Մի քանի հայհոյախառը նամակներ եմ ստացել անհայտ կամ կեղծանուն հասցեներից, որոնք ժամանակին բնորոշում էին ազերիներին տված հարցազրույցս որպես ազգային դավաճանություն և «պետական սահմանն անցնելը»: Հիմա էլ նրանք համեմատում են նորաթուխ «իրավապաշտպան» Վահան Մարտիրոսյանի իրական դասալքությունն իմ հարցազրույցի հետ ու առաջարկում ինձ էլ միանալ նրան... Ի՞նչ ասեմ: Մի կողմից, մարդու անձնական գործն ու իրավունքն է հանձնվել ու ապաստան խնդրել, որտեղ որ նա ուզում է, թեև նման «իրավապաշտպանն» ավելի լավ կաներ, եթե ապաստան խնդրեր Հյուսիսային Կորեայում կամ Ռուսաստանում՝ առավել ապահով տեղեր են հայ դասալիքի համար:
Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ երկրիս ներսում և իմ կյանքով ու աշխատանքով եմ վաստակում դա ասելու բարոյական իրավունքը: Երկրի մասին դառը ճշմարտություն ասելու համար կարևոր է ապրել նույն երկրում՝ ազգի հետ կիսելով կյանքի ու անարդարության ողջ դառնությունը: Ես չեմ փախչում թշնամու կամ կեղծ «դաշնակցի» բաղը, որ այնտեղից քարեր նետեմ իմ տան ուղղությամբ: Եթե ոմանք չեն տեսնում այս տարբերությունը, դա նրանց ազնվության կամ տգիտության խնդիրն է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլորից շատ ոգևորվում ու չարախնդում են այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք օրնիբուն ծառայում են մեկ այլ երկրին, Ռուսաստանին, որը և սնում ու զինում է մեր արևելյան հակառակորդին, ինչպես որ մեկ դար առաջ սնում ու զինում էր մեր արևմտյան թշնամուն՝ երկուսին էլ բաժանելով մեր հողերը: Եվ նման վարձու տականքներից լսել մեղադրանքներ ու համեմատություններ իրենց տերերի կողմից բուծած մի դասալիքի հետ բավական տարօրինակ է: Չէ՞ որ նրանք հենց նույն դասալիքներ ու դավաճաններ են, օտար և իրական թշնամու ծառաներ...
Ապակե տան մեջ ապրողը պետք է լավ մտածի քարեր շպրտելուց առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1050155645017989
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել