ով այստեղ խաղացած իր բոլոր 6 պարտիաներում էլ հաղթանակ է տոնել: Գյումրեցի պատանի շախմատիստը բավական մոտ է իր անցյալ տարվա հաջողությունը կրկնելուն: Հիշեցնենք, որ 2014թ.-ին նա արդեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր մինչև 10 տարեկանների մրցաշարում:
Ղարիբյանը հիմա իր տարիքային խմբում միանձնյա առաջատարն է ու 2-3-րդ տեղերը բաժանող Հունգարիայի պատվիրակ Ալեքս Կրցուլովիչին ու Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալբերտ Թոմասին գերազանցում է 1-ական միավորով: 
Մ18 տարեկանների խմբում առաջին 3 տուրերում 3 անընդմեջ հաղթանակներից հետո 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղացած 17-ամյա ստեփանակերտցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանն իր ակտիվում գրանցած 4,5 միավորով 1-ից տեղից նահանջեց 3-րդ հորիզոնական: 
Մ14 տարեկանների խմբում 2014թ Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Արամ Հակոբյանն, ով այս անգամ նպատակ ունի ոսկե մեդալ նվաճել, առայժմ վաստակած 5 միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում և առաջատարից՝ ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյից միայն կես միավորով է ետ մնում: Այս տարիքային խմբում ՀՀ պատվիրակ Դավիթ Միրզոյանը 4,5 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 
Աղջիկների մրցաշարին մասնակցող Հայաստանի պատվիրակներից առայժմ լավագույն արդյունքն ունի Մ10 խմբում 4,5 միավոր վաստակած Հասմիկ Քոչինյանը, ով ընթանում է 7-րդ տեղում: Այս խմբում հանդես եկող ռուսաստանցի Եվա Ստեփանյան հաջող մեկնարկից ու 4 անընդմեջ հաղթանակրերից հետո վերջին 2 տուրերում միայն կես միավոր է կարողացել վաստակել ու հիմա զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 
Սփյուքահայ շախմատիստներից առավել հաջողը շարունակում են հանդես են գալ աղջիկների Մ16 տարեկանների խմբում ելույթ ունեցող Հոլանդիայի ներկայացուցիչ Աննա Մայա Ղազարյանը: Նա իր տարիքային խմբում 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդում են 5-ական միավոր վաստակած ռուսաստանցի Իրինա Դրոգովոզն ու լեհաստանցի Յուլյա Անտոլակը: 
Շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով ընթացող մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 30-ին՝ եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Այսօր մրցաշարում կանցկացվեն 7-րդ տուրի հանդիպումները: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել