1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր գրչընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում, կարծես թե իմիջիայլոց, Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին:

Տարիներ հետո նրա մասին պիտի գրեին, թե պաշտոնապես ճանաչվել է հայ առաջին մոլագար մարդասպանը, նրա անունը պիտի հայտնվեր Սովետական մեծ հանրագիտարանի էջերում, նա պիտի դառնար գրքերի, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի հերոս, տեղ զբաղեցներ քրեագիտության դասագրքերում: Իսկ հեռավոր 1964-ին մարդիկ ընդամենը պատմում էին մի դաժան հանցագործի մասին, որն առավել հայտնի էր «Մոսգազ» մականվամբ, քանի որ իր զոհերի բնակարաններ էր թափանցում` ներկայանալով իբրև Մոսկվայի գազի ծառայության աշխատակից:manyak-1

Վլադիմիր Իոնեսյանը ծնվել էր Թբիլիսիիում, հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի անցել թատրոնում, սակայն շուտով նրան դատում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել կյանքը` ամուսնանում է, որդի է ունենում: Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: Մեկնում են Օրենբուրգ: Իոնեսյանն աշխատանքի է անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է «ճակատագրական կինը». Իոնեյանը թատրոնում ծանոթանում է պարուուհի Ալևտինա Դմիտրևնայի հետ` հանուն որի լքում է ընտանիքը և սիրուհու հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության, և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով: Հավատաց նրան Ալևտինան, թե՞ պարզապես կուզեր հավատալ, բայց մայրաքաղաքային կյանքի հմայքն ու հեռանկարներն առավել զորեղ գտնվեցին: Նա նույնիսկ ենթադրել չէր կարող, թե ում հետ էր կապում իր կյանքը, և ինչեր էին իրենց սպասվում Մոսկվայում…

Ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս պատահեց, որ երեկվա երաժիշտը հանկարծ դարձավ արյունարբու մարդասպան: Այն տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ, ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեցին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի, ինչն էլ իր հերթին յուրահատուկ բողոքի ձև էր` ավելին լինելու, բայց նվազագույնը ստանալու անարդարության դեմ:

Այս հարցերի ճշմարիտ պատասխանը մենք թերևս երբեք չիմանանք: Իսկ 1963-ի ձմռանը, երբ Վլադիմիր Իոնեսյանը քայլում էր դեպի հանրախանութ` տուրիստական կացին գնելու համար, նա, անկասկած, արդեն վճռել էր իր անելիքը:

manyak-3

Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին նախկին երաժիշտը Մոսգազի աշխատակցի անվան տակ մուտք գործեց բնակարան, որտեղ երեխան միայնակ էր ու սպանեց նրան: Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոցը: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սպանությունների հեղինակ դարձավ: Կալինինի փողոցում դարձյալ երեխայի սպանեց` 12-ամյա Միխայիլ Կուլեշևին` տնից տանելով գրիչ ու փոխառության թղթեր, իսկ Հոկտեմբերյան փողոցում կացնահարեց 74-ամյա կնոջը, որպեսզի հետո իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:

Օրեր անց նույն քաղաքում նա հարձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու նկարագրեց հանցագործին: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա:

Իվանովոյի դեպքերն, ի վերջո, սթափեցրին իրավապահներին: Համակարգը շարժվեց: Գործն անցավ անմիջականորեն ՆԳՆ նախարարի վերահսկողության ներքո: Դրանով սկսեց հետաքրքրվել ԱՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը:

Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում էր իր «հունձը»: Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում դեկտեմբերի 28-ին նա կացնահարեց 11-ամյա Ալեքսանդր Լիսովցին: Սպանությունը որքան դաժան էր, նույնքան էլ անիմաստ. մոլագարը հեռացավ` իր հետ ոչինչ չտանելով: Ամանորի տոների կարճ դադարից հետո նա վերստին գործի անցավ և հունվարի 8-ին Շերեմետևյան փողոցում սպանեց 46-ամյա Մարիա Երմակովային` կացնի 20 հարված հասցնելով կնոջը: Այս անգամ «Մոսգազի» ավարը փոքր-ինչ ավելին էր. Իոնեսյանն իր հետ տարավ սեղանի ժամացույցն ու հեռուստացույցը:manyak-2

Օրը ցերեկով կատարված հանցագործությունն ականատեսներ ունեցավ: Բնակիչներից ոմանք իրավապահներին պատմեցին, որ տեսել են, թե ինչպես կովկասյան արտաքինով երիտասարդը` հեռուստացույցը ձեռքին, նստել է մի բեռնատար մեքենա: Բեռնատարն արագ գտան: Վարորդը պատմեց, թե որտեղ է իջեցրել իր ուղևորին: Ճշտելով բնակարանը` խուզարկուները ներխուժեցին տուն, սակայն այնտեղ գտան միայն Ալևտինա Դմիտրևնային: Նրան ձերբակալեցին ու նետեցին մենախուց: Հարցաքննության ժամանակ վերջինս պատմեց, որ Իոնեսյանը շտապ մեկնել է Կազան, և շուտով ինքն էլ պիտի գնա այնտեղ: Սա նպաստավոր վիճակ էր: Անմիջապես որոշում կայացրեց քրեական հետախուզության աշխատակիցներից մեկին գրիմավորել և Ալևտինայի կերպարանքով գնացք նստեցնել: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր: Կազանի կայարանում 1964 թ. հունվարի 12-ին սիրուհուն դիմավորելու եկած մարդասպանը ձերբակալվեց…

Կա պատմություն այն մասին, որ Իոնեսյանի հետ անձամբ զրուցել է նաև Նիկիտա Խրուշչովը: Զրույցից հետո նա հրահանգել է. «Որպեսզի 2 շաբաթ հետո սա այլևս չլինի»: Այս վարկածը կարող է միանգամայն իրական լինել, քանի որ Իոնեսյանի ճակատագիրը վճռված էր ի վերուստ: Հաշվի առնելով հասարակության արձագանքը` իշխանությունները շտապում էին հնարավորինս արագ փակել այդ սև էջը: Երբ մամուլում հայտնվեց հաղորդում նրա ձերբակալման մասին, սկսեցին հազարավոր նամակներ ստացվել քաղաքացիներից, ովքեր պահանջում էին ամենախիստ պատիժը:

Կենտկոմում նիստ գումարվեց: Որոշվեց կիրառել մահապատիժ` կախաղանի միջոցով: Նույնիսկ առաջարկություն հնչեց դա անել հրապարակավ: Սակայն որոշումը նույնքան արագ սրբագրվեց այն պատճառաբանությամբ, որ նպատակահարմար չէ կատարվածին սենսացիոն երանգներ հաղորդել:616592

Ինչպես և կարգադրել էր Խրուշչովը, ողջ քննչական և դատական գործընթացը տևեց ճիշտ երկու շաբաթ: 1964 թ. հունվարի 31-ին, ժամը 23.00-ին  Վլադիմիր Իոնեսյանը գնդակահարվեց: Նա ընդամենը 26 տարեկան էր:

Ի սկզբանե ամրագրված և տեսականորն «հիմնավորված» համոզմունք կար, թե խորհրդային հասարակարգում չէին կարող լինել սերիական մարդասպաններ ու մոլագարներ: Բայց ստացվեց այնպես, որ գործնականում դա ապացուցելու միակ ճանապարհը բոլոր հետքերը ոչնչացնելն ու լռելն էր: Իոնեսյանի սիրուհին նույնպես անպատիժ չմնաց: Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թեև որևէ ծանրակշիռ ապացույց չկար վերջինիս հանցակից լինելու մասին: Միայն 1972-ին դատավճիռը վերանայվեց և կինն ազատ արձակվեց:

Իոնեսյանը գնդակահարվեց, սակայն նրա սերմանած վախը դեռ երկար ժամանակ իշխում էր մարդկանց սրտերում: Շատերը սկսել էին տագնապով ու զգուշությամբ արձագանքել իրենց բնակարանների դռան թակոցներին, եղան նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես դանակով հարձակվել էին ԺԵԿ-ի աշխատակիցների վրա կամ ահազանգել միլիցիային: Իոնեսյան անունը դարձավ չարիքի հոմանիշ: Կա այսպիսի մի պատմություն` կապված ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հետ: Ասում են, որ երբ ԽՍՀՄ-ում նրա դեմ գաղափարական արշավ էր սանձազերծվել, Կենտկոմի ազդեցիկ դեմքերից մեկը հայտարարել էր. «Բրոդսկին ավելի վտանգավոր է, քանի Իոնեսյանը: Եթե Իոնեսյանը միայն մարդկանց գլուխներ էր փշրում, Բրոդսկին գլուխներում վնասակար մտքեր է լցնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել