Սեպտեմբերի 16-ին լեհական Վրոցլավ քաղաքում մեկնարկել է երկրի 9-ակի չեմպիոնուհի, 2006թ-ին 75 տարեկանում վախճանված Քրիստինա Հոլուժ-Ռադիկովսկայի կանանց շախմատի հոբելյանական` 5-րդ միջազգային հուշամրցաշարը: 12 հազար լեհական զլոտի (1 զլոտին հավասար է 127,68 դրամի) մրցանակային հիմնադրամով այս ստուգատեսին մասնակցում են 5 երկրի 10 շախմատիստուհիներ, որոնք բոլորն էլ կրում են կանանց գրոսմայստերի կոչում, բացի այդ՝ նրանցից 4-ն ունեն նաև տղամարդկանց միջազգային վարպետի, իսկ լեհուհի Մոնիկա Սոչկոն՝ նաև տղամարդկանց գրոսմայստերի կոչում: Հուշամրցաշարի էլո ֆավորիտը ռուաստանցի Օլգա Գրիյանն է (2483), որին հետևում է Մոնիկա Սոչկոն (2456):
Հուշամրցաշարին արդեն 3-րդ անգամ հրավիրվել և մասնակցում է նաև Հայաստանի կանանց ուժեղագույն գրոսմայստերից մեկը, տղամարդկանց միջազգային վարպետի կոչում կրող Լիլիթ Մկրտչյանը: Նա 10 մասնակիցների մեջ ունի 3-րդ անհատական վարկանիշը (2440) և հաղթողի գլխավոր հավակնորդների մեկն է համարվում:
Արդեն հայտնել ենք նաև, որ մեր առաջատար շախմատիստուհին նախօրեին մեկնարկային տուրում սևերով շատ արագ, արդեն 15-րդ քայլում գրոսմայստերական ոչ-ոքի էր խաղացել լեհուհի Յոաննա Մայդան-Գաժևսկայի հետ: Երեկ 2-րդ տուրում Լիլիթը մարտականորեն էր տրամադրված ու սպիտակներով շատ վստահ անցկացրեց հուշամրցաշարի էլո ֆավորիտ Օլգա Գիրայի հետ հանդիպումն ու 48-րդ քայլում մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Սա ստուգատեսում Մկրտչյանի տոնած առաջին հաղթանակն էր, որն էլ նրան թույլ տվեց տեղ զբաղեցնել արդեն մրցաշարի առաջատարների խմբում:
2-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝
Կաշլինսկայա-Գապոնենկո՝ 1:0, Սոչկո–Զավադսկա՝ 0,5:0,5, Շեպկովսկա-Հորովսկա-Մայդան-Գաժևսկա՝ 0,5:0,5, Ֆոյշոր –Բուլմագա՝ 0,5:0,5:
2 տուրի հետո 100 տոկոսանոց արդյունքով՝ 2 միավորով միանձնյա առաջատարը Կաշլինսկայայան է: Մկրտչյանն իր ակտիվում 1,5 միավոր է գրանցել ու այժմ Բուլմագայի և Զավադսկայի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը:
Այսօր Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին սկսվող 3-րդ տուրում Լիլիթը սևերով ուժերն է չափելու Յոլանտա Զավադսկայի հետ: Այս տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝ Բուլմագա-Կաշլինսկայա, Մայդան-Գաժևսկա-Ֆոյշոր, Գիրյա-Շեպկովսկա-Հորովսկա, Գապոնենկո-Սոչկո:
Պարտիաների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղումով:
Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերի հանդիպումները կկայանան Վրոցլավի շախմատի ակումբում, իսկ 6-9-րդ տուրերը՝ քաղաքի կենտրոնում գտնվող B &B հյուրանոցում: Հուշամրցաշարում մրցանակային են 1-5-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի 4 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 3 հազար, 3-րդին՝ 2 հազար, 4-րդին՝ 1500, իսկ 5-րդին էլ՝ 1000 զլոտի պարգևավճար: Բացի այդ, նախատեսված է նաև լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակ՝ 500 զլոտի պարգևավճար:
Շրջանաձև մրցակարգով ընթացող հուշամրցաշարում հանգստյան օր նախատեսված չէ: Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:



