Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 23-26-ը ՌԴ-ի Նովոսիբիրսկ քաղաքում անցկացվելու է սպորտային մարմնամարզություն 1996թ. օլիմպիական չեմպիոն Եվգենի Պոդգոռնու մրցանակների խաղարկության հոբելյանական՝ 10-րդ միջազգային մրցաշարը, որին, ըստ ստուգատեսի կազմակերպիչների տարածած տեղեկատվության, պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի, Արդբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Հայաստանի շուրջ 150 առաջատար մարմնամարզիկ: Հայտարարվել է նաև, որ ստուգատեսի պատվավոր հյուրերի թվում են լինելու օլիմպիական չեմպիոններ Ելենա Շեվչենկոն ու Նիկոլայ Կրյուկովը, ինչպես նաև օլիմպիակակն խաղերի մասնակից Սերգեյ Խորոխորդինը: 
Հայաստանի պատվիրակությունը սեպտեմբերի 20-ից արդեն Նովոսիբիրսկում է: Սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն հայտնեց, որ իրենք մրցավայր են մեկնել անձնապես Երևան-Նովոսիբիրսկ քույր քաղաքների հիմնադրամի տնօրեն Սամվել Աբրահամյանի անմիջական աջակցությամբ, օժադակությամբ և հրավերով ու բացառիկ հնարավորություն են ստացել հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը Շոտլադիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի ունենալիք սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունից առաջ, որ նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի, ուժերի և նոր ծրագրերի վերջին փորձակումը կատարել:
Այստեղ մարզիչներ Հակոբ Սերոբյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն սպորտային մարմնամարզության մեր օլիմպիական հույսերը՝ այն 3 մարմնամարզիկները, ում վստահվել է նաև ՀՀ մարզական պատիվը պաշտպանելու տարվա գլխավոր իրադարձության՝ Գլազգոյում հոկտեմբերի վերջին կայանալիք աշխարհի առաջնությունում: Դրանք հայտնի բազմամարտիկ, 2012թ օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, Ֆրանսիայում 2015թ. Եվրոպայի առաջնությունում բազմամարտում 4-րդ տեղը գրաված Արթուր Դավթյանը, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, նժույգթափերի վրա վարժության 2015թ Եվրոպայի փոխչեմպիոն Հարություն Մերդինյանը և օղակների վրա վարժության աշխարհի գավաթի խաղարկության և միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Վահագն Դավթյանն են: 
Մեր այս հրաշալի եռյակի՝ ընթացիկ մրցաշրջանում ունեցած ելույթները վկայում են, որ Գլազգոյում նրանք ի զորու են պայքարելու օլիմպիական ուղեգրերի համար և կարևորագույն այդ ստուգատեսին կջանան ներկայանալ կազմ-պատրաստ և մեծ հույսերով: Նկատենք, որ այնտեղ օլիմպիական ուղեգրի են արժանանալու բազմամարտում 1-25-րդ տեղերը գրավողները, իսկ առաձին գործիքների վրա էլ՝ 1-3-րդ տեղերը գրավողները:
2003թ.-ից կազմակերպվող սպորտային մարմնամարզության՝ Եվգենի Պոդգոռնու անվան մրցաշարը տարիների ընթացքում համառուսաստանյան մրցաշարից վերաճել ու դարձել է ուժեղագույն մարմնամազիկների մասնակցությամբ կազմակեպվող միջազգային ուշագրավ մրցաշարի, ու նաև այդ պատճառով է, որ ՀՀ ընտրանին որոշել է ստուգատեսին ներկայանալ իր հիմնական կազմով ու այստեղ փորձարկել իր մարզիկների նոր ծրագրերը: 
Ըստ մրցաշարի ժամանակացույցի՝ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կավարտվի պատվիրակությունների ժամանումը Նովոսիսբիրսկ: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 19-ին, տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ սեպտեմբերի 24-26-ը մեդալներ կխաղարկվեն բազմամարտում և առանձին գործիքների վրա վարժություններում: 
Ստուգատեսի կազմակերպիչները վստահ են, որ մրցաշարն ի հայտ կբերի ինչպես լավագույններին, այնպես էլ նաև նոր անուններ: Հավելենեք նաև, որ Եվգենի Պոդգոռնու մրցանակների խաղարկության 10-րդ միջազգային մրցաշարն ընդգրկված է սպորտի ՌԴ-ի նախարարության և մարմնամարզություն ՌԴ-ի ֆեդերացիայի օրացուցային պլաններում: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել