Տարբեր շահարկումներից զերծ մնալու համար ասեմ, որ ներկայացնում եմ իմ անձնական կարծիքը՝ որպես ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյան:
Այսօր ուզում եմ խոսել մեր արժեքների մասին և այն մասին, թե ինչպես ենք մենք արժևորում դրանք մեր գործողություններով:
Թույլ տվեք՝ սկսեմ 2012 մարտ-ապրիլ ամիսներից, երբ հրապարակվեցին կուսակցությունների նախնտրական ծրագրերը: Արդյո՞ք դրանք իրական տեսլականներ էին, որոնցով քաղաքական ուժերը գնացել էին քվե խնդրելու: Արդյո՞ք դրանք այն ծրագրերն էին, որոնք արժևորում ենք, որոնք հետագա 5 տարիներին պետք է կանխորոշեին մեր քաղաքական գործողությունները: Այսօրվա տեղեկատվական հոսքերը հպանցիկ դիտարկելու դեպքում անգամ կարող ենք արձանագրել, որ նախընտրական ծրագրերը մեզ համար արժեք չեն ներկայացնում: Մանրանալու իմաստ էլ չեմ գտնում, բայց մի բան կարող եմ փաստել, եթե 2012 թվականի ընտրությունները համարում եք իրական, ապա, դիմելով իմ ՀՀԿ գործընկերներին, պիտի հարցնեմ՝ ինչի՞ այսօրվա քաղաքական օրակարգն արտացոլված չէր այնտեղ, արդյո՞ք ձեր կուսակցությունը հանրային քվե է ստացել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար: Պարզ է, որ ոչ:
Սուբյեկտիվ չլինելու համար նույն հարցը տամ նաև իմ ընդդիմադիր առանձին գործընկերների: Եթե 2012 թվականի ընտրություններն իրական էին, ապա, եթե չեմ սխալվում, դուք քվե եք խնդրել ու ստացել այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, համամասնական ընտրակարգով պառլամենտական երկիր ունենալու նպատակով պայքարելու համար: Դուք հիմա դա՞ եք անում. պարզ է, որ ոչ:
Ստացվում է հետևյալ պատկերը: Մարդիկ ում ինչի համար քվե են տալիս, վերջիններս հետո անում են ուղիղ հակառակը: Հիմա մեր ընտրությունները ժողովրդի համար ընտրություննե՞ր են, թե՞ լոտոյի պես մի բան. ընտրենք, կարող է հանկարծ փոշմանեն ու իրենց խոստացածը անեն: Սա ինչի՞ նման է:
Ու այս ամբողջ աղմուկ-աղաղակի մեջ կորում է հիմնականը, միգուցե ամենակարևորը՝ մարդու հավատը նույն Սահմանադրության 2-րդ կետի հանդեպ, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Խեղճ ժողովուրդ:
Հիմա սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին: Անկեղծ ասած՝ այս պահին ես չունեմ հարցի պատասխանը՝ կողմ եմ դրան, թե՝ ոչ: Խոսքս միայն փաստաթղթի մասին է: Ես գիտեմ՝ կոնկրետ ինչին եմ կողմ ու ինչին եմ դեմ: Ես կողմ եմ ու իմ փոքր հնարավորությունների սահմաններում գործելու եմ, որ մի օր Հայաստանը լինի այնպիսի պետություն, ինչպիսիք են Դանիան, Բելգիան, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան: Չգիտեմ՝ պատահական է, թե՝ ոչ, սրանք խորհրդարանական կառավարման երկրներ են:
Ես դեմ եմ, որ իմ երկիրը մի օր լինի այնպիսի պետություն, ինչպիսիք են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը: Պատահականություն է գուցե, բայց սրանք էլ նախագահական կամ կիսանախագահական երկրներ են:
Ես երազում եմ նորվեգական Հայաստանի մասին: Իմ համար չեմ երազում: Հույս չունեմ: Մենք այսօր խիստ զբաղված ենք դրա համար. կեսս ճանապարհներ է հորինում վերարտադրվելու համար, մյուս կեսս պայքարում է դրա դեմ: Ու այդ ամենն այնպիսի ջերմեռանդությամբ, կարծես մենք անմահ ենք ու դեռ հազար տարի ապրելու ենք և դեռ կհասցնենք մնացած մանրուքներով էլ հետո զբաղվել: Ես նման Հայաստան երազում եմ իմ որդու ու 4 աղջիկներիս համար: Ես երազում եմ մեր բոլորի հրաշք բալիկների համար: Ու տա Ասված, որ մի տաս տարուց նույն բանը ստիպված չլինեմ երազել արդեն թոռների համար: Բայց եթե այսպես գնաց, կարծես հենց դա էլ կլինի:
Քննարկումների հետ ուղիղ կապ չունեցող մի դիտարկում էլ անեմ: Հետևելով սահմադրության քննարկումների՝ մինչ օրս տեղի ունեցած գործընթացին՝ ես ինքնս ինձ համար պարզել եմ մի կարևոր բան. ես հավատում եմ պարոն Վարդան Պողոսյանին: Ես նրա մեջ տեսնում եմ ապագա Լուսավոր Հայաստանը, որ նախևառաջ պիտի կառուցվի պրոֆեսիանլիզմի, գրագիտության, եվրոպական կամ ավելի շուտ մեր իրական արժեհամակարգի վրա: Պարոն Պողոսյան, ես հավատում եմ մեկ մարդու դերակատարությանը, հավատում եմ, որ դուք մինչև վերջ կանեք այն, ինչին հավատացել եք տարիներ շարունակ: Ինձ կասեն՝ մեկ մարդն ինչ կարող է անել, ես կասեմ՝ շատ բան: Ուրախ եմ, որ իշխանությունում որոշել են Ձեր կերպարով ներկայանալ, դա շատ բան կփոխի հենց իշխանության այն ձեռագրում և այն վարքագծում, որը մենք չենք ընդունել մշտապես:
Մի այլ հարց էլ: Սահմանադրությունն առաջ տանող քաղաքական ուժը պնդում է, որ պետք է անցնել, այսպես կոչված, «հաղթողը ստանում է ամեն ինչ» համակարգից դեպի ավելի հավասարակշռված համակարգ: Վատ չի, բայց տարիների փորձն ինձ հուշում է, որ սա, համենայն դեպս, դրա կարևորության հանդեպ հավատից չի գալիս: Արդյո՞ք այս օրվա օրենքները խանգարում են մեզ այդ մոտեցումը հենց այս օրվանից կիրառել: Ազնիվ կլիներ և՛ որպես վստահության բարձրացում, և՛ ապացույց գաղափարն արժևորելու մասին, անկախ այն բանից՝ սահմանադրության փոփոխությունները կանցնեն, թե՝ ոչ, հիմա արդեն նույնն անեք: Նույն ընդիմության լիազորություններում ԱԺ տեղակալներից մեկը տվե՛ք ընդդիմությանը, կո՛ղմ քվեարկեք ընդդիմադիրների բոլոր այն առաջարկներին, որոնք ուղղված են այս կամ այն սուր հարցը քննելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Այսօրվանի՛ց սովորեցրեք մեզ այդ քննիչ հանձնաժողովների դրական լինելուն, այլ ոչ թե ուժի դիրքերից վիժեցրեք ամեն ինչ: Վաղվանից սկսե՛ք հեռարձակել նաև բոլոր հանձնաժողովների նիստերը: Այս ցանկը կարելի է իսկապես շարունակել: Այսօրվա օրենքները շատ բան կարող են թույլ տալ: Մինչ հանրաքվեն արե՛ք այդ քայլերը, որ ապացուցեք, որ առաջարկվող փոփոխությունները իրականում արժևորում եք և համարում, որ դա անում եք ձեր իսկ բարի կամքով:
Ախր գիտե՞ք՝ ինչի համար եմ ցավ ապրում. ես տեսնում եմ, որ սահմանադրության այս փոփոխված տեքստը տանում է դեպի իմ՝ «նորվեգական Հայաստան» երազը, ես հավատում եմ այս սահմանադրությանը, ես չեմ հավատում այն ներկայացնող քաղաքական ուժի՝ այսպես արագ արժեքային վերափոխմանը: Կասեք՝ ի՞նչ կապ ունի՝ ով է ներկայացնում. կասեմ՝ կապ ունի: Հաստատ ունի: Ապացուցեք, որ չեմ սխալվում. ես կոմպլեքսներ չունեմ կանգնելու գործընթացի մեջքին, բայց նախորդ պառլամենտական ընտրություններին մասնակցած մեր քաղաքացիների պես խաբված լինել չեմ ցանկանում:
Ցավոք, առայժմ հավատում եմ միայն Վարդան Պողոսյանին:
Այսքանը: Շնորհակալություն: