ՀԱՐՑ
Ի՞նչ է վճարման կարգադրությունը, և ի՞նչ պետք է անել, երբ ստացել եմ վճարման կարգադրություն։
ՊԱՏԱՍԽԱՆ
Վճարման կարգադրությունը պարտատիրոջ (այն անձի, ում հանդեպ ունեք չկատարված դրամական պարտավորություններ) դիմումի հիման վրա դատարանի կողմից արձակվող և պարտապանին (Ձեզ) ուղղված որոշակի դրամական պարտավորություններ կատարելու կարգադրություն է։ Պարտատիրոջ պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:
Վճարման կարգադրությունը ստանալիս դուք համարվում եք պատասխանող և պարտավոր եք կատարել հետևյալ գործողություններից մեկը՝
- Եթե համաձայն եք ներկայացված դրամական պահանջի հետ՝ երկշաբաթյա ժամկետում պարտավոր եք կատարելու վճարման կարգադրությունում նշված գումարը պարտատիրոջը վերադարձնելու կամ վճարելու պահանջը,
- Իսկ եթե ամբողջությամբ կամ մասնակի համաձայն չեք ներկայացված պահանջի հետ, դուք իրավունք ունեք երկշաբաթյա ժամկետում ներկայացնելու առարկություն վճարման կարգադրությունը արձակած դատարան՝ հայտնելով Ձեր անհամաձայնության մասին։ Առարկություն ներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը դատարանի կողմից վերացվում է:
Այն դեպքում, երբ Ձեր կողմից վճարման կարգադրությունը (տեղեկացումը) ստանալու օրվանից հետո` երկու շաբաթվա ընթացքում, դատարանն առարկություն չի ստանում կամ ստանում է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման: Դատարանը պարտատիրոջ պահանջով բռնագանձման մասին դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ, որի հիման վրա էլ հարկադիր կատարողի (ԴԱՀԿ ծառայության) կողմից հարուցվում է կատարողական վարույթ և վճարման կարգադրությունում նշված գումարի չափով բռնագանձում է տարածվում Ձեզ պատկանող գույքի նկատմամբ:
Հարցին պատասխանեց Կարեն Աղաջանյանը (արտոնագիր 11)
Ձեր հարցերն իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին գրելով:



