Վրաստանի Թելավի քաղաքում շարունակվում է 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի միջազգային Telavi Open 2015 անվանումով միջազգային մրցաշարը: 6 երկրի՝ Վրաստանի, Կանադայի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ միասին մենախաղի հիմնական ցանցի մրցաշարի 29 մասնակիցների և զուգախաղի 11 զույգերի թվում են Հայաստանի 4 պատվիրակներ: 
Ստուգատեսում շարունակում է վերելքով հանդես գալ վերջին տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 21-ամյա Անի Ամիրաղյանը: Նա կանանց մրցաշարի քառորդ եզրափակչում երեկ դիտարժան ու համառ պայքարում 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց WTA-ի ցուցակում 692-րդ վարկանիշն ունեցող 19-ամյա ռուսաստանցի Դարյա Լոդիկովային ու իրավունք ստացավ կիսազրափակչում խաղարկելու եզրափակչի ուղեգիրը: Այս հաղթանակն Անիի համար կարևոր էր նաև նրանով, որ նա վարկանիշային 4 միավոր վաստակեց, որը հավանաբար նրան հնարավորություն կտա հաջորդ շաբաթվա սկզբից վերադառնալու և կրկին տեղ ունենալու WTA-ի մենախաղի դասակարգման վարկանիշային ցուցակում: Հավելենք նաև, որ կիսաեզրափակչում Ամիրաղյանին բաժին է հասել շատ ուժեղ մրցակցուհի՝ Ուզբեկստանը ներկայացնող 21-ամյա Սաբինա Շարիպովան, ով հիմա WTA-ի մենախաղի դասակարգման վարկանիշային ցուցակում 204-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Վերջինս երեկ քառորդ եզրափակչում 6:2,6:1 հաշվով առավելության 17-ամյա ռուսաստանցի Պոլինա Նովիկովայի նկատմամբ: 
Մենախաղի մրցամարտից ընդամենը 1 ժամ հետո Անին կրկին խաղահրապարակ մտավ ու իր զուգընկերուհու՝ 16-ամյա ռուսաստանցի Ամինա Անշբայի հետ, ով WTA-ի կանանց զուգախաղի դասակարգման ցուցակում 1143-րդ վարկանիշն ունի, Թելավիում շարունակելով իր հաղթարշավը կանանց զուգախաղի կիսաեզրափակչում, համոզիչ առավելությամբ՝ 6:1, 6:2 հաշվով հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Աննա և Անաստասիա Պրիբիլովա քույրերից կազմված երկյակի նկատմամբ: Որպեսզի պատկերացնեք, թե որքանով էր արժեքավորու ծանրակշիռ այդ հաղթանակը, հայտենք, որ 19-ամյա Անաստասիան WTA-ի կանանց զուգախաղի դասակարգման ցուցակում ներկայումս զբաղեցնում է 497-րդ, իսկ նրա 17-ամյա քույրիկը՝ Աննան՝ 717-րդ հորիզոնականը: Հիշեցնեք, որ Ամիրաղյանն այդ ցուցակում ընթանում է առայժմ 778-րդ տեղում: Հավելենք նաև, որ կարևոր այս հաղթանակը Ամիրաղյան/Անշբա զույգին վարկանիշային 7 միավոր և եզրափակչում հանդես գալու իրավունք պարգևեց: 
Այժմ Ամիրաղյան/Անշբա զույգը եզրափակչի վճռորոշ մրցամարտում ստուգատեսի գլխավոր մրցանակը կվիճարկի ռուսաստանյան Պոլինա Գոլուբովսկայա/Ալինա Կիսլիցկյա երկյակի հետ: Վերջիններս իրենց հերթին երեկ կիսաեզրափակչում 6:2, 7:6 (1) հաշվով պարտության մատնեցին Ռուսաստանը ներկայացնող Դարյա Լոդիկովա/Վալերիա Պոգրեբնյակ զույգին: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել