Երեկվանից համացանցում տարածվել են Հենրիխ Մխիթարյանի նոր ավտոմեքենայի մասին լուրերը: Այս պատմության մեջ երկու ուրախալի փաստ կա: Նախ, որ Հենոն իսկապես արժանի էր դրան, քանի որ հոյակապ անձնավորություն է, համեստ տղա, բարձրակարգ ֆուտբոլիստ և այդ ամենին հասել է աշխատասիրության, նպատակին ձգտելու և տաղանդի հաշվին և ոչ թե արագաչափեր, տեսախցիկներ տեղադրելու, փողոցների ամեն մի սանտիմետրի վրա կարմիր գծեր քաշելով, գազալցակայաններում թերլիցքավորման և նմանատիպ այլ՝ մարդկային նորմալ ուղեղի մեջ չտեղավորվող, տարատեսակ տմարդի գործունեությունների արդյունքում: Երկրորդ կարևոր փաստն այն է, որ ազգս դրանով դարձավ անճանաչելի... Իրոք եմ ասում: Զարմանալիորեն բոլորի միջից անհետացավ նախանձ կոչված սատանայական բնազդը կամ երևույթը, միգուցե՝ հոգեվիճակը: Եզակի դեպքերից մեկն էր, երբ մարդիկ սրտանց ու անկեղծորեն ուրախացան և ոչ թե բազմիցս լսված «Իմ դարդերը քիչ էին, Հենոն էլ Լամբորջինի առավ» արտահայտությանն արժանացրեցին: Հենոյին մաղթենք, որպեսզի իսկապես բարով վայելի հալալ քրտինքով վաստակած պարգևը, անփորձանք լինի, և սահուն անցում կատարենք ՉԼ-ի խաղային երկրորդ օրվան:
8 խաղեր, որոնցից կենտրոնականը տեղի կունենա «Ստադիո Օլիմպիկո» ստադիոնում: «Բարսելոնան», ինչ խոսք, գերակումբ է, և առաջին հայացքից թվում է, որ այսօր «ճզմելու է» «Ռոմային»: Բայց գայլերի ոհմակն էլ վատը չէ, ու կարծում եմ, որ այսօր իսկապես գեղեցիկ ու լարված խաղ կստացվի, իսկ «Ռոմային» կհաջողվի արժանի տեսք ունենալ ՉԼ-ի գործող գավաթակրի հետ խաղում: Բոլոր խաղերին մանրամասն չանդրադառնամ, բայց մեկ խաղի վրա կանգ առնեմ, քանի որ կարծում եմ՝ այսօրվա անակնկալը պետք է սպասել հենց այս խաղում: Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես մի պահ մտքովս անցկացնում եմ, որ Թել-Ավիվի «Մաքքաբին» այսօր կտխրեցնի «Մոուրինյոյի» տղաներին... Բայց, մյուս կողմից էլ, բոլորը մտածում էին, որ «Յուվենտուսը» կպարտվի, ինչպես Պոգբան էր նշել, «Քաթար Սիթիին», քանի որ Ծեր Սինյորան ծայրահեղ անհաջող էր մեկնարկել Ա Սերիայում... Մի խոսքով՝ գոլառատ ֆուտբոլ, հետաքրքիր ու լարված խաղեր, և, իհարկե, բարի դիտում բոլորիս։