Imyerevan.am-ը գրում է.
Հայկական տառապալից քրեադրամատիկ սերիալներին փոխարինելու են եկել երիտասարդական, վառ ու գունեղ սիթքոմները։ Ամերիկյան ծագում ունեցող այս ժանրը «ծնունդով» ռադիոյից է, այսինքն սիթքոմներ խաղում էին դեռ միայն աուդիո տարբերակով, հետևաբար այս ժանրին բնորոշ է գրոտեսկը։
Հայկական սիթքոմները նույնպես մի փոքր գրոտեսկային են։ «Դոմինո»-ի պարագայում սցենարիստները ընտրել են դասական կառուցվածք, այն ամերիկյան հեռուստապատմության և կինոյի դասագրքերում կոչվում է «անվստահելի պատմիչի սյուժե»։ Այսինքն՝ գլխավոր հերոսը հիմնականում դեռահաս է կամ երիտասարդ, ով ընկնում է ծիծաղելի և հիմար իրավիճակների մեջ, ներկայացնում է ամենասովորական իրավիճակը շատ ոչ ռեալիստիկ։ Պարտադիր չէ, որ նա հնարի ինչ-որ դետալներ, նա կարող է չափազանցնել կամ պատմել իրականությունը, պարզապես նրա իրականությունը շատ արտասովոր է։ Այս սիթքոմի դեպքում ընտրված է հենց այդ մոդելը, սակայն այստեղ գլխավոր հերոսները երեքն են՝ Միկա (Սոս Ջանիբեկյան), Գարիկ (Մհեր Խաչատրյան) ու Նարեկ Բավեյան (Նորիկ)։ Հիմնական դերասանական ծանրաբեռվածությունը Սոսի՝ այսինքն Միկայի վրա է։
Սիթքոմի ստեղծողները չեն հերքում, որ օգտնվել են ամերիկյան հայտնի ֆիլմերից, մասնավորապես` «Horrible bosses»/«Несносные боссы» ամերիկյան կատակերգությունից: Այնտեղ երեք ընկերներ ատում են իրենց տնօրեններին, ովքեր նրանց աշխատավայրը վերածել են դժոխքի։ Մեկի տնօրենը (Քեվին Սփեյսին) խոստացել է պաշտոնի բարձրացում, սակայն փոխարենը ինքն իր պաշտոնն է բարձրացնում։ Հենց այդպես էլ վարվում են խոհարար Միկայի հետ։ Նարեկ Բավեյանի հերոսն էլ ունի սեքսուալ հողի վրա շեղված տնօրեն, որը անընդհատ ուզում է գայթակղել վերջինիս։ Դա կրկին վերցված է «Horrible bosses»/«Несносные боссы» ֆիլմից՝ Ջենիֆեր Էնիսթոնի և Չարլի Դեյի սյուժետային գիծն է։ Սա տիպիկ կինոցիտատ է, պետք չէ անվանել սա զուգադիպություն։
Իրականում, ավելի լավ է, որ հայ սցենարիստները օգտվում են, թեկուզ և այսպես ակնհայտ, ամերիկյան կատակերգություններից և ստեղծում են չգռեհիկ հումոր, քան արհեստականորեն աճեցնում են քրեական սյուժետային գիծ և ստեղծում են հերթական «հովոյա-ցոգոլական» սերիալը։ «Դոմինոն» զվարճեցնում է, հայկական շուկայի համար ունի թարմ հեռուստահոտ, արդի է, հեռու չէ երևանյան իրականությունից (գլխավոր հերոսուհիներից մեկը փաբի տեր է)։ Ուրիշ հարց է, ինչքանով են վատը դեկորացիաները և ինչքան արհեստական է փաբը։ Դա մասամբ ներելի է. սա սիթքոմ է, այլ ոչ սերիալ։ Դեկորացիան կարող է թույլ տալ մատնել ինքն իրեն։ Լույսը, օպերատորական աշխատանքն ու մոնտաժը հեռուստաեթերի համար կրկին բարձր մակարդակի վրա են. զգացվում է, որ սիթքոմը եթեր է հեռարձակվում ընդհամենը շաբաթը երկու անգամ։
Ռեժիսոր Հարութ Խալաֆյանը մասնագիտությամբ դերասան է, և այս փաստը չի կարող անհետք մնալ. զգացվում է, որ դերասանների հետ աշխատում են։ Առանձին կերպով պետք է տարանջատել Սոս Ջանիբեկյանի դերասանական խաղը։ Առաջին անգամ նա կերտում է բնական, իրական և «մսային» կերպար։ Չկա պաթետիկ ռոմանտիզմն ու «կինոյի տղա» պիտակը, որը դերասանին անընդմեջ հրամցնում էին սցենարիստները նախորդ նախագծերում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ