Պարգևատրումներ, կոչումներ, շքանշաններ տալու կանոնիկ կարգն այնքան շատ նախաձեռնողականություն է պահանջում անձից, որ արժանապատվություն ունեցող մարդը հազիվ թե «ինքն իրեն առաջադրի»՝ չխոսելով արդեն այն մասին, որ ինքն իրեն վաստակաշատ գնահատող մարդն արդեն իսկ պրոբլեմներ ունի գնահատման երևույթի հետ: Հատկապես ստեղծագործող մարդն արդեն իսկ բազմաթիվ կասկածներ ունի իր ստեղծագործածի նկատմամբ, իսկ եթե չունի՝ արդեն իսկ կասկածելի է: Այնպես որ, մեր երկրում ինքնառաջադրումների գործող պրակտիկան արատավոր է: Հիմա կանոնիկից դուրս. երկուսուկես տարի առաջ հետազոտական նպատակներով ԱՄՆ Ֆիլիադելֆիա քաղաքում էի: Հետազոտությունս հայկական համայնքի ներսում էր և, բնականաբար, շատ էի շփվում տարբեր շերտերի հայերի հետ: Համայնքի բոլոր շերտերում եռում էր Հայաստանից մի դժգոհություն, որը մասամբ ուղղված էր իմ դեմ՝ որպես տվյալ պահին Հայաստանի թեկուզ ոչ պաշտոնական ներկայացուցչի, այսինքն՝ ինձնից մի տեսակ «հաշիվ էին պահանջում» կոնկրետ հարցի շուրջ: Ֆիլադելֆիայում իմ հայտնվելուց կարճ առաջ այնտեղ էր եղել մեր հայրենիքի նախարարներից մեկը, նեղ շրջանակներում հանդիպումներ էր ունեցել, նաև իր պատվին կազմակերպված ընդունուլեության ու հրաժեշտի ճաշերի էր մասնակցել նույն մարդկանց հետ և մեկ կոնկրետ մարդու տանը; Հայաստան վերադառնալուց հետո այդ տան գլխավորին շքանշան էր ուղարկել (չասեմ՝ ինչ շքանշան, թե չէ բոլոր փակագծերը կբացվեն)։ Համայնքի հատվածները եռում էին զայրույթից, որ իրենց լայն շրջանակի/շրջանակների հետ հանդիպումներ չեն եղել, և իրենց կյանքի հետ կապված խնդիրներով ՀՀ-ից պետական շքանշան է ստացել իրենց խնդիրների հետ իրենց կարծիքով կապ չունեցող մեկը:
Ինչպե՞ս են ստանում շքանշանները «շարքայինները»: Դարձյալ կոնկրետ օրինակ: Մերձավոր Արևելքի երկրներից մեկում հայագիտության և մանկավարժության մեջ իսկապես մեծ վաստակ ունեցող մեկը հայտնվել է «մանկավարժական վաստակ»-ի գնահատման ցուցակներում: Պատմում է այդ մարդը. «Մի օր հայաստանի դեսպանատնից զանգում են մեր տուն, կնոջս ասում են, որ Հայաստանից ձեզ բան են ուղարկել, եկեք տարեք»: Կինը տեղեկացնում է ամուսնուն: Վերջինս Հայաստանում շատերի հետ կապեր ուներ, և հաճախ էին ընկեր-բարեկամները «բաներ»՝ գիրք, նյութեր և այլն ուղարկում: Գնում է դեսպանատուն, հեռախոսներին պատասխանող քարտուղարուհին մի ծրար է տալիս և՝ «ցտեսություն»: Տեղում բացում է ծրարը և տեսնում շքանշան, որով ՀՀ-ն գնահատում է իր տասնյակ տարիների աշխատանքը: Դիր գրպանդ ու գնա: Իմաստ ունի՞ ասել, որ հենց միայն այս հասարակ ժեստը մարդու իրական վաստակի վրա թքել է նշանակում: Դեսպանն «ամեն արժող-չարժողի համար» ժամանակ, գուցե և ցանկություն չունի հոգնեցնող միջոցառումների, հանրայնացման, դրվատանքի...
Այս ամենից հետո ուզում եմ ավելացնել, որ այսօրվա մեր «առավ-փախավի» մշակույթում շքանշանը և նման բաները ոմանց պետք են «առավ-փախավ»-ում տեղավորվելու համար, բայց շատ է ազդում ընդհանուր բարոյականության նվազման վրա: