Եթե դու չգիտես՝ ուր ես գնում, դու «այնտեղ» չես գնում…
Ըստ Պիտերի սկզբունքի՝ ցանկացած հիերարխիկ համակարգում յուրաքանչյուր մարդ ծառայողական աստիճաններով կարող է բարձրանալ մինչև որոշակի դիրքի հասնելը, որտեղ ինքն արդեն ի վիճակի չի լինում կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այսինքն՝ դառնում է ոչ կոմպետենտ, ոչ մտահասու: Այս աստիճանը կոչվում է տվյալ պաշտոնյայի ոչ մտահասության աստիճան, և նա, «կպչելով» այդ դիրքին, պատրաստ է ամեն բան անել այն չլքելու համար: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր պաշտոնյա ձգտում է հասնել իր ոչ մտահասության աստիճանին: «Ժամանակային սահմանափակումների բացակայության պարագայում,- պնդում է գիտնականը,-ցանկացած կառավարման համակարգի պաշտոնեական ողջ աստիճանակարգը` վերից վար, զբաղված է լինում ոչ մտահասու, ոչ կոմպետենտ մարդկանցով»:
Այսպիսի համակարգերը որակվում են որպես ՓՏԱԾ, իսկ նրանց կողմից կառավարվող օբյեկտները` լինեն դրանք պեռաշկի թխելու արտադրամաս, գործարան, գյուղական կամ քաղաքային համայնք, թե պետություն ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ, քանզի դրանց թխած պեռաշկին` ուտելու, գործարանի արտադրանքը` գնելու բան չեն, գյուղը, քաղաքն ու պետությունն էլ մանրից ավարվում ու ավերվում են: Այս վիճակում գտնվող համակարգերի կառավարիչները, անկարող լինելով հասարակության առջև ծառացած բազմաթիվ պրոբլեմները երևակելու, պարտ ու պատշաճ որևէ հարց լուծելու կարողությունից, արտաքուստ մտազբաղ ու մտահասու «ինդիվիդումների» «խաղեր տալով», իրականում զբաղված են միայն սեփական դիրքերի ամրապնդման, ինքնապահպանման, ինքնավերարտադրման խնդիրներով:
Մեր այսօրվա Հայաստանը, կարծես, Պիտերի տեսության լաբորատոր-փորձարարական ապացույցը լինի: Ամեն բան համընկնում է, միայն այն տարբերությամբ, որ մեզանում այսօր դրությունն էլ ավելի վատթար է, վիճակը` գրեթե անհույս, քանզի կառավարման ներկայիս համակարգից դուրս գտնվող գրեթե բոլոր ուժերն ու կազմակերպությունները, որոնք «տոգորված» են ներկայիս կառավարիչների տեղը գրավելու ճանապարհով երկրում ինչ-որ բան փոխելու մղումներով, կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների, անհատ առաջնորդների և էլչգիտեմինչերի իրենց դիրքերում արդեն, սեփական մտահասության, կոմպետենտության աստիճանի վերաբերյալ մարդկանց մոտ մեծ կասկածներ են հարուցում:
Սրանք, անվանումներով մեկը մյուսից տարբեր լինելով, իրենց հասկացողությամբ ապագայի մի երկիր են նկարագրում, որտեղ ժողովված ու միաբանված ողջ հայությունն ապրելու է իրենց պատկերացրած արժանապատիվ կյանքով, որտեղ տիրելու է մարդու նյութական բարգավաճությունն ու բարեկեցությունը, զվարճանքն ու ուրախությունը, որտեղ բացակայելու են կաշառակերությունը, պետության թալանը, անարդարությունը և ամբարիշտությունը, շահատենչությունն ու անբարոյականությունը:
Սրանց մեծամասնությունն այս նույն ճանապարհով մեկ անգամ արդեն անցած լինելով պետք է ըմբռնած լինեին, որ իրենց կրած արժեքային համակարգում, որն իրենց պատկերացրած ապագա Հայաստանի անկյունաքարը պիտի հանդիսանա, «հայի դրախտը» գոյություն ունենալ չի կարող, քանզի կաշառակերությունն այստեղ ոչ թե համակարգի կողմնակի արդյունքն ու արատն է, այլ նրա հիմքը, պետական միջոցների հափշտակումը` ըմդունված նորմ, պաշտոնեական դիրքի չարաշահումը` չգրված օրենք, քավորասանահերությունն ու խնամիականությունը` պաշտոնեական դիրքերի պահպանման ու ամրապնդման անհրաժեշտ միջոց, սեփական կուսակցության շահը վեր է պետական շահերից, իսկ քաղաքական, հասարակական դիրքն իրենց բալիկներին փոխանցվող ժառանգություն է և այլն, և այլն:
Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հոգևոր-բարոյական այս անկումից առ «ճշմարիտ Լույսն» ուղղորդող Ուղիներ որոնել, նոր, առաջանցիկ գաղափարներ գտնել: Սակայն մտավորականությունը, ում վրա դրված է այս Ազգափրկիչ Առաքելությունը, կարծես գոյություն չունի, մահացած է, կամ կողմնակի դիտորդի կարգավիճակ ստանձնած իր համար թամաշա է անում, սրան-նրան իր «վերևներից» քննադատում և դրանով ինքնաբավարարվում:
Հատուկենտ Բան ասողներին էլ լսող չկա…