Երբ երկրի նախագահը մի «աստղի» ընդունում ու պետական պատիվներ էր տալիս՝ «Եվրատեսիլում» 4-րդ տեղը գրավելու համար, և նույն ժամին «Մարաթուկ», «Սայաթ-Նովա», «Ակունք», «Շողակն», «Կարին» համույթները զուրկ էին պետական խնամքից,
երբ ամիսներ շարունակ «Որբերը» սերիալի դառն ու խեղճ դեմքերը «Հայլուրից» հետո խուժում էին տուն և կոտրում էին մի ժողովրդի ապրելու կամքը,
երբ տարիներ շարունակ պետական տոնական համերգների մեխը եղել են անփառունակ «աստղերը»՝ ոչ «պետական երգի» վիրուսով վարակված,
երբ անուշադրության կամ հետապնդման զոհ էր դառնում մի զորավոր փաղանգ – Մհեր Մկրտչյանից սկսած մինչև Օհան Դուրյան՝
պիտի հնչի, պիտի հնչի, պիտի հնչի՝ «Ո՛Չ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԱԼԱՆԻՆ»:
Երբ պատերազմում զոհվում էին լավագույնները՝ ապագա բանաստեղծը, նկարիչը, երգահանը, ջութակահարը, հողագործը… և երկնքից հարցնում են՝ մենք ինչո՞ւ ենք զոհվել՝ նայելով երկրի անարդար ուղիներին.
երբ «դավադիր» գնդակով զարկվում էին իրական զորավարները և ասպարեզում մնում էին ովքե՞ր – դեմքերի՛ն նայեք,
երբ երկրի սերուցքը, երկրի իրական տերերը, ելնում են պանդխտության, իսկ երկրի անօրինական տերերը հանգիստ շունչ են քաշում՝ «հեղափոխություն չի լինի» -
պիտի հնչի, պիտի հնչի, պիտի հնչի՝ «Ո՛Չ ՀԱՅ ԳԵՆԻ ԹԱԼԱՆԻՆ»:
Երբ ամեն աստծու օր մի ազգ, մի երկիր չի ստանում ուրախության գեթ մի առիթ, որ պետություն և անկախություն ունենք, երբ հայ հոգին լքում են նրա առասպելները, հերոսները, իղձերը, երբ վիրավոր են լեռները, դաշտերը, գետերը, երբ վիրավոր են մարդկանց հոգիները, պիտի հնչի, պիտի հնչի, պիտի հնչի՝ «Ո՛Չ ՀԱՅ ՀՈԳՈՒ ԹԱԼԱՆԻՆ»:
Մեզնից թալանվածը շատ մեծ է: Կշռաքար ինչ էլ դնես՝ վեր կթռչի: Էլեկտրաէներգիայի սակագնի հարցը իշխանությունը կուզենա մի փաթեթի մեջ վաճառել օֆշորում: Բայց դա չի թուլացնի «Ոչ թալանին» շարժումը: