Հայաստանի Կոմունիստական կուսակցության 
Կենտրոնական Կոմիտեի ուղերձը
Հայ ժողովրդին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեն հանրապետության բոլոր կոմունիստների անունից սրտանց շնորհավորում է Ձեզ, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 92 – րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեծ հոկտեմբերի հաղթանակը աննախադեպ հեռանկարներ բացեց ճնշված ժողովուրդների համար: Աշխարհի քարտեզի վրա հայտնվեց բանվորագյուղացիական առաջին պետությունը: 1920 թվականի նոյեմբերի 29 – ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:
Շատ կարճ ժամանակահատվածում հայ ժողովուրդը շտկեց իր մեջքը, եղեռնից մազապուրծ եղած գաղթականներից, որբերից, աղքատներից, ծանր վարակիչ հիվանդություններից, խայտառակ պայմանագրերից Փյունիկի պես վեր հառնեց: Սովետական Հայաստանը ռուս մեծ ժողովրդի օգնությամբ դարձավ աշխարհի ծաղկուն երկրներից մեկը: Հզոր արդյունաբերության, համատարած շինարարության, անգրագիտության վերացում, գիտության, կրթության, մշակույթի աննախադեպ թռիչք: Հայաստանը առանձնապես մեծ վերելք ապրեց ՍՍՀՄ կազմում, եղբայրական ժողովրդների հետ համատեղ: Փաստորեն հայ ժողովուրդը իր հինգ հազար տարվա պատմության մեջ 70 սովետական տարիներում ապրեց խաղաղ, որի հետևանքով աճեց երկրի բնակչությունը, ընդլայնվեց տարածքը, կազմակերպվեց ներգաղթը, աճեցին կրթված հիանալի կադրեր:
Կրթությունը, առողջապահությունը, բնակարանը հասանելի էր բոլորին, այն էլ՝ անվճար: Բարձր հիմքերի վրա էր դրված թոշակառուների ապրելակերպը: Պետության ուշադրության կենտրոնում էր մատաղ սերնդի և երիտասարդության դաստիարակությունը և ապագան: 
Սիրելի՛ ժողովուրդ, այսօր մեկ անգամ ևս մեր սրտի ճիչն ենք բարձրացնում Հայաստանում շուրջ 22 տարի ընթացող վայրուվերումների մասին:
Իշխանությունը զավթած, կեղծ ընտրություններով վերարտադրվող երկրի բուրժուազիան հակաժողովրդական իշխանությունների թողտվությամբ և հովանավորությամբ շարունակում է հայ ժողովրդի շահագործումն ու ստրկացումը, թալանվում է սովետական տարիներին ժողովրդի քրտինքով ստեղծված հարստությունը: Թալանված և ավերակների վերածված գործարաններ, փոշիացված և անհայտ անձանց հանձնված հանքային հարստություններ, վայրենի ասպատակության ենթարկված բնություն, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, ահռելի արտաքին պարտքեր, տարբեր երկրներից ստացվող վարկերի աննպատակ օգտագործում և մսխում, մեծ ծավալի ստվերային գործունեություն, կոռուպցիա և կաշառակերություն բոլոր ճյուղերում ու դրանց սքողում: Գիտության, կրթության, մշակույթի ողբերգական վիճակ, դրա հետ միասին ժողովրդի առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերընթաց խայտառակ աճ: Արհամարհելով ժողովրդի կարծիքը՝ մեր աչքի առջև մի խումբ մարդկանց թալանվածով կառուցում են միլիոնավոր արժեքներով դղյակներ, ձեռք են բերվում թանկարժեք ավտոմեքենաներ:
Աղետալի վիճակում է գյուղի աշխատավորը, դատարկվում են քաղաքները և գյուղերը, անուշադրության է մատնված սերունդների դաստիարակության գործը:
Հայաստանի Կոմկուսը գտնում է, որ մենք այլևս սխալվելու իրավունք չունենք, միայն սոցիալիստական ուղին է, որը ժողովրդին կվերադարձնի իրենից թալանվածը, խլվածը և հայ ժողովուրդը կապրի արժանավայել իր հայրենիքում: Կապահովվի ժողովրդի, հատկապես երիտասարդության անվտանգությունն ու ապագան: 70 սովետական տարիները դրա վառ ապացույցն են:
Հարգելի՛ հայրենակիցներ, թույլ չտանք՝ մեզ նորից պարտադրվի այս 22 տարիների դժոխքը, վերջ տանք մեր խոհանոցային ողբին, զգուշացնում ենք կեղծ «ընդդիմության» անհասկանալի գործունեությունից:
Կոմունիստներն եղել են և մնում են ժողովրդի հետ ու պատրաստ են առաջնորդելու նրա պայքարը սոցիալիզմի և կոմունիզմի համար:

Սոցիալիստական գաղափարախոսությունն անմահ է: 



Հայաստանի Կոմունիստական կուսակցություն 

30 - Նոյեմբերի 2012 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել