Արամ Աշոտի ՍարգսյանՀարց

Ի՞նչ անել ցավոտ դաշտանի դեպքում

Հարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Ցավոտ դաշտանը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնայինը կամ ֆունկցիոնալը, որպես կանոն, նկատվում է չծննդաբերած կանանց և հատկապես աղջիկների մոտ: Ցավերը կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ կամ դաշտանի հետ միաժամանակ և անցնել 1-3 օրից: Սովորաբար կնոջ տարիքի հետ այս ցավերը նվազում են և երեխա ունենալուց հետո գրեթե անհետանում: Ցավերի պատճառ կարող են լինել ներքին սեռական օրգանների թերզարգացումը և վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ, ինչպես նաև հորմոնային խանգարումները, անատոմիական կառուցվածքը, արգանդի չափից ավելի առաջ կամ հետ թեքվածությունը: Առաջնային ցավոտ դաշտանի պատճառ կարող է լինել նաև էնդոմետրիոզը, հիվանդություն, երբ արգանդի լորձաթաղանթը թափանցում է արգանդի մկանային շերտի կամ ձվարանային հյուսվածքի մեջ: Այդ էնդոմետրիոիդ օջախները դաշտանային պարբերաշրջանի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների (արգանդի լորձաթաղանթի արյունալեցում, լորձաթաղանթի շերտազատում և այլն), որոնք էլ դառնում են ցավի պատճառ: Երկրորդային կամ օրգանական ցավոտ դաշտանը կանանց մեծ մասի մոտ սկզբում ընթանում է առանց ցավերի, սակայն ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած կպումների, արգանդի դիրքի շեղումների (թեքում առաջ և հետ), ձվարանների հորմոնային անբավարարության, փոքր կոնքի օրգանների ախտահարումների, ինչպես նաև սեռավարակների հետևանքով հետագայում ընթանում է տհաճ երևույթներով ու խիստ ցավերով: Այս դեպքում ցավերը սկսվում են դաշտանից շատ ավելի շուտ և տևում ավելի երկար, քան սովորական դաշտանային ցավերը: Ցավոտ դաշտանի առաջացման գործում կարևոր դեր են խաղում նաև պրոստագլանդինների քանակի ավելացումը, արգանդի ուռուցքները (միոմա), էնդոմետրիոզը (արգանդի լորձաթաղանթի հաստացում), ձվարանի կիստան, ինչպես նաև տեղադրված ներարգանդային պարույրը և այլն:

Դաշտանի տևողությունը 3-7 օր է: Սովորաբար նորմալ դաշտանային պարբերաշրջանը 21-35 օր է, թեպետ հիմնականում լինում է 28-30 օր: Ցավոտ դաշտանի պատճառները հայտնաբերելու և ճիշտ բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի: 

Ձեր հարցերը գինեկոլոգին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին գրելով:

«Գինեկոլոգին հարց ու պատասխան» բաժնի մյուս նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել