Եվս մեկ տարի գումարվեց, դարձանք 24 տարեկան: Լավ տարիք է: Երիտասարդ, ուժեղ, վստահ տարիք է՝ դեռևս մի փոքր խենթության իրավունքով, բայց արդեն հավասարակշռության պահանջով: 24ին արդեն կուտակված փորձի կիրառման պահանջ է ներկայացվում: Եվ ոչ միայն սեփական փորձի, այլև անցյալի փորձի: Սա այն դեպքում, եթե 24ի վրա խնամքով աշխատանք է տարվել՝ դաստիարակել, կրթել, մարզել...Չէ որ 24ը մաքուր էջից չի սկսվել, 24ը հազարամյակների շարունակությունն է և հազարամյակների փորձի կուտակում կա, որը պիտի հաղորդվեր 24 տարիների ընթացքում: Այս 24 տարիների ընթացքում առնվազն պիտի հասկանայինք մեր անցյալի սխալներն ու մեր ցանկալի արժեքները: Հականայինք ինչ ենք ուզում և ինչպես: Վստահ չեմ, որ ունենք այս ամփոփումները: Մեր հանրային միտքը անցյալի մեր կորուստների համար միշտ մեղավորներ է փնտրում այլոց մեջ, մինչդեռ մեր սխալները և մեղքերը քիչ են քննարկվում: Գիտելիքի մեծ պակաս կա: Պատմության մեր դասագրքերով մենք միշտ անսխալական ենք, միշտ լավագույն ընտրությունն ենք կատարել և մեր մեղքը մեր անցյալի կորուստներում չի քննարկվում: Արդյունքում մենք վատ ենք տիրապետում մեր անցյալին: Նույնիսկ երեկվա փակված, բայց իրականում գործող էջին ենք վատ տիրապետում: Մեր կյանքի ընթացքի դասին ենք վատ տիրապետում: Սա շատ է նվազեցնում 24ի ուժը, միտքը և պատասխանատվության զգացումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/550845695067711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել