Խորվաթիայի Պորեչ քաղաքում սեպտեմբերի 21-ից մեկնարկել է 8-18 տարեկան պատանիների և աղջիկների՝ շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունը, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41 երկրի 838 մարզիկ՝ 354 շախմատիստուհի, 484 շախմատիստ է հանդես գալիս: Սովորականի նման ստուգատեսին ներկայացուցչական կազմով է մասնակցում Հայաստանը, որն այս անգամ 24 պատվիրակ ունի՝ 16 շախմատիստ ու 8 շախմատիստուհի:
Արդեն կայացել են առաջին 3 տուրերի հանդիպումները: Այստեղ գրոսմայստեր Արտաշես Մինասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Հայաստանի պատվիրակներն ընդհանուր բավական հաջող են մեկնարկել: Այսպես, 100 տոկոսանոց արդյունք՝ 3-ական անընդմեջ հաղթանակներ են տոնել ու իրենց տարիքային խմբերում առաջատարների խմբում են միջազգային վարպետ, ստեփանակերտցի Մանուել Պետրոսյանը (մինչև 18 տարեկաների խումբ), գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը (Մ12) և երևանցի Ռոբերտ Փիլիփոսյանը (Մ8):
Մ14 տարեկանների խմբում ելույթ ունեցող ՖԻԴԵ-ի վարպետ երևանցի Արամ Հակոբյանն իր ակտիվում 2,5 միավոր է գրանցել:
Մեր աղջիկներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս և 2-ական միավոր են վաստակել Հասմիկ Քոչարյանը (Մ10), Նադեժդա Խաչատրյանը (Մ12) և Աննա Սարգսյանը (Մ14):
Սփյուքահայ շախմատիստներից առավել հաջող են մեկնարկել Ռուսաստանը ներկայացնող Եվա Ստեփանյանն ու Հոլանդիայի պատվիրակ Աննա–Մայա Ղազարյանը, ովքեր Մ10 և Մ16 տարեկան աղջիկների խմբերում վաստակել են 3 և 2,5 միավոր ու ընթանում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերում:
Շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով ընթացող մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 30-ին՝ եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետո: Սեպտեմբերի 26-ին առաջնությունում հանգստյան օր է:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:



