Այդ օրվա շատ մանրամասներ մինչև հիմա պարզորոշ հիշում եմ: Իսկ շատ դեմքեր, դեպքեր ու դետալներ էլ լղոզվել ու մշուշվել են, ինչպես մի տեսակ փոշոտվել ու ժանգոտվել են այն ժամանակ այնքան հստակ ու լուսավոր երևակվող զանազան գաղափարներ, ցանկություններ ու պարզապես մարդկային միանգամայն հասկանալի մղումներ:
«Այդ օրը» սեպտեմբերի 21-ն էր, արդեն հեռավոր թվացող ու ճակատագրական վայրիվերումներով հարուստ, թվահայելային սիմետրիկ 1991 թվականի: Անկախության հանրաքվեի օրը:
Չգիտեմ, թե որտեղ կամ ում դեպքում՝ ինչպես, բայց մենք, որ ասում եմ՝ մենք, ես էլ՝ հետը, իհարկե, խիստ ոգևորված էինք: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Վերջիվերջո «մենք»-ը պայթուցիկ 1988-ի ուսանողական սերնդի ներկայացուցիչներս էինք, որ կարևոր դասախոսություններն ու դասերը սովորեցինք Ազատության հրապարակում, և որի լավագույն ու պայծառ ներկայացուցիչներն իրենց կյանքը կամովին դրեցին Հայաստանի պաշտպանության ու գոյության զոհասեղանին:
Այդ ժամանակ ես արդեն երրորդ կուսրի ուսանող էի ու ապրում էի Նոր Նորքի ուսավանում, ինչպես կոչվում էր 6 մասնաշենքերից ու ասպիրանտների համար նախատեսված 20 հարկանի բարձրահարկից կազմված մեր հանրակացարանների իծաշարուկը:
Առավոտից արդեն ոգևորված, ոտիքի վրա էինք: Ուրախ: Շատ ուրախ: Այդ տրամադրությամբ էլ, ընկերախմբով շարժվեցինք դեպի ընտրատեղամաս, որն ինչքան իշում եմ, գտնվում էր այդ նույն ուսավանի վարչական շենքում (հնարավոր է այս մի դետալը լավ չեմ հիշում): Կոնկրետ մեր՝ ուսանող ընկերներիս ու իմ համար քվեարկությունն ընդամենը արարողություն էր, ոչ ավելին, քանզի մենք մեր որոշումը շատ ավելի վաղ էինք կայացրել՝ իհարկե՛ անկախություն, իհարկե՛ ինքնիշխան Հայաստան ու այլ բանի մասին խոսք ուղղակի չէր էլ կարող լինել:
Շատ լավ հիշում եմ, որ ընտրատեղամասում տեսանք մեր երիտասարդության տարիներին հայտնի հեռուստալրագրող ու հաղորդավար Պերճուհի Տատուրյանին: Հրաշալի տպավորվել է նրա լուսաշող ժպիտը:Նա թեթևակի ու կիսաձայն հետաքրքրվեց, թե գիտե՞նք քվեարկության կարգը, ինչին դրական պատասխանեցինք: Ամեն մեկս, հասկանալի է, ընտրահանձնաժողովի համապատասխան անդամից ստացավ իր քվեաթերթիկը, նրան մեկնելով փաստացի դեռ գույություն ունեցող Խորհրդային Միության քաղաքացու անձնագիրը: Ապա ամեն մեկս առանձնացավ քվեախցում ու քվեարկեց: Հասկանալի է՝ «կողմ», ավելի ճիշտ, «այո»՝ Հայաստանի անկախությանը:
Չեմ հիշում, թե քվեարկելու պահին ինչ-որ հատուկ զգացողություն ունեցած լինեմ: Դա, իրոք, արարողություն էր, որովհետև ընդամենը կայացրած որոշման արձանագրումն էր տեղի ունենում:
Իսկ որոշումն իսկապես էլ վաղուց էր ընդունվել, քայլ առ քայլ: Որոշումն ընդունվել էր 1988-ի ամռան ծանր օրերին, երբ «Զվարթնոցում» խորհրդային ներքին զորքերը «դեսանտ» իջան: Աստված լուսավորի Խաչիկ Զաքարյանի հոգին:
Որոշումը, գոնե ես՝ ինքս ինձ համար, վստահ եմ՝ էլի՛ շատ-շատերը, ընդունվել էր նույն 88-ի նոյեմբերին, երբ Երևանում պարետային ժամ մտցվեց, իսկ սովետական զորքերն էլ օկուպանտների նման գրավեցին քաղաքը: Որոշումը կայացվել էր այդ օրերին ու նաև 89-ի գարնանը սովետական ներքին զորքերի վահանամահակակիր զորքերի հետ դիմակայության ու դիպվածային բախումների ընթացքում:
Որոշումը կայացվել էր կայարանի դեպքերից հետո, հաջորդող այլևայլ իրադարձություններին զուգահեռ՝ հասունացել: Որոշումն ընդունվել էր և նախքան Անկախության հռչակագիրը (1990, Օգոստոսի 23), և թե դրանից հետո:
Որոշումն ընդունվել էր տխրահռչակ «Կոլցո» օպերացիայի օրերին, երբ սովետական զորքերը, իրենց դաշնակից ադրբեջանցիների հետ հայաթափում էին Գետաշենն ու մերձակա հայոց շեները…
Իսկ կոնկրետ այդ ժամանակ, այսինքն 1991-ի սեպտեմբերի 21-ին կարելի է ասել՝ ամեն ինչ գրեթե որոշված ու կանխորոշված էր: Դա այսպես ասած «գէ-կա-չէ-պէ»-ից կամ Գորբաչովի դեմ օգոստոսյան «պուտչից» հետո էր, երբ բացարձակապես բոլորին այլևս ակնհայտ էր. ԽՍՀՄ-ը, երբեմնի զորեղ կայսրությունն այլևս չի լինելու: Շուտով:
Դա այն օրն էր, երբ բոլորը իրենց ընկալումներով հավասարվել էին 88-89-ին ոչ այնքան պոպուլյար, անգամ հայրենասեր-շարժումականների կողմից պախարակվող անկախականներին, նրանց՝ ովքեր չէին պատկերացնում իրավիճակի այլ հանգուցալուծում ու զարգացում, Հայաստանի անկախությունը վերականգնելուց բացի:
…Քվեարկելուց, այսինքն՝ մեր վճռական «այո»-ն ասելուց հետո, ընկերներով երկար-բարակ զրուցում էինք: Փոքր-ինչ ավելի տարիքովներն ու «պալիծիկայից հասկացողները» վերլուծում էին աշխարհաքաղաքական իրավիճակն ու հնարավոր սպառնալիքներից էին խոսում: Իմ նման «ռոմանծիկները» ավելի շատ բարձրաձայն երազում էին, թե որքան լավ է լինելու մեր ազգի համար, անկախության պայմաններում ինչ հնարավորություններ են բացվելու, ինչպես են հայերը տուն, այսինքն՝ այլևս անկախ Հայրենիք վերադառնալու և այլն, և այլն:
Իսկ երեկոյան իջանք Օպերա, այսինքն՝ Ազատության հրապարակ: Կարծեմ թեթև գինովցած էինք: Չնայած, տրամադրությունն այնպիսին էր, որ առանց գինու էլ գինովցածի էինք նման:
Հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու իր բազմաթիվ կողմնակիցները, կարելի է ասել՝ ինքնաբուխ միտինգ էին անում: Հա, այն տարիներին ԱԻՄ-ն ու Հայրիկյանը շատ կողմնակիցներ ունեին, հատկապես՝ երիտասարդության շրջանում: Ասենք ԱԻՄ-ից միայն Հայրիկյանը չէ, որ գրավում էր մարդկանց, այլ, թերևս ավելի, կամ գոնե ոչ պակաս՝ Մովսես Գորգիսյանը…
«Սուգը հավերժ է, երբ պայքար չկա…»:
Բայց այդ օրը իրոք տոն էր: Ոչ թե օրացուցային, կամ ոչ աշխատանքային, այլ՝ տրամադրությամբ ու ընդպանուր մթնոլորտով, միջավայրով: Դա՛ է տոնը:
Ու ժամանակ առ ժամանակ ամենատարբեր մարդիկ, մեր, ինչպես ասում են՝ «շարքային քաղաքացիները» վերցնում էին միկրոֆոնը (կարծեմ՝ մեգաֆոն էր) և իրենց սրտի խոսքն ասում: Հասկանալի է՝ բացառապես անկախության օգտին ու միայն հայրենասիրական ոգևորությամբ:
Հիշում եմ, ես էլ մի քանի տող արտասանեցի: Իմ գրած պարզ ու հասարակ, անպոեզիա տողերից: Ամբողջը չեմ հիշում, բայց վերջին երկու տողը չեմ մոռանում.
«…Թե ուզում ես ազատ ապրել, պատվով մտնենք մարտադաշտ,
Իսկ թե կուզես ստրուկ լինել, ապրի էդպես լուռ ու հաշտ…»:
Մի խոսքով: Լավ օր էր: Բարձր խոհերով, լավ երազանքներով: Զգացողությամբ, որ բոլորս առնչվել ու անմիջական մասնակիցն ենք մի մեծ, մի չափազանց կարևոր բանի:
Երկու օր անց, սեպտեմբերի 23-ին, խորհրդարանում վավերացվեց ժողովրդի գրեթե միաձայն որոշումը՝ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է: Անկա՛խ:
…Հիշում եմ և մի այլ դեպք: Նախքան հանրաքվեն: Մեր լավ ընկեր Գեղամ Գրիգորյանը ռադիոլրագրության ասպարեզն էր ընտրել և իր «արտադրական պրակտիկան», բնականաբար, անցնում էր ռադիոյում: Հիմա այն կոչվում է Հանրային ռադիոընկերություն: Մեր Գեղամը որոշել էր մի քանի րոպեանոց հաղորդում պատրաստել, դե մենք բա էլ ո՞ր օրվա ընկերներն ու համակուրսեցիներն էինք, որ նրա համար կարծիք արտահայտողների «զանգված» չապահովեինք: Նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ամեն մեկս մի քանի նախադասություն է ասում ու մի կողմ քաշվում: Թեման, հասկանալի է՝ անկախության մոտալուտ հանրաքվեն էր:
Երբ հերթն ինձ հասավ, մանավանդ, անկախության դեմ որոշ արտահայտություններ լսելուց հետո, միանգամից վրա «եկա», թե՝ նրանք, ում ուղեղը ստամոքսի մեջ է, կարող են ու «ոչ» կասեն անկախությանը, ստրուկները չեն կարող ազատ լինել: Ու գնաաա՜ց: Իսկական բանավեճ, ես կասեի՝ կռիվ-ղալմաղալ:
Եվ, եթե նույն հարցը տան ինձ այսօր, վաղը կամ էլի՝ երբևէ, իմ պատասխանը էլի նույնն է լինելու: Նորմալ հայ մարդը չի կարող դեմ լինել անկախությանը:
Դրա համար է, որ ես ամեն տեսակ «լազուտչիկներին», որոնք երազում են Հայաստանն այլևայլ երկրների կազմում տեսնել (հիմնականում՝ Ռուսաստանն են նշում), այ բոլոր նրանց ընկալում եմ որպես անձնական թշնամի:
Անկախությունը, որ դարերով, իսկ Առաջին հանրապետության կորստից հետո՝ տասնամյակներով նպատակ էր դարձել, իրականում միջոց է՝ սեփական հայրենիքում սեփական ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունն ու զարգացումը ապահովելու համար: Բաներ, որ դեռ երազանք են մնում: Ցավոք…
Բայց Անկախ պետականության վերականգնման 24-ամյա փաստը գալիս է վկայելու, որ երազանքները կատարվում են, եթե մենք դրանցից նպատակ ենք ձուլում ու միաձուլվում ենք՝ նպատակներին հասնելու համար:
Ես, ճիշտ է, Սեպտեմբերի 21-ը համարում եմ ոչ թե անկախության, այլ անկախ պետականության վերականգնման օր, նկատի ունենալով, որ 1918-ին նվաճված անկախությունն ենք վերականգնել: Բայց էականը դա չէ, այլ այն, որ դա ինձ համար այսօր իսկապես Տոն է…
Շնորհավոր մեր Անկախության վերականգնման տոնը: Շնորհավոր տարեդարձդ, Հայաստան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/908830912524663?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել