Վերջին շրջանում մի քիչ ակտիվ էի շոփինգի առումով, մի երկու բան պիտի գնեի, դրա համար պտտվում էի երևանյան բրենդային խանութներով ու ոչ միայն: Լինելով բավականին դժվարահավան՝ փնտրտուքս մի քիչ երկար տևեց, որը, բնականաբար, ստիպեց տեղեկանալ դրանցից շատերի անցուդարձին: Չեմ նշում խանութի անունը, քանի որ հարցս ոչ թե խանութի հետ է կապված, այլ երևույթի, դրանց սխալ աշխատանքի հետ: Մտնում եմ խանութ, որտեղ ինձ ասում են, որ զեղչ է, կոստյում եմ հավանում ու որոշում գնել, բայց քանի որ այդ օրը հարմար չէր, միանգամից տուն չէի գնալու, ասում եմ՝ թող մնա, վաղը կգամ: Հաջորդ օրը գնում եմ, նույն կոստյումն արդեն մի քանի տասնյակ հազար թանկ, աշխատողներն էլ թե բա` երեկ էր զեղչի չափը մեծ, այսօր էդքան չի: Աշխատողին ասում եմ՝ բա որ ասեցի վաղը կգամ, ինչո՞ւ չզգուշացրիք, ինքն էլ թե բա՝ մեզ մենակ առավոտյան են զգուշացնում զեղչի չափը: Ինչևէ, հազիվ մի բան հավանել էի, գնեցի: Նույն խանութում վերնաշապիկների գները մաքսիումում 10000 դրամ էին, ես ունեմ զեղչի 40 տոկոսանոց քարտ, որն ինքնին մի քիչ անհավանական է, բայց, ինչևէ, ունեմ, ցանկացած ժամանակ ես այդ քարտով ունեմ 40 տոկոս զեղչ: Հիմա տվյալ խանութը մասնակցում է Cosmo գիշերվան ու նույն վերնաշապիկները 17-18 հազար է դարձել: Ի՞նչ է ստացվում: Cosmo գիշեր կոչվող միջոցառումը պարզապես անիմաստ մի բան է դառնում, քանի որ մի քանի օր դրանից առաջ գները բարձրացվել են ու այդ գիշեր անհավանական զեղչեր անելուց հետո դառնալու են էնքան, ինչ սովորական օրերին պիտի լիներ: Ամբողջ աշխարհում Cosmo գիշերներն արվում են հին ապրանքից ազատվելու, ծավալի հաշվին նույն գումարն աշխատելու և այլնի համար, իսկ Հայաստանում ուղղակի դա վերածվում է քաոսի ու անիմաստ վազվզոցի՝ առանց զգալի որևէ տարբերության: Կարծում եմ՝ Cosmo գիշերվա կազմակերպիչները պիտի փորձեն վերահսկել մասնակիցների գնային քաղաքականությունը, որովհետև ինքն իրականում շատ լավ երևույթ է, ու պետք չէ դրա անունը մի քանի անբարեխիղճ խանութի համար գցել: Փորձեք մի բան Հայաստանում կազմակերպել՝ օրինաչափությունների ու ընդունված կարգի համաձայն:
Հ.Գ. Ի դեպ, ես մի խանութի մասին գրեցի, բայց շատերում է էդպես: