Երբեմն այնպես եմ ափսոսում, որ պայծառատեսական ունակություններ չունեմ: Կան պահեր, որ կուզեի կողքից նայել: Դեմքերի արտահայտություններ, հայացքներ, որոնք կյանք արժեն: Օրինակ`
*Նորայր Քամալյանի, երբ չվարանեց անզեն դուրս գալ դիվերսանտների դեմ
*Արմեն Հովհաննիսյանի, երբ վիրավոր լինելով պայքարեց մինչև վերջ`ընկերներին փրկելու համար:
*Պատահաբար ականի վրա ոտքը դրածի կողքին մինչև վերջ, սեփական կյանքը վտանգելով պայքարող ու նրան փրկող ընկերոջ:
*Երկրաշարժից հետո, փլատակների տակ, մատը ծակելով, սեփական արյունով նորածին զավակին կերակրող մոր:
*Իր երիկամը հորը պատվաստելու համար վիրահատարան մտնող որդու:
*Քաղցկեղով հիվանդ դստեր հետ վերջին վալս պարող հոր:
Դրա կողքին`
*Սահմանն անցած սրիկայի դեմքը, որ վերջին անգամ երևի ետ չի նայել իր երկրի հողին, որովհետև գնում է դավաճանելու:
*Սիրահարված ընկերուհու բլբլոցը լսելով, նրանից այդ տղային պոկելու ծրագիր մտմտացող աղջկա դեմքը:
*Կոլեգային սևացնելու համար ստեր մոգոնող չկայացածի դեմքը:
*Իրեն բացահայտ շողոքորթողից զզվանքը թաքցնել փորձող պաշտոնյայի դեմքը:
*Անառակի դեմքը, որ իրեն սրբի տեղ դրած սփոփում է մի այլ անառակի պատճառով քանդված ընտանիքի մորը:
*Երեխայի դեմքը, որ ասում է.«Մամա ես սոված չեմ, ինձ համար կոշիկ առ, մրսում եմ»:
*Մարդու դեմքը, երբ հանկարծ հասկանում է, թե ինչ անչափելի միայնակ է ինքն այս աշխարհի ժխորի մեջ:
*Իրեն հրած, ցավեցրածին տարիներ անց, պատահաբար դրսում տեսնողի դեմքը:
...
Ամեն նախադասությունը մի ֆիլմ է, մի վեպ: 
Պատկերացրեք, ինչ կլինի, եթե այս ամենը կարողանանք ֆիքսել, կարևորել…
Գուցե պետք էլ չի, երևի դրա համար է, որ ես պայծառատես չեմ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել