Արտակ Ալեքսանյան- Բարև Ձեզ, պարոն Նալբանդյան: Նախ ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գագաթնաժողովը, ընդունված որոշումը և այն քննարկումները, որ տեղի ունեցան և՛ լրագրողների ներկայությամբ, և՛ առանց լրատվամիջոցների:

Էդվարդ Նալբանդյան- Նախևառաջ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ հիմնադիրներից է: Եվ մենք կարևորում ենք մեր ակտիվ գործունեությունն այդ կազմակերպությունում, որը Հայաստանի անվտագության ապահովման կարևոր բաղադրիչն է: Դուշանբեյում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի ընթացքում մենք ստանձնեցինք ՀԱՊԿ նախագահությունը, Հայաստանը նախագահելու է մինչև 2016 թվականի աշուն (Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է երրորդ անգամ): 2016-ի աշնանը ՀԱՊԿ գագաթնաժողովը կկայանա Հայաստանում: Դրանից առաջ կլինի արտգործնախարարների խորհուրդը՝ մայիս-հունիս ամիսներին: Մեր նախագահության առաջնայնությունները մշակելիս՝ խորհրդակցելով քարտուղարության, կառույցի այլ անդամների հետ, մեր առջև նպատակ ենք դրել բարձրացնել կազմակերպության ընդհանուր արդյունավետությունը՝ հիմնվելով շարունակականության սկզբունքի վրա: Առաջնայնությունների շարքում են մինչև 2025 թվականի ՀԱՊԿ նոր ռազմավարության փաստաթղթի մշակումը և ստորագրումը 2016 թվականին: Կազմակերպության 25-ամյակի շեմին, որը նշվելու է 2017 թվականին, կարևոր է այդպիսի փաստաթուղթ ունենալը: Գլխավոր ուղղություններից են պաշտպանական և ռազմավարական բաղադրիչները, ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության զարգացումը, արագ արձագանքման և խաղաղապահ կարողությունների զարգացումը, նաև լրատվական ու կիբերանվտանգության հարցերը:

Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Էդվարդ Նալբանդյանի հետ

Արտակ Ալեքսանյան- Հանրապետության նախագահը հանդես եկավ նույնիսկ առանձին կիբերանվտանգության համաժողով անցկացնելու առաջարկով…

Էդվարդ Նալբանդյան- Իհարկե, ՀՀ նախագահը շատ մանրամասն ներկայացրեց այդ և մյուս առաջնայնությունները, որոնք կարող եք գտնել նախագահի ելույթում, որը հրապարակված է: Բայց կարևոր մի ուղղության վրա ես կցանկանայի շեշտադրում անել: Դա արտաքին քաղաքականության համադրումն է անդամ երկրների միջև: Նախորդ մեր նախագահության ընթացքում մենք բավական մեծ ուշադրություն էինք դարձնում այս ուղղությանը. մեր նախաձեռնությամբ շատ ավելի ակտիվ սկսեցին հանձնարարականներ տրվել ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ միջազգային ու տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ հանդիպումներ կազմակերպելու, համադրելու դիրքորոշումները, մոտեցումները: Գլխավորն այն է, որ անվտանգության տեսակետից կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է ավելի միասնական դիրքորոշում արտահայտեն՝ տարբեր միջազգային պլատֆորմներում, դա պետք է արտահայտեն նաև համապատասխան քվեարկությունները: Այդ իմաստով մենք քննարկում ունեցանք նաև արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը կայացավ գագաթաժողովից առաջ: 

Արտակ ԱլեքսանյանԵվ ինչպիսի՞ն էր Ձեր գործընկերներին ընկալումը՝ կլինի՞ այդպիսի բան, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան- Գործընկերների մոտ իհարկե այդպիսի պատրաստակամություն կա: Ես կարծում եմ, որ համատեղ ջանքերով՝ թե անդամ երկրների և թե քարտուղարության հետ մենք կշարժվենք առաջ: Չեմ կարող ասել, որ դա կիրականանա 100 տոկոսով՝ ինչպես որ անդամ երկրները ցանկանում են, բայց դա ճանապարհ է, որի մտադրությունը և շահագրգռվածությունը կա երկրների մոտ: Պետք է բավական աշխատանք տանել, որպեսզի առավել համադրված լինի արտաքին քաղաքականությունը:

Արտակ ԱլեքսանյանՃիշտ եմ հասկանում, որ Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ում ավելացնել ռազմաքաղաքական բաղադրիչը: Երևանն անընդհատ խոսում է, որ պետք է սինքրոնիզացնել արտաքին քաղաքականության շահերը և քվեարկությունները միջազգային կազմակերպություններում, հանդես գալ համատեղ հայտարարություններով և երկրորդը՝ զարգացնել նաև ռազմական բաղադրիչը, և Հայաստանի առաջիկա նախագահության այս մեկ տարվա ընթացքում մենք կտեսնենք հենց այդ երկու կոմպոնենտների ուժեղացմանն ուղղված քայլեր:

Էդվարդ Նալբանդյան- Այո, դա մեր և ՀԱՊԿ անդամ երկրների ցանկությունն է և ՀԱՊԿ նպատակներից է: Փոքր նյուանսներով մոտեցումներ կան: Օրինակ՝ անցած տարի դեկտեմբերին կայացած գագաթնաժողովի ժամանակ ընդունված հայտարարության մեջ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող դրույթ կա, որը հստակորեն արտահայտում է այն դիրքորոշումը, որը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ արտահայում են Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները: Այդ հայտարարությունը մշակվում և ընդունվում է կոնսեսուսով, այսինքն՝ բոլոր երկրների անունից ու նախագահների մակարդակով (եթե մեկը դեմ եղավ, այն չի ընդունվի), այդ հայտարարության մեջ հստակ ասվում է. նախ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, երկրորդ՝ արագացնել հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը, շեշտադրվում էին նաև երեք սկզբունքները, որոնք եռանախագահները վերջին տարիներին առաջարկում են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության սկզբունքների համադրումն ու դրանց հիման վրա խնդրի կարգավորումը: Դրանք այն առաջարկներն են, որոնք ընկալվում են միջազգային հանրության կողմից, բայց նաև հստակորեն շեշտադրվեցին այդ հատարարության մեջ: Չնայած, հենց դրանից առաջ Ադրբեջանը դեմ էր դուրս եկել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքի շարունակման դեմ, նաև հետքայլ է արել այն երեք սկզբունքներից, որոնց վերաբերյալ բազմիցս խոսել են թե եռանախագահները, թե միջազգային հանրությունը։ Այդ մասին Աթենքում կայացած արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվել էր հայտարարություն, որը շեշտում էր հենց այդ երեք սկզբունքները, ու որի տակ կար Ադրբեջանի արտգործնախարարի ստորագրությունը: Փաստորեն, Ադրբեջանը ոչ թե մի քայլ , այլ մի քանի քայլ հետ է կատարում: 

Արտակ ԱլեքսանյանՊարոն Նալբանդյան , երբ լարվածություն է առաջանում սահմանին և դա տեղի է ունենում Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, հասկանալի է, որ չի կարելի ակնկալել ՀԱՊԿ որևէ արձագանք, բայց երբ միջադեպերը, հատկապես՝ վերջին մեկ տարում, ինտեսիվանում են Հայ –ադրբեջանական պետական սահմանին, քաղաքական գործիչները, քաղաքագետները և հայ հասարակությունն ակնկալում են ՀԱՊԿ-ից որևէ արձագանք: Այդ իմաստով, նաև ակնկալիքներ կային Դուշանբեի գագաթնաժողովից, որ կազմակերպությունը որևէ կերպ կարձագանքի Հայաստանի ՀԱՊԿ անդամ երկրի պետական սահմանին տեղի ունեցող միջադեպերին: Դուք բավարարվա՞ծ եք քննարկման մակարդակով և դրա արդյունքում ընդունված հայտարարության տեքստից:

Էդվարդ Նալբանդյան- Նպատակ չէր դրված, որ այդ հայտարարության մեջ այդպիսի դրույթ լինի, որովհետև հայտարարության տեքստերը նախօրոք են պատրաստվում , համաձայնեցվում են կոնսեսուսով: Այն, որ Հայաստանը հստակորեն արտահայտվել է, շեշտադրումները ու հարցադրումներն արել է, կարելի է տեսնել Նախագահի ելույթում, թե նեղ կազմով և ընդյալնված ձևաչափով հանդիպումների ժամանակ, թե արգործնախարարի ելույթում։

Դրանք հրապարակված են: ՀԱՊԿ դիրքորոշումը չի փոխվել: Ես հիշատակեցի այն մոտեցումը, որն արտահայտվել է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մակարդակով՝ ընդունված հայտարարությամբ` 2014 թ. դեկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել