«Аналогов в мире этой машине нет» արտահայտությունը երևի շատերին է հայտնի. այն օգտագործում է ռուսական քարոզչությունը՝ ներկայացնելով սպառազինության ոլորտում իր ձեռքբերումները։ Սրա մասին շատ է գրվել, այդ պատճառով չեմ մանրամասնում։
Բայց եկեք ընդունենք, որ այս արտահայտության գաղափարական մասը մենք ևս շատ ենք օգտագործում՝ մեր ջրից աշխարհում չկա, մեր հացն ուրիշ համ ունի, բաստուրմա միայն մենք ենք կարողանում պատրաստել (և ինքնաթիռով ուղարկել աշխարհով մեկ սփռված մեր ազգակիցներին)։ Ասում ենք նաև, որ խելացի ենք ու տաղանդավոր, աշխատասեր ենք ու պրպտուն միտք ունենք, բայց կարծես թե չեմ հիշում, որ մենք երբևէ Մերսեդես պատրաստած լինենք։
Մեր ինքնագովությունը երբեմն բացատրում ենք քանակապես քիչ լինելով, տևական ժամանակ պետականություն չունենալով, գուցե՝ այլ պատճառներով, բայց չենք ուզում ընդունել, որ նաև ծույլ ենք ու անկազմակերպ։
Կարծում եմ՝ Մերսեդես հնարավոր է պատրաստել աշխատանքի կազմակերպման բարձր մակարդակ ստեղծելով։ Հակառակ դեպքում կլինի միայն ԵՐԱԶ, որը գործարանից դուրս գալուց ուղիղ տանում էին արհեստավորի մոտ՝ նորից հավաքելու։