ԿԳԲ-ի գեներալ, ԱԱԾ պետ Գ.Հակոբյանի կոպիտ ու անպարկեշտ հակադարձը լրագրողներին՝ ՀՀ կեղծ անկախության լավագույն ապացույցն է: Իբրեւ պետական ծառայող նա աշխատավարձ է ստանում մեր, հարկատուների միջոցներից եւ, հետեւաբար, հաշվետու է հենձ մեզ, հասարակությանը: Լրագրողները, մյուս կողմից, ՀՀ օրենքով լիազորված են պաշտոնյաներից նման հաշվետվություն պահանջել մեր անունից՝ եւ նման իրավունքն, ինչպես եւ պատասխան տալու պաշտոնյաների պարտավորությունը հանդիսանում են ցանկացած քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրի գոյության սահմանադրական հիմքն ու նախապայմանը: Հակառակը՝ բռնապետության եւ զավթված գաղութի բնորոշումն է:
Եթե ճիշտ է լրագրողների հետաքննության արդյունքում ստացված տեղեկությունը՝ Վ.Մարտիրոսյանի քրեական պատասխանատվության մասին մի քանի հազար դոլար շորթելու մեղադրանքով, եթե ճիշտ են նրան իրավապահների հսկողության տակ պահելու մասին պնդումները, ապա նրա փախուստն արտասահման, առավելեւս Ադրբեջան՝ բոլորովին էլ դյուրին եւ սովորական բան չպետք է լիներ, ի հեճուկս ԱԱԾ պետի թատերական զայրույթի: Ինչի՞ համար է ստանում իր աշխատավարձը ԱԱԾ պետն ու նրա ողջ բազմահազարանոց աշխատակազմը, եթե քրեական մեղադրանքով հսկողության տակ գտնվող անձը հեշտությամն հատում է ՀՀ սահմանը: Ալեքսանդր Վարպետյանի եւ Շանթ Ոսկերչյանի նման հայրենասեր քաղաքացիներին ՀՀ տարածքից վտարելու, Ժիրայր Սեֆիլյանի ու Ալեք Ենիգոմշյանի պես հերոսներին հալածելու, գաղտնալսելու ու հետեւելու դեպքերում ԱԱԾ-ը շատ ավելի արդյունավետ է գործում: Եւ եթե նման օրինական հարցը՝ ՀՀ հասարակության անունից տրված, առաջացնում է ԱԱԾ պետի կոպիտ, անպարկեշտ ու անընդունելի հայհոյանքներին, դա ոչ միայն պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ նաեւ պաշտոնական ու մասնագիտական պարտավորությունների կոպիտ խախտում եւ պատասխանատվությունից խուսափելու անամոթ փորձ է: Պատկերացնո՞ւմ եք որեւե բժշկի, փաստաբանի, շինարարի, ուսուցչի, ով քաղաքացու օրինական հարցին պատասխաներ՝ ՛՛դու խելք չունես, էս ի՞նչ ժողովուրդ ա, քանի վատ բան չեմ ասելէ թող գնա...՛՛ Չէ՞ որ այդ արտահայտությունները ուղղված են մեզ բոլորիս՝ ՛՛էս ժողովրդին՛՛: Հասկանալի է, որ ՀՀ ոչ մի դատարան չի համարձակվի քննության առնել ՀՀ շարքային քաղաքացու հայցը ՀՀ ԱԱԾ պետի դեմ՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, հանրային միջոցները վատնելու եւ լրագրողական աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով: Սակայն ներկայիս անտերությունը շուտով ավարտվելու է՝ հենց հոդս ցնդի ձեր ԿԳԲ-ական տեր-տիրակալների քայքայվող իշխանությունը: Եւ այդ պարագայում դուք եւ ձեր ՛՛գործընկերները՛՛ ԱԺ, ԱԱԾ եւ այլ ատյաններում պատասխան կտաք հայ հասարակության առջեւ: Այդպես որ զգույշ եւ շրջահայաց եղեք, պարոնայք ՛՛ընկերներ՛՛, հատկապես ձեր հրապարակային ելույթներում, եւ մասնավորապես այս օրերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1052226924810861?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել